Նոր փոթորկի սպասումո՞վ. Դմիտրի Տրենինի հոդվածը՝ «Փոթորիկ Կովկասում» գրքում

September 20, 2023

Մոսկվայի «Կարնեգի» կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը դեռ երկու տարի առաջ «Փոթորիկ Կովկասում» գրքում կանխատեսել էր՝ Ադրբեջանը ձգտելու էր վերականգնել իր ամբողջական ու վերջնական վերահսկողությունը ԼՂՀ-ում։ Տրենինն այս մասին գրել է «Վերջաբան. նոր փոթորկի սպասումո՞վ» աշխատանքում, որը լույս է տեսել Ռուսլան Պոխովի խմբագրությամբ «Փոթորիկ Կովկասում» աշխատությունում։ Այն նվիրված է 44-օրյա պատերազմին. աշխատության հեղինակներն իրենց հետազոտություններում քննում են հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքն ու հետևանքները։

44-օր տևած Ղարաբաղյան պատերազմը, որը բռնկվեց 2020-ի աշնանը, շրջադարձային էր ոչ միայն դրա մասնակիցների՝ Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Այն փոխեց ուժերի քաղաքական ու ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում, նպաստեց Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային տերության հետագա վերելքին, ուրվագծեց Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության իրական սահմանները և ԱՄՆ ու ԵՄ երկրների իրական հետաքրքրության աստիճանը հետխորհրդային տարածքի այս հատվածում։

Անօդաչու թռչող սարքերի ու թևածող զինամթերքի միջոցով Ադրբեջանի օդային գերակայության ձեռքբերումը ոչ միայն պատերազմի ելքը կանխորոշող հիմնական գործոններից էր, այլև նման մասշտաբի զինված հակամարտություններում ռազմարվեստի զարգացման կարապետը։  

Հաշվի առնելով, թե որքան արագ ու հզոր  կերպով վերսկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը 26 տարվա սառեցումից հետո՝ Լեռնային Ղարաբաղում ներկա վիճակը չի կարելի կայուն համարել։ Իսկ եթե այդպես է, ուրեմն, պետք է ոչ միայն դասեր քաղել վերջին պատերազմից, այլև հետևել դրա թողած դինամիկային։

Նախևառաջ պետք է ելնել նրանից, որ զինված հակամարտության արդյունքները, ցնցելով պարտվածներին ու խորը վերք պատճառելով նրանց, լիովին չբավարարեցին նաև հաղթողներին։ Հայերի ռևանշի հնարավորությունները տեսանելի ապագայում չեն երևում, իսկ Ադրբեջանը ձգտելու է վերականգնել իր ամբողջական և վերջնական վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի վրա։  

Տարածաշրջանում ներկայիս ստատուս քվոն ի սկզբանե անկայուն է։ Ռուսաստանի նախկին խաղադրույքը դաշնակից Հայաստանի և գործընկեր Ադրբեջանի միջև երկարաժամկետ հավասարակշռության պահպանման վրա՝ արբիտրի իր դերի պահպանման գոտում, որը վերահսկում է իրավիճակը հակամարտության գոտում, իրատեսական չէ։ Մոսկվայի միջնորդությունը 1994-ի հրադադարը տևեց ավելի քան քառորդ դար, բայց, ի վերջո, այն չխանգարեց նոր պատերազմին։ Լեռնային Ղարաբաղի ավերակների վրա նման բան վերակառուցելն անիմաստ է։ 

Կարդացեք նաև