Becoming գիրքը ոչ թե առաջին տիկնոջ, այլ հասարակ կնոջ ու կանացի պարզ երջանկության մասին է

July 22, 2020

Ուժեղ կանանց մասին պատմող գրքերը մեծ կամքի տեր, իմաստուն կանանց ճակատագրերի մասին են, որոնցից կարելի է անվերջ սովորել: Դրանք սովորեցնում են նայել առաջ ու հավատալ երազանքին: Այսպիսին է նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը: Այն Սպիտակ տանն ապրելու ու Բարաք Օբամայի մասին հուշագրություններ չեն. դրանք հուշագրություններ են ինքնաբավ կնոջ մասին, որն ինքնուրույն կառուցել է իր կյանքը, հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ կյանքում ինչ-որ բան ունենալու համար:

Սա պատմություն է իր մանկության մասին, որն անցել է աղքատության մեջ ու մեծ դժվարություններով, ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան:

Նրանք երկու սենյականոց բնակարան էին վարձակալել ու այնտեղ ապրում էի չորսով: Միշելն իր սենյակը կիսում էր եղբոր հետ: Եվ այդ ընթացքում էլ աֆրոամերիկացիների հանդեպ վերաբերմունքը, մեղմ ասած, վատ էր:

Կարծրատիպեր կոտրելու թեման Միշելին կհետևի ամբողջ կյանքի ընթացքում: Դեռ մանկուց նա չէր հարմարվում այն մտքի հետ, որ պետք է բոլորին նման լինի: Երևի հենց դա էլ ձևավորել է նրա բնավորությունը, որը Միշելին պատրաստում էր կյանքի բոլոր ծանր ու դժվար փորձություններին: Երբ Միշելին ասացին, որ իր տեղը Փրինսթոնում չէ, նա բոլորին ապացուցեց, որ իր տեղն այնտեղ է, որտեղ ինքը կորոշի: Հետագայում, դառնալով առաջին տիկին ու բազմաթիվ հանդիպումներ ունենալով ուսանողների հետ, նա բոլորին հավատացնում էր, որ իրենց առջև բաց են բոլոր դռներն ու ոչ ոք իրավունք չունի որևէ մեկի փոխարեն որոշումներ կայացնել, հավատալ կամ չհավատալ երազանքին:

Միշելը մի անգամ հազիվ է զսպել արցունքները, երբ նրան ասել են, որ նա խոսում է սպիտակամորթի նման:  

Միշելն իրեն երբեք չի պատկերացրել տնային տնտեսուհու դերում: Նրա համար կարևոր էր կայանալ որպես անհատականություն: Գիրքը ոչ թե առաջին տիկնոջ, այլ հասարակ կնոջ ու կանացի պարզ երջանկության մասին է: Գիրքն իմաստուն է, ինչպես հերոսուհին: