Որ դեպքում դուք հաստատ կվարակվեք Էբոլայով

October 12, 2014

Աֆրիկայի արևմտյան պետություններում Էբոլայով վարակվել է 7470 մարդ, որոնցից 3431-ը մահվան ելքով: Մահացության շատ դեպքերն, ինչպես նաև ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասի հիվանդանուցում չորեքշաբթի գրանցված Թոմաս Էրիկ Դունկանի դեպքը, սարսափելի ապացույց են, թե վարակը որքան արագ կարող է ոչնչացնել հասարակությունը: ՙՍակայն, կա նաև վախենալու լավ կողմը՚ -հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի ղեկավար Թոմ Ֆրիդենը Դունկանի մահից օրեր առաջ:

Նորմալ է, երբ մարդիկ վախենում են: Էբոլայով հիվանդներին խնամողներն ու բուժաշխատողները պետք է վախենան, - կիրակնօրյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրիդենը:

ՙՄենք ցանկանում ենք, որ վարակի վերահսկման գործընթացում նրանք առողջ հարգանք տածեն ցանկացած ռիսկի հանդեպ: Մենք ուզում ենք, որ վարակի վերահսկման գործում նրանք այդ վախի շնորհիվ դառնան չափազանց բծախնդիր՚: Սակայն, այդ վախը կամ ՙառողջ հարգանքը՚ պետք է պատճառաբանված լինի: Չնայած ԱՄՆ-ում մահացու հիվանդության առկայությանը, միջին ամերիկացու վարակվելու հավանականությունը գրեթե զրո է, ինչպես հանրությանը բազմիցս հավաստիացրել է առողջապահության ղեկավարությունը:
Էբոլայի վարակը չի զարգանում մարդու մարմնից դուրս: Չոր մակերևույթում վարակն ամենաշատը մի քանի ժամվա կյանք ունի:

Սակայն, հեղուկում, ինչպես արյունն է, (ինչի պատճառով պետք է անհանգստանան միայն բուժաշխատողներն ու հիվանդի հարազատները) վարակը կարող է օրերով գոյատևել: Վարակը հիմնականում տարածվում է մարդուց մարդուն, և ոչ առարկաներից մարդուն: Դեռևս մեծ է անհանգստությունն ու տագնապը, թե ինչպես են վարակված հիվանդները տարածում Էբոլան, մասնավորապես այն մարդիկ, որոնք դեռևս չեն գիտակցում, որ գտնվում են ինկուբացիոն շրջանում: