Համաշխարհային նոր բեսթսելլեր Մարկ Մենսոնից. «Գայթակղելու նուրբ արվեստը. Սիրո, սեքսի և սիրախաղի մասին» (թրեյլեր)

September 13, 2021

Newmag-ը ներկայացնում է «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնի 3-րդ գիրքը։ Սիրո, սեքսի, և սիրախաղի մասին նրա «Գայթակղելու նուրբ արվեստը» գիրքը լույս է տեսել դեռ 2011 թվականին. Սա իրականում Մենսոնի առաջին գիրքն է, առաջին փորձը նաև քոոուչինգի ասպարեզում։ Այս գիրքտ լուրջ, ամիսների հետազոտության հանրագումար է, սիրային հարաբերությունների մասին գործնական ուղեցույց։ Հեղինակը միայն խորհուրդներ չի տալիս, նա առաջ է քաշում իրատեսական հիմնավորումներ, կոնկրետ օրինակներով բացատրում, թե որ իրավիճակի համար ինչ լուծում ունի։ Շատ հաճախ դուք կհանդիպեք սեփական փորձով ձեռք բերած եզրահանգումներին, սխալներին ու հաջողություններին։

Ուղիղ 10 տարի առաջ 27-ամյա Մարկ Մենսոնը գրեց «Գայթակղելու նուրբ արվեստը» գիրքը, հրատարակեց և սկսեց վաճառել Amazon-ում և իր կայքում։ Առաջին ամսում հազիվ մի քանի հարյուր օրինակ վաճառվեց. գնորդները հիմնականում նրա բլոգի հետևորդներն էին։ Ամիսներ անց գիրքը համալրեց նոր գլուխներով ու կրկին հրատարակեց։

Այսօր արդեն 37 տարեկան ամերիկացի հեղինակ, բլոգեր և ձեռներեց Մենսոնը, որը Բոստոնի համալսարանում ստացել է ֆինանսիստի կրթություն և 3  բեսթսելլերի հեղինակ է, անկեղծանում է. իր հաջողության բանալին հենց «Գայթակղելու նուրբ արվեստն» է. «Գիրքն սկսեց իր սեփական կյանքով ապրել։ Առանց մարկետինգի, հանրայնացման ու գովազդի, առանց հիմար շապիկի, որը ես էի ֆոտոշոփով կցմցել, իսկ վաճառքի ցուցանիշներն ամեն ամիս աճում էին»։

Այս գրքի նպատակն է օգնելը ստեղծվել առնականության նոր մոդել, կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար։

Հենց ի սկզբանե գրողը որոշել էր՝ գիրքը պետք է ունենա գրավիչ ոճ։ Ժամադրությունների մասին գրեթե բոլոր գրքերը կարդացել էր, չէր հավանել ու հասկացել էր՝ իր աշխատանքը  գաղափարապես տարբերվելու էր, լինելու էր խորիմաստ, ավելի անձնական ու զգացական, իսկ տեքստը նաև պետք է մի քիչ գեղարվեստական երանգ ունենար. «Ուզում էի, որ աչքի զարնող ոճ ունենար։ Գիրքը գրեցի 3 ամսում։ Մեծ մասը գրել եմ Եվրոպայում՝ համեստ հյուրանոցներում ու փոքրիկ բնակարաններում։ Սկզբում Լոնդոն, հետո Բրիսթոլ, Պրահա, Սանկտ Պետերբուրգ ու վերջապես Բուդապեշտ, որտեղ էլ ամբողջությամբ ավարտեցի այն։ Բայց նաև ուզում էի գաղափարներս սփռել աշխարհով և, ի վերջո, իմ հետքը թողնել ժամադրությունների վարպետության ոլորտում»։

Ամիսների ընթացքում գիրքը վիրուսի պես տարածվում էր, հասնում մարդկանց ուղեղները, հետո վարակում մյուսներին։ Գրքի հաջողությունը Մարկ Մենսոնը կապում է հենց իր շրջահայացության հետ։ Գրելու ընթացքում հասկացել էր, որ հաջողելու է, քանի որ աշխատելով աշխարհի տարբեր ծայրերից եկած հարյուրավոր տղաների հետ՝ նկատել էր՝ շատերի կյանքում ժամադրությունը անձնական խնդիրների միայն չնչին մասն է։ Ըստ Մենսոնի, նրանց գերակշիռ մասի խնդիրներն զգացմունքային են՝ արմատապես կապված մտերիմ հարաբերություն սկսելու անկարողունակության հետ։ Դա գալիս է ցածր ինքնագնահատականից, ինչի պատճառը կանանց ուշադրության պակասն է։ Այս գրքի նպատակն է օգնելը ստեղծվել առնականության նոր մոդել, կնոջ հետ հարաբերությունների համար պատասխանատու, գրավիչ ու հաստատակամ տղամարդու նոր կերպար։

Գրքի հիմնական գաղափարները վերաբերում են բոլոր մարդկանց՝ անկախ սեռից, կողմնորոշումից։ Նա ցանկանում է պատանուն ցույց տալ, բացատրել, թե ինչպիսին է 21-րդ դարի գրավիչ, ազնիվ ու հասուն տղամարդը։ Պետք վերանայել հին ստանդարտները՝ պաշտպանի և ապահովողի, զորեղի և դիմացկունի հատկանիշները։ Ըստ Մենսոնի, այժմ պետք է բարձրացնել նշաձողը, ձևավորել ավելի հաճելի ու ցանկալի հատկանիշներ։ Հենց այդ նպատակով էլ սոցիալական հոգեբանություն է ուսումնասիրել, գրավչության տեսություններ կլանել, սեքսուալության հետազոտություններ կարդացել, հաճախել գիշերային ակումբներ, նեյրո-լեզվական ծրագրավորման ու կոգնիտիվ թերապիայի գրքեր թերթել, մասնակցելէ ինքնակատարելագործման սեմինարների։

Մենսոնի ցանկությունն է, որ նորովի դիտարկենք մեր զգացմունքներն ու գործողությունները: «Գայթակղելու նուրբ արվեստը» կսովորեցնի զինվել գաղափարներով ու արժեքներով, որոնք կձևավորեն զգացմունքների այն հիմքը, որի պակասը զգացել է ցանկացած պատանի. «Նախ՝ արևմտյան մշակույթը սոցիալական ու զգացմունքային մեծագույն փոփոխությունների փուլում է։ Առնականության նոր տիպ է ձևավորվում։ Առաջին անգամ է, որ մի ամբողջ սերունդ կամուկացի մեջ է, չի կարողանում ձևակերպել, թե ինչ ասել է՝ տղամարդ, ինչպիսին պետք է լինի նա, ինչպես պետք է իրեն դրսևորի։ Հստակ պատասխան չկա»։

Գիրքը հայերեն է թարգմանել հեռուստալրագրող Ավետիս Հարությունյանը, սա նրա առաջին փորձն է։ «Գայթակղելու նուրբ արվեստի» հեռուստաշնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին ժամը 10։20-ին, Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի շրջանակում։ Գիրքը վաճառքում կհայտնվի հեռուստաշնորհանդեսից հետո։