[ Պատմվածք ] Ռեյ Բրեդբերի. Լիճը

November 18, 2016

Ալիքն ինձ կտրեց աշխարհից, երկնքի թռչուններից, լողափի երեխաներից, ափին կանգնած մայրիկիցս: Մի պահ մենակ կանաչ լռություն էր: Հետո էլի հետ տվեց երկնքին, ավազին ու աղմկոտ երեխաներին: Լճից դուրս եկա, ու աշխարհն ինձ էր սպասում. գնալուցս էս կողմ գրեթե չէր շարժվել: Ափ վազեցի: Մայրիկս փափուկ սրբիչով սրբեց ու ասաց. «Կանգնիր, որ չորանաս»: Կանգնած նայում էի, թե ոնց էր արևը թևիցս ջրի կաթիլները տանում, ու փոխարենը մարմինս փշաքաղվում էր: «Վայ, ի՛նչ քամի է, – ասաց մայրիկս: – Հագնվի՛ր»: «Թող տեսնեմ՝ ոնց եմ փշաքաղվում», – ասացի: «Հա՛րոլդ», – սաստեց մայրիկը: Ես հագնվեցի ու սկսեցի նայել, թե ոնց են ալիքները գալիս ու ափին փշրվում: Ոնց պատահի չէին փշրվում, այլ մի տեսակ ալիքներին հատուկ կանաչ նազանքով: Հարբած մարդն էլ սրանց պես սահուն փուլ չէր գա: Սեպտեմբերն էր: Վերջին օրերը, երբ ամեն ինչ առանց պատճառի տխուր է դառնում: Լողափը երկար էր ու դատարկ՝ հազիվ վեց հոգի մարդ կլիներ: Երեխաներն էլ գնդակ չէին խաղում, որովհետև քամու սուլոցը նրանց էլ էր տխրեցրել, ու նստած զգում էին, թե աշունը ոնց է անծայրածիր ափով իրենց կողմ գալիս: Տաք նրբերշիկ վաճառող կրպակները դեղին տախտակներով մեխած էին, երկար, անհոգ ամռան՝ մանանեխի, սոխի, մսի բույրը զմռսած, ամառը՝ ոնց որ դագաղի մեջ մեխած: Մեկ առ մեկ ամեն ինչ փակվում էր, կողպվում, ու քամին գալիս՝ փարվում էր ավազին, սրբում-տանում էր հուլիս, օգոստոս ամիսների անթիվ, անհամար ոտնահետքերը: Ստացվում էր, որ հիմա, սեպտեմբերին, կոր ափի եզրին իմ ռետինե կոշիկներից ու մի երկու ոտնատեղից բացի ուրիշ հետք չկար: Քամին մայթերն ավազով էր վարագուրել, կարուսելը թաքցրած էր կտավի տակ, ձիերը՝ ատամները բաց, պղնձե երկար ձողերին ընթացքի մեջ քարացած: Նվագի փոխարեն կտավի արանքից քամու սուլոց էր գալիս: Էսպես կանգնած էի: Բոլորրը դպրոցում էին: Ես՝ չէ: Վաղը գնացքը մեզ արևմուտք՝ երկրի հակառակ ծայրն էր տանելու: Մայրիկիս հետ վերջին անգամ, կարճատև, լողափ էինք եկել: Ամայությունից չգիտեմ ինչու ուզեցի մենակ մնալ: «Մայրի՛կ, կլինի՞ ափով մի քիչ վազեմ», – հարցրեցի: «Լավ, բայց չուշանաս ու ջրին մոտ չգնաս»: Ես վազեցի: Ավազը ոտքերիս տակ գալարվում էր, քամին ասես ինձ վեր հաներ: Դուք էլ զգացած կլինեք. ձեռքերը տարածած վազում ես, ու թվում է, թե մատներիցդ թևեր են աճում. քամուց: Մայրիկը մնաց հեռվում  նստած: Շուտով փոքրիկ սև կետ էր դարձել, ու ես մեն-մենակ էի: Տասներկու տարեկանում մենակությունն անսովոր զգացում է: Չորս կողմը միշտ էնքան շատ մարդ կա, որ մենակ մնալու միակ ձևը երևակայության մեջ պատկերացնելն է: Հազար մարդով ես շրջապատված, ու բոլորը ասում են՝ ինչը ոնց անես: Մնում է, որ գոնե մտքումդ լճի ափ վազես, որ կարողանաս ինքդ քո աշխարհում մենակ մնալ: Իսկ հիմա իսկապես մենակ էի: Ջուրը մտա ու թողեցի, որ փորս սառեցնի: Մինչև հիմա ոչ մի անգամ, էդքան մարդու մեջ, չէի համարձակվել էս տեղը գալ ու փնտրել: Ջրի մեջ: Ծանոթ անունը: Բայց հիմա… Ջուրը աճպարարի պես բան է՝ քեզ կսղոցի, երկու կես կանի: Ու կթվա, թե մի կեսդ՝ ներքևինը, շաքարի պես ջրի մեջ հալվում է ու լուծվում, կորչում: Սառը ջուրն ու ժամանակ առ ժամանակ նազանքով զարնվող մի ալիք, որ ժանյակի պես մարմնիդ է փարվում: Անունը կանչեցի: Տասից ավելի անգամ կանչեցի. «Թա՛լլի, Թա՛լլի, ա՛յ Թալլի»: Փոքր ժամանակ իսկապես հավատում ես, թե կանչերիդ պիտի պատասխանեն: Կարծում ես, թե մտածածդ կարող է կատարվել: Մեկ-մեկ հենց այդպես էլ պարզվում է: Թալլիի մասին մտածեցի, թե ոնց անցյալ տարի մայիսին ջուրը մտավ՝ շեկ հյուսիկները մեջքին գցած: Ջուրն էր մտնում ու ծիծաղում, իսկ արևն ընկել էր փոքրիկ, տասներկու տարեկան ուսերին: Ջրի մասին մտածեցի, որ փակվեց ու անշարժացավ, փրկարարի մասին, որ ջուրը գցվեց, Թալլիի մայրիկի մասին, որ բղավում էր ու Թալլիի, որ էլ հետ չեկավ…  Փրկարարը փորձել էր համոզել, որ գա, բայց չէր ստացվել. փրկարարը եկել էր՝ մեծ կոպիտ ձեռքերում ջրիմուռի պատառներ, բայց Թալլին չկար: Էլ դպրոցում դիմացս չէր նստելու, էլ ամռան երեկոները փողոցում գնդակ չէր խաղալու: Շատ հեռու էր գնացել, ու լիճը չէր թողնելու, որ հետ գա: Հիմա եկել էի ու էս միայնակ աշնան օրով, էս անծայրածիր երկնքի տակ, էս անծայրածիր ջրի անծայրածիր երկար ափին վերջին անգամ մենակ կանգնել: Կանչում էի ու կանչում: Թա՛լլի, ա՛յ Թալլի: Քամին, քնքուշ, ականջներս էր շոյում, ինչպես խեցիները կշոյեր, որ շշուկով լցնի: Ջուրը կրծքիս հասավ, գրկեց, հետո իջավ ծնկներիս, վերև, ներքև, էս կողմ, էն կողմ, կրունկներիս տակից սահելով: «Թա՛լլի, ի՞նչ կլինի, հե՛տ արի»: Ընդամենը տասներկու տարեկան էի: Բայց գիտեմ, թե ինչքան էի սիրում: Էն սիրով, որ մարմնի կամ վարքի հետ ոչ մի կապ չունի: Էն սիրով, որ մաքուր է, ոնց որ քամին ու ծովն ու ավազը, որ հավերժ պառկած են կողք կողքի: Էն սիրով, որ լողափին անցկացրած բոլոր տաք, երկար օրերն է, դասարանի բվվոցով լցված դպրոցական խաղաղ օրերը: Էն բոլոր անցած տարիների աշնանային երկար օրերը, որ դպրոցից տուն գնալիս նրա պայուսակն էի տանում: Թա՛լլի: Վերջին անգամ անունը կանչեցի: Դողացի: Զգացի, որ դեմքս թաց է, բայց չգիտեի, թե ոնց էր թրջվել: Ալիքներն էդքան բարձր չէին հասել: Շրջվեցի, դուրս եկա ավազին ու կես ժամ կանգնած՝ ուզում էի, որ մի հայացք, մի նշան, մի փոքրիկ պատառիկ Թալլիին հիշեցնի: Հետո չոքեցի ու ավազից ամրոց սարքեցի, զգույշ, մանրակրկիտ, ոնց որ Թալլին ու ես էինք հաճախ միասին սարքում: Բայց էս անգամ կեսը սարքեցի: Հետո վեր կացա: «Թա՛լլի, թե լսում ես, արի՛, մյուս կեսն էլ դու՛ սարքիր»:  Հետո քայլեցի դեպի հեռավոր կետը, որ մայրիկս էր: Ջուրն առաջ եկավ ու ալիք-ալիք, կամաց-կամաց ավազը սրբեց, դարձրեց առաջվա պես հարթ: Լուռումունջ ափով քայլեցի: Հեռվում մի տեղ կարուսելը կամացուկ զնգաց, բայց ընդամենը քամին էր: Մյուս օրը գնացք նստեցինք ու գնացինք: Գնացքը հիշողություն չունի. շուտով ամեն ինչ մոռացնել է տալիս: Մոռանում ես Իլինոյսի արտերը, մանկությանդ գետերը, կամուրջները, լճերը, հովիտները, տնակները, ցավն ու ուրախությունը: Հարթեցնում, թողնում է հետևում, որ հորիզոնից ցած ընկնեն, կորչեն: Ես մարմինս երկարեցրի, միս ու մկան աճեցրի, միտքս փոխեցի, ավելի հասունը վերցրի, շորերս դեն նետեցի, որովհետև փոքրացել էին, միջինից ավագ դպրոց փոխադրվեցի, հետո քոլեջ: Սակրամենտոյում մի ջահել կին կար: Ինչ-որ ժամանակ ծանոթ էինք, հետո ամուսնացանք: Քսաներկու տարեկանում Արևելքը համարյա մոռացել էի: Մարգրեթն առաջարկեց, որ մեր ուշացած մեղրամիսն էն կողմերում անցկացնենք: Հիշողությունն ու գնացքը, երկուսն էլ երկու ուղղություն ունեն: Գնացքն էլ է կարող տարիներ առաջ մոռացած-գնացածը սրընթաց հետ բերել: Հորիզոնին հայտնվեց Լեյք Բլաֆ քաղաքը՝ տասը հազար բնակչությամբ: Մարգրեթն էնքան անուշիկ էր իր սիրուն նոր  շորով: Ինձ էր նայում, իսկ ես զգում էի, որ հին աշխարհս կլանում, ինձ հին կյանք է տանում: Գնացքը կայարան հասավ, ու մենք, ձեռք-ձեռքի, իրերը վերցրինք ու իջանք: Երկար տարիներն ինչե՜ր են անում մարդկանց դեմքերի, մարմինների հետ: Միասին քաղաքով քայլելիս ոչ մի ծանոթ չտեսա: Արձագանքող դեմքեր տեսա՝ ձորակների արահետներ ու արշավներ արձագանքող: Խնդմնդացող դեմքեր՝ փակված դպրոցներից, տարբեր ճոճոնակների ճոճվող ու օրորվող: Բայց չխոսեցի: Քայլում էի ու նայում, ու էս բոլոր հուշերը մեջս էին կիտվում աշնանը վառելու համար հավաքած տերևների պես: Երկու շաբաթ էստեղ մնացինք ու բոլոր տեղերը միասին էինք գնում: Երջանիկ օրեր էին: Կարծում էի, թե շատ էլ սիրում եմ Մարգրեթին: Համենայն դեպս՝ կարծում էի: Վերջին օրերից մեկն էր, ու էլի միասին ափով զբոսնում էինք: Դեռ էնքան խոր աշուն չէր, որքան շատ տարիներ առաջ էն աշնանային օրը, բայց ամայության առաջին հետքերն արդեն զգացվում էին լողափին: Մարդկանց թիվը պակասել էր, նրբերշիկ վաճառող կրպակների մի մասն արդեն փակ էր՝ տախտակով մեխած, իսկ քամին սովորականի պես մեզ էր սպասում, որ երգի: Ինձ թվաց, թե ուր որ է՝ ավազին նստած մայրիկիս կտեսնեմ: Նորից մենակ մնալու էն հին ցանկությունը զգացի: Բայց չկարողացա ինձ ստիպել, որ Մարգրեթին ասեմ: Ձեռքը բռնած կանգնել ու սպասում էի: Արդեն բավական ուշ էր: Երեխաների մեծ մասը տներն էին գնացել, ու քամոտ արևին արևկող արած ընդամենը մի քանի կին ու տղամարդ էր մնացել: Փրկարարի նավակն ափին մոտեցավ: Փրկարարը դանդաղ, ձեռքին ինչ-որ բան, միջից դուրս եկավ: Ես քարացա: Շունչս պահեցի, ու թվաց, թե շատ փոքր եմ՝ ընդամենը տասներկու տարեկան, պստիկ, աննշան ու վախեցած: Քամին ոռնում էր: Մարգրեթին չէի տեսնում: Մենակ ափն էի տեսնում ու մի գորշ, թեթև պարկ բռնած՝ նավակից դանդաղ դուրս եկող փրկարարին, դեմքը՝ նույնքան գորշ ու կնճռոտ: «Էստեղ մնա, Մարգրեթ», – ասացի: Չգիտեմ՝ ինչու: «Ինչո՞ւ որ»: «Ուղղակի մնա, մի՛ հարցրու…»: Դանդաղ քայլեցի ավազով, մոտեցա փրկարարին: Վրաս նայեց: «Ի՞նչ է», – հարցրեցի: Փրկարարը հայացքը երկար չէր կտրում, բայց բերնից ձայն դուրս չէր գալիս: Գորշ պարկը ցած դրեց, և ջուրը թաց շշուկով փարվեց ու հեռացավ: «Ի՞նչ է», – նորից համառեցի ես: «Տարօրինակ է», – կամացուկ ասաց փրկարարը: Սպասում էի: «Տարօրինակ է, – ասաց շշուկով: – Սրանից տարօրինակ բան չեմ տեսել: Շատ վաղուց է մահացել»: Ես նրա բառերը կրկնեցի, նա գլխով արեց: «Կասեի՝ տասը տարի: Էս տարի էստեղ երեխա չի խեղդվել: 1933-ից մինչև հիմա տասներկու երեխա է խեղդվել, ու բոլորին մի քանի ժամում գտել ենք: Բացի մեկից, հիշու՛մ եմ: Հիմա էս մարմինը. պիտի որ տասը տարի ջրում մնացած լինի: Չէի ասեի, թե… հաճելի է»: Աչքերս ձեռքի գորշ պարկից չէի կտրում: «Բա՛ց արա», – ասացի: Չգիտեմ՝ ինչու: Քամու ձայնն ավելի բարձր էր: Նա սկսեց պարկը քանդել: «Շուտ արա, ա՛յ մարդ, բա՛ց արա», – բղավեցի: «Լավ կլիներ՝ չբացեի», – ասաց: Հետո, երևի, տեսավ արտահայտությունը, որ դեմքս պիտի որ ընդունած լիներ: «Էնքան փոքրիկ աղջիկ էր…», – ասաց: Ու մի ճեղք բացեց: Էդքանն էլ էր բավական: Ափը դատարկ էր: Մենակ երկինքն էր, ու քամին ու ջուրը ու միայնակ մոտեցող աշունը: Նայեցի ցած՝ նրան: Սկսեցի անընդհատ ինչ-որ բան կրկնել: Մի անուն: Փրկարարը վրաս նայեց: «Որտե՞ղ ես գտել», – հարցրեցի: «Էնտեղ, ցածում՝ ծանծաղ ջրի մեջ: Ինչքան ժամանակ է անցել, չէ՞»: «Հա: Տե՛ր Աստված, հա՛»: Մտածեցի՝ մարդիկ մեծանում են: Ես մեծացել եմ: Բայց ինքը չի փոխվել: Դեռ փոքր է: Դեռ երեխա է: Մահը չի թողնի, որ մեծանաս ու փոխվես: Մազերը դեռ ոսկի են: Ու միշտ փոքր կմնա, ու ես էլ միշտ կսիրեմ, Աստվա՛ծ, ախր միշտ կսիրեմ: Փրկարարը պարկի բերանը նորից կապեց: Մի երկու վայրկյանից քայլեցի մենակ, ափի երկայնքով: Հետո կանգնեցի ու գետնին ինչ-որ բանի նայեցի: Փրկարարն էստեղ է գտել, ասացի ինքս ինձ: Էստեղ, ջրի եզրին, ավազից սարքած ամրոց էր. կեսը: Ոնց որ մի ժամանակ  ես ու Թալլին էինք սարքում. մի կեսն ինքը, մի կեսը՝ ես: Նայեցի ավազի ամրոցին, չոքեցի ու փոքրիկ ոտնահետքեր տեսա՝ լճից մոտեցող ու լիճը մտնող ու է՛լ դուրս չեկող: Հիմա… հասկացա: «Կօգնեմ, որ ամրոցը վերջացնես», – ասացի: Ու արեցի: Շատ դանդաղ երկրորդ կեսը սարքեցի, հետո վեր կացա, շրջվեցի ու հեռացա, որ չտեսնեմ, թե ոնց է ալիքներից փուլ գալու, ոնց որ ամեն բան է փլվում:
Ափով քայլեցի, մինչև հասա էն տեղին, ուր Մարգրեթ անունով անծանոթ մի կին ժպտալով ինձ էր սպասում…

Աղբյուրը` Գրանիշ


Նկարազարդումը` Pixar արտիստ Lou Romano-ի