Երևանի կոնյակի գործարանի Ararat թանգարանում տեղի ունեցավ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Հունիսի 29-ին Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում տեղի ունեցավ Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գրքի շնորհանդեսը: Գրական իրադարձությանը ներկա էին դեսպաններ, անվանի հասարակական դեմքեր, մշակութային գործիչներ: Սաթի Սպիվակովան պատմել է բացառիկ դրվագ
Մտքում կոնյակի շշերը նոտաների վերածելով` Սաթի Սպիվակովան Երևանի կոնյակի գործարանում քթի տակ երգում է Առնո Բաբաջանյան: Սաթին խոստովանում է` չնայած ծնվել ու 17 տարի ապրել է Հայաստանում, Երևանի կոնյակի գործարանի թանգարանում երբեք չէր եղել. «Պարզեցի, որ ամուսինս երկու անգամ եղել է այս թանգարանում, իսկ ես առաջին անգամ եմ այստեղ: Սա թանգարան է, որտեղ ինչպես մեկ կաթիլ ջրում արտացոլվում է ծովը, այստեղ էլ արտացոլվում է աշխարհի իդեալական պատկերը։ Այստեղ միավորված են ավանդույթները, մարդը, որը ստեղծագործում է, ունի սիրելու ցանկություն, քնքշություն, առաջ նայելու մղում և հիշողություն»:
Սաթի Սպիվակովան Երևանում է «Իրական դասական» գրքի հայերեն հրատարակչության շնորհանդեսին: Տասը տարի հեռուստաեթերում Սպիվակովան զրուցում էր լեգենդար արվեստագետների հետ: Ամենահետաքրքիր զրույցները, դրվագներն ու դեմքերը դարձել են հուշեր ու «Իրական դասական» հաստափոր գիրք: Թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը մեծ հպարտությամբ է հիշում թանգարանի այն հյուրերին, որոնց մասին հիշատակումներ կան նաև գրքում. ««Իրական դասական» գիրքը միավորում է բոլոր այն արվեստագետներին, որոնք ժամանակին այցելել են թանգարան։ Իրական պատմությունները ձևավորվում են մարդկային անկեղծ զրույցներում»:
Տեֆիի մրցանակակիր Սաթի Սպիվակովայի «Իրական դասական» գիրքը Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով թարգմանել է հայերեն՝ Երևանի կոնյակի գործարանի աջակցությամբ: Երաժշտության աշխարհի հեռուստատեսային բացահայտումներից ու 300-ից ավելի հարցազրույցներից Սաթի Սպիվակովան իր գրքում զետեղել է մի քանի տասնյակը:
«Իրական դասական» գրքի շնորհանդեսից հետո Սպիվակովան պատասխանում է ամենասուր հարցերին՝ իսկ ում է մերժել լինել իր եթերում. «Եղել է, որ մերժել եմ, այո՛, եղել են։ Օրինակ՝ Կոբզոնին էի հրավիրել հարցազրույցի, ինձ ասում էին, բայց նա ի՞նչ դասական: Ես կարծում եմ, որ Կոբզոնը Խորհրդային միության դասականներից է: Կամ Լարիսա Դոլինան։ Ոչ թե որպես՝ «Տան եղանակը» հիթի կատարող, այլ երգչուհի, որը դասական ջազային երաժշտության կատարող է»:
Մայա Պլիսեցկայա, Ռոդիոն Շչեդրին, Տատյանա Չեռնիգովսկայա, Ֆանի Արդան, Վալենտին Գաֆտ, Սերգեյ Յուրսկի, Անդրեյ Կոնչալովսկի, Շառլ Ազնավուր... Գրքում, թե կյանքում Սաթի Սպիվակովան միշտ է նրանց՝ դասականների հետ: Բուռն ծափահարությունների տակ բարձրանում է բեմ ու խոսում իր ամենասիրելի ու վերջին դերերից մեկի մասին՝ ինչպե՞ս որոշեց մարմնավորել Մարիա Կալասին՝ «Դեղձանիկ» ներկայացման մեջ. «Ես հասկացա, որ Մարիա Կալասի դժբախտությունն այն էր, որ կար Մարիա ու կար Կալաս։ Տգեղ, չսիրված, մոր քնքշանք չստացած, բարդույթներով, ներքին միայնությամբ այդ աղջիկը՝ Մարիան, դարձավ աստվածուհի, համաշխարհային հայտնի Կալասը: Այդ երկու կանայք պայքարում էին նրա ներսում։ Նա հանուն սիրո հրաժարվեց երգելուց ու տառապեց»:
Տոտալ լոքդաունի ժամանակ, երբ ամուսինը՝ Վլադիմիր Սպիվակովը, տանն անընդհատ նվագում էր, Սաթի Սպիվակովան՝ երաժշտության ու արվեստի մասին զրույցներն էր հավաքում մեկ գրքում: Տարիների կուտակածը, սիրված հարցազրույցները, ամենատպավորիչ զրույցները Newmag հրատարակչությունը ներկայացնում է հայերեն՝ «Իրական դասական» գրքում: