Մանյունյա. 1990-ականների մանկության ու երեխաների մասին պատմություն, որը դարձավ գիրք-բեսթսելլեր

June 1, 2022

Մանկության պատմություն, որի յուրաքանչյուր դետալն ու նկարագրությունը հարազատ է շատերին, հատկապես 1990-ականների սերնդին: Նարինե Աբգարյանի «‎Մանյունյա» վեպը գերազանցեց հեղինակի բոլոր սպասելիքները: Այն պատմություն է խորհրդահայ գյուղում մեծացած մի աղջնակի մասին, ու դարձել է հետխորհրդային գյուղերում իրենց մանկությունն անցկացրած մարդկանց հավաքական կերպարը:

Նարինե Աբգարյանն իր մանկության, հայրենի գյուղի ու 1990-ականների ջերմ ու տաքուկ բարքերի մասին գրի առավ իր եռամասանոց գրքում, կոչեց «‎Մանյունյա» և այդ հերոսուհու և նրա շուրջը հավաքված կերպարներին դարձրեց հետխորհրդային երկրների ամենասիրելի հերոսուհին. «‎Ես գրել եմ իմ մանկության մասին, բայց, հետաքրքիրն այն է, որ ինձ գրում են նույնիսկ Ուզբեկստանից  ու ասում, որ դա նաև իրենց մանկության մասին է»:  

                                                                          

Նարինե Աբգարյանը գրքում նկարագրում է իր ու տարեկիցների համար երջանիկ ու անհոգ  ժամանակաշրջան, որը, սակայն, իրենց ծնողների աչքերով ու հիշողություններում այնքան գունագեղ չէ. «‎Մայրս ասում է՝ դա քո մանկությունը չէ, դա քո երևակայությունն է, քո մանկության մասին է»:

 

Ըստ Աբգարյանի՝ խորհրդային տարիներին, խորհրդային գյուղի մանկությունն իսկապես այնքան էլ հեշտ չէր, երբ հետհայաց նայում ես այդ ամենին՝ դեֆիցիտ, ռեպրեսիաներ: Մանկությունը երջանիկ է անցել իրենց ծնողների շնորհիվ. «‎Մեր ծնողները հերոսաբար անցել են այդ ամենի միջով ու արել ամեն ինչ, որ մեր մանկությունը երջանիկ անցնի»:  

Գրքի հրատարակվելուց հետո հնչեցին բազմաթիվ քննադատություններ առ այն, որ օգտագործված են այնպիսի բառեր, որոնք այնքան էլ մանկական չեն: Հեղինակը նշում է, որ ի սկզբանե էլ այն չի գրվել որպես մանկական գիրք: Տարիքային սահմանափակումը եղել է 14+. «‎Ինձ գրում էին վրդովված ծնողները՝ ինչպե՞ս ես մանկական գրքում գրել «‎կլիմաքս բառը: Ես ասում եմ, որ դա մանկական գիրք չէ, բայց պարզվում է, որ ամբողջ ընտանիքով, անկախ տարիքից, կարդում են այդ գիրքը: Եթե իմանայի, որ այն մանուկներին էլ է հետաքրքրում, մի փոքր այլ բառապաշար կօգտագործեի‎»:

 Ոչ հեղինակը, ոչ հրատարակիչները չէին կարող պատկերացնել, որ գիրքն այսքան մեծ հաջողություն կունենա ու հետագայում նաև սերիալ կնկարահանվի դրա մոտիվներով: Ինչ վերաբերում է հայերեն թարգմանությանը, Աբգարյանը նշում է, որ դա կրկնակի հաճելի է, քանի որ ամենախիստ ու քննադատող ընթերցողը հենց հայ ընթերցողն է, ու եթե նրան դուր է գալիս, դա նման է տատիկի ու պապիկի գովեստի խոսքերին:   ‎‎‎‎