44-օրյա պատերազմի պատճառների ու մեղավորների վերաբերյալ մասնագիտական վերլուծություններ՝ «Փոթորիկ Կովկասում» գրքում (տեսանյութ)

August 19, 2022

Newmag-ի հրատարակած «Փոթորիկ Կովկասում» գրքում զետեղված են հայ և ռուս փորձագետների վերլուծական նյութերը հայ-ադրբեջանական զինված հակամարտության վերաբերյալ: Առանձին անդրադարձ կա Հայաստանի ղեկավարության քայլերին, որոնք չկատարվեցին և որոնց վերաբերող հարցերը դեռ հնչում են։ Գրքում մասնագետները ներկայացնում են 44-օրյա պատերազմից մնացած բազմաթիվ անպատասխան հարցեր:

Պատերազմի ավարտի առաջին վայրկյաններից Հայաստանն ուներ ժամանակային 4 եզրագիծ՝  հաղթահարել պարտության առաջին ամիսը, առաջին տարին, օգտագործել խաղաղապահների հետ 5 տարին, և ամենակարևորը՝ 20 տարվա հորիզոնն է: Այն, ինչ կանի Հայաստանն առաջիկա 20 տարում, կորոշի ամեն ինչ Արցախի և Հայաստանի համար. ընդգծում է սոցիոլոգ, հրապարակախոս, գրքի հեղինակներից Գեորգի Դերլուգյանը. «Այդ ժամանակ ես ութսուն տարեկան կլինեմ: Դեռ կլինեմ, հուսով եմ, և ուզում եմ այդ ամենը տեսնել»:

Ըստ Գեորգի Դերլուգյանի, «Փոթորիկ Կովկասում» գրքի հեղինակները որոշ ամենասկզբունքային հարցերում համակարծիք են, նույն մոտեցումով և սթափ հեռատեսությամբ. «Ուղղակի անհավանական է, հնարավոր չէ, դժվար է պատկերացնել, թե հաջորդ պատերազմը չի լինելու և այդ պատերազմի արդյունքում, ինչպես ասում է Պուխովը, սահմանն ամենայն հավանականությամբ անցնելու է Ջերմուկի հատվածով»:

Հայաստանը պետք է պատրաստ լինի այնպես, ինչպես պատրաստ չէր երկու տարի առաջ: Պատերազմի առաջին օրերին Ադրբեջանը Կանխատեսելի հաջողություն ունեցավ միայն հարավում: Եվ իրական հաջողությունը սկսվեց պատերազմի 5-րդ կամ 6-րդ օրը, երբ գործին, ըստ գրքի համահեղինակ Անտոն Լավրովի, գործին հիմնավորապես խառնվեց Թուրքիան. «Զորքերի ցամաքային ղեկավարումը ևս փոխանցվել էր թուրքերի անմիջական հրամանատարությանը. Արդյունքն ուշանալ չտվեց»:

                                                 

Բոլորը կենրտոնացել են անօդաչուների վրա և դա հանգեցրել է դրանց մասին պարզունակ պատկերացումների տարածմանը։ Լեոնիդ Ներսիսյանը և Մարկ Քազալեթը գրքում բացատրում են անօդաչուների իրական ներուժը. «Թեև այս համակարգերը, անկասկած, որոշիչ դեր են խաղացել իրենց վերապահված խնդիրների կատարման գործում, դրանք հեղափոխական նոր վտանգ չէին ներկայացնում. նման արդյունքների կարելի էր հասնել նաև մեծ և ժամանակակից օդաչուավոր ավիացիայով, թեև ոչ այսքան ցածր գնով»:

Իրականում ինչ հարաբերությունների մեջ է ամեն առիթով ջերմորեն ողջագուրվող Էրդողան-Ալիև զույգը: Քաղաքականապես իսլամացող Թուրքիա, որտեղ ավելի շատ կանանց գլխին է հայտնվում գլխաշոր և Ադրբեջան, որն աշխարհիկ է՝ առաջին հերթին Ալիևի տիկնոջ առաջին փոխնախագահի պաշտոնով և զգեստապահարանով:

Եվ վերջապես, ինչպես Ռուսաստանը պարտվեց ղարաբաղյան պատերազմում  և ինչ հետևանք է դա ունենալու բոլորի համար՝ սկսած Մոսկվայից: Գրքում ռուս մասնագետներն այս հարցը քննում են բոլոր տեսանկյուններով և գրում՝ 2020-ի Ղարաբաղի սցենարին Կիևում նայեցին որպես հաջող օրինակ Դոնբասի համար:

Կարդացեք նաև