Պարտության պատճառները` գրախոսական էսսե. Արման Գրիգորյան (Լիհայի համալսարան, ԱՄՆ)

April 11, 2023

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտն ու դրա աղետալի ելքն ամրագրվեցին 2020-ի նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով, ինչը հայ հասարակության համար մեծ ցնցում էր: Պարտությունները միշտ էլ ցնցող են որևէ հասարակության համար, բայց այս մեկն առանձնանում էր այն ահռելի անջրպետով, որ գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների սպասելիքների ու պատերազմի ելքի միջև: Այդ պատերազմի ելքն ի ցույց դրեց մի շարք առասպելների բացարձակ սնանկությունը, առասպելներ, որոնք արմատավորվել էին առնվազն 1998-ից, երբ Հայաստանում իշխանության եկան ոչմիթիզականները: Ժողովրդին օրուգիշեր համոզել էին, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ռազմական կառույցն էր, որ Ղարաբաղի պաշտպանությունն անճեղքելի էր, որ Ադրբեջանի ռեսուրսային առավելությունները քիչ նշանակություն ունեին, քանի որ կոռուպցիան խժռում էր այդ ռեսուրսների մեծ մասը, որ ադրբեջանցիները չունեին անհրաժեշտ մարտական ոգին ու հմտությունները։ Համոզել էին նաև, որ եթե նույնիսկ այդ հաշվարկները սխալ դուրս գան, Հայաստանն ու Ղարաբաղը միշտ կարող էին ապավինել Ռուսաստանի աջակցությանը:[2] 2020 թ.-ի պատերազմը ցույց տվեց թե որքան հիմնազուրկ էր այս առասպելներից յուրաքանչյուրը:

Փոթորիկ Կովկասում, Ռուսլան Պուխով` խմբ., Կարեն Հարությունյան` թարգմ. (Երևան, Հայաստան, Newmag, 2022)[1]

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտն ու դրա աղետալի ելքն ամրագրվեցին 2020-ի նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրով, ինչը հայ հասարակության համար մեծ ցնցում էր: Պարտությունները միշտ էլ ցնցող են որևէ հասարակության համար, բայց այս մեկն առանձնանում էր այն ահռելի անջրպետով, որ գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների սպասելիքների ու պատերազմի ելքի միջև: Այդ պատերազմի ելքն ի ցույց դրեց մի շարք առասպելների բացարձակ սնանկությունը, առասպելներ, որոնք արմատավորվել էին առնվազն 1998-ից, երբ Հայաստանում իշխանության եկան ոչմիթիզականները: Ժողովրդին օրուգիշեր համոզել էին, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենամարտունակ ռազմական կառույցն էր, որ Ղարաբաղի պաշտպանությունն անճեղքելի էր, որ Ադրբեջանի ռեսուրսային առավելությունները քիչ նշանակություն ունեին, քանի որ կոռուպցիան խժռում էր այդ ռեսուրսների մեծ մասը, որ ադրբեջանցիները չունեին անհրաժեշտ մարտական ոգին ու հմտությունները։ Համոզել էին նաև, որ եթե նույնիսկ այդ հաշվարկները սխալ դուրս գան, Հայաստանն ու Ղարաբաղը միշտ կարող էին ապավինել Ռուսաստանի աջակցությանը:[2] 2020 թ.-ի պատերազմը ցույց տվեց թե որքան հիմնազուրկ էր այս առասպելներից յուրաքանչյուրը:

Թե իրականում որքան հիմնազուրկ էին այդ առասպելները, և որքան հեշտ կանխատեսելի էին պատերազմն ու դրա ելքը, կարելի է տեսնել Փոթորիկ Կովկասում վերնագրված էսսեների ժողովածուում, որը նախ հրատարակվել էր 2021 թ.-ին  Մոսկվայում` Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի հովանու ներքո, իսկ այնուհետև թարգմանվել և հայերեն հրատարակվել Հայաստանում` 2022 թ.-ին: Դա Հայաստանի պարտության պատճառների` մինչ օրս առկա ամենահամապարփակ քննարկումն է` բաղկացած հիմնականում երկու գերակայող թեմաներ արծարծող տասը էսսեներից: Այդ թեմաներն են` դիվանագիտական միջավայրի փոփոխությունները, որոնք ապակայունացրեցին ստատուս քվոն, և թե ինչ բացահայտեց ռազմադաշտը` պատերազմին Հայաստանի և Ադրբեջանի համեմատական պատրաստվածության մասին:

Առաջին թեմայի համատեքստում քննարկված ամենակարևոր հարցը վերաբերում է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության արմատական փոխակերպմանը, ինչպես նաև պատերազմին նրա նշանակալի մասնակցությանը` զուգակցված  Ռուսաստանի կողմից դա կանխել չկարողանալու կամ չցանկանալու հանգամանքով:  «2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Անկարայի աննախադեպ ռազմաքաղաքական միջամտությունը կտրուկ բարձրացրեց նրա նշանակությունը Անդրկովկասի գործընթացներում»,- գրում է Սերգեյ Մարկեդոնովը, և հավելում. «Տարածաշրջանում Մոսկվայի աշխարհաքաղաքական առաջնորդությանը վճռական մարտահրավեր  է նետվել»։[3] Հարավային Կովկասում փոփոխություններ կրած աշխարհաքաղաքական միջավայրի մասին իրենց էսսեում Սերգեյ Մակիենկոն և Ռուսլան Պուխովը գրում են. «Դա ԽՍՀՄ փլուզումից ի վեր հետխորհրդային տարածքում արտաքին ռազմական ուժի ներխուժման առաջին և եզակի դեպքն էր: Ընդ որում, Մոսկվան, որն ավանդաբար խիստ էր արձագանքում նախկին Խորհրդային Միության տարածքում արևմտյան երկրների միջամտության որևէ ստվերի անգամ, տվյալ դեպքում նախընտրեց չնկատել թուրքական ուղղակի ռազմական ներխուժումը»։[4] Մի քանի պարբերություն հետո նրանք շարունակում են. «Արդյունքում Մոսկվայի ընդհանուր ազդեցությունը Կովկասում նվազել է, և ընդհակառակը` բարձրացել է Անկարայի հաջողակ և կռվարար հեղինակությունը, ընդ որում` ոչ միայն Կովկասում, այլև Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում»:[5]

Հայտնի ռուս վերլուծաբան Դմիտրի Տրենինն այդ փաստարկմանը հաջակցություն գրում է, որ պատերազմն ընդգծեց տարածաշրջանում Թուրքիայի բարելավված ուժային դիրքերը և միաժամանակ «ուրվագծեց Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության իրական սահմանները»։[6] Կուռ տրամաբանական կառուցվածքից զուրկ ու թեմայից թեմա դեգերող իր էսսեում, որտեղ քննարկվում է ամեն բան` վառոդի գյուտի հետևանքներից մինչև արդիականության դարաշրջանի էությունը, Գեորգի Դերլուգյանը ևս (կարծես թե) պնդում է, որ աշխարհաքաղաքական այդ փոփոխությունն ինչ-որ կերպ կապված էր պատերազմի և 2020 թ.-ի պարտության հետ։[7]

Տարբեր հեղինակների` այդ մասնավոր խնդրին անդրադարձներում հեշտ տեսանելի մի տարբերություն կա: Մինչդեռ նրանցից շատերն ընդգծում են, որ պատերազմում Թուրքիայի դերը հետևանք էր ուժային հավասարակշռության փոփոխության, Մակիենկոն և Պուխովը հակված են մտածելու, որ դա Մոսկվայի անհեռատեսության հետևանքն էր: Հետաքրքիր է, որ երրորդ տարբերակը, որն, ըստ իս, ամենահավանականն է, չի քննարկվում հեղինակներից և ոչ մեկի կողմից: Այն է` թուրքական և ռուսական ղեկավարությունների համաձայնեցված քաղաքականության հավանականությունը: Այս վարկածը տեղավորվում է Ռուսաստանի` արևմտյան դաշինքում ճեղքեր գտնելու ու շահարկելու ռազմավարության տրամաբանության մեջ, քանի որ այն ենթադրում էր Թուրքիայի հետ մերձեցում և որոշակի զիջումներ, ինչն էլ, իր հերթին, նշանակում էր հանդուրժողականություն Հարավային Կովկասում վերջինիս հետզհետե ավելի հավակնոտ վարքագծի նկատմամբ:[8]

Այստեղ, սակայն, փոքրիկ նկատառում է պետք ավելացնել: Հայաստանյան վերլուծաբանների,  մասնավորապես` Փաշինյանի կառավարության աջակիցների շրջանում գերիշխող է դարձել այն տեսակետը, թե պատերազմը ռուսական դավաճանության, ռուս-թուրքական դավադրության հետևանք էր, որի արդյունքում Հայաստանն ու Ղարաբաղը «ծախվեցին»: Ես չեմ կիսում այդ տեսակետը: Ռուսաստանը 1994 թ.-ի զինադադարով ստեղծված ստատուս-քվոն պաշտպանելու ո՛չ ֆորմալ, ո՛չ էլ ոչ ֆորմալ պարտավորություն կամ շահագրգռություն չուներ: Դա կարող էր վանել Թուրքիային և մեծացնել Ադրբեջանի` Ուկրաինայի և Վրաստանի օրինակներին հետևելու հավանականությունը: Բայց դա Հայաստանն ու Ղարաբաղն ամբողջապես լքել չէր նշանակում, ինչը նույնպես չէր բխում Ռուսաստանի շահերից: Ուստի ռուսները հստակեցրել էին իրենց աջակցության սահմաններն ու պարամետրերը, ինչն արտացոլված էր, այսպես կոչված, Լավրովի պլանում:[9] Հայաստանն, ըստ էության, մերժեց այդ առաջարկները, ինչն էլ հանգեցրեց այն բանին, որ Ռուսաստանը չզսպեց Ադրբեջանին և Թուրքիային: Այլ կերպ ասած` Հայաստանն այս գործընթացի պարզ օբյեկտը չէր։ Հայաստանի կառավարության որոշումներից որոշակիորեն կախված էր` հակամարտությունը կլուծվի բանակցային սեղանի շո՞ւրջ, թե՞ ռազմադաշտում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն պահպանեց տարածաշրջանում իր առաջատար դերը` հանդես գալով որպես հրադադարի միջնորդ ու տեղակայելով իր խաղաղապահ ուժերը: Այսպիսի պնդում է անում նաև Մարկեդոնովը` գրելով. «Միևնույն ժամանակ, Թուրքիայի ղեկավարությանը չի հաջողվել խաղաղ կարգավորման ձևաչափի արմատական վերափոխում իրականացնել` թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների լիակատար սառեցմամբ, թե՛ համակարտության կարգավորման գործընթացից նրա լիակատար դուրսմղմամբ։ Թուրքիային նաև չհաջողվեց դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում գլխավոր միջնորդը. այդ դերը մնաց Ռուսաստանին: Այդ դերը վերապահված էր Ռուսաստանին, ինչպես, ի դեպ, Ղարաբաղյան հողում խաղաղապահ գործողություն իրականացնելու մենաշնորհը»։[10]

Երկրորդ հիմնական թեման վերաբերում է մարտի դաշտում տեղի ունեցածին, մասնավորապես` թե ինչ բացահայտեց մարտի դաշտը Հայաստանի և Ադրբեջանի ռազմական կարողությունների հարաբերակցության մասին, ու թե որքանով էին կողմերը պատրաստված (կամ անպատրաստ) պատերազմին: Հայաստանի վճռական պարտության ամենաակնառու պատճառն, անշուշտ, կարողությունների միջև գոյություն ունեցող ճեղքն էր: Ադրբեջանն ավելի մեծ քանակությամբ ու ավելի բարձրակարգ զինամթերք ուներ, որը կարողացել էր ձեռք բերել իր նյութական ռեսուրսների հսկայական առավելության շնորհիվ:[11] Որոշ հոդվածներում մատնանշվում է, սակայն, որ ռազմադաշտում Հայաստանի և Ադրբեջանի հաջողությունները կախված էին նաև այն հանգամանքից, թե ինչպես էին հակամարտող կողմերն օգտագործել իրենց ռեսուրսները, հատկապես ինչ կարողություններ էին ձեռք բերել և ինչպես էին պատրաստվել պատերազմին: Ըստ այդ հեղինակների` հայկական կողմը համարժեք չէր պատրաստվել պատերազմին անգամ հաշվի առնելով երկրի տրամադրության տակ առկա ռեսուրսների սղությունը, մինչդեռ Ադրբեջանն իր ռեսուրսներն ավելի խելամիտ կերպով էր օգտագործել:

Ադրբեջանի ամենախելամիտ որոշումներից մեկն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և թևածող զինամթերքի (loitering munitions) արսենալի ձեռքբերումն էր, ինչը որոշիչ դեր խաղաց 2020-ի պատերազմում: Այս համեմատաբար մատչելի և արդյունավետ տեխնոլոգիաներն Ադրբեջանին հնարավորություն տվեցին գրեթե լիակատար օդային առավելություն ստանալ, ինչը նրանց հաղթանակի գրավականը դարձավ: Դրա շնորհիվ չեզոքացվեց հայկական կողմի հիմնական առավելությունը` տեղանքը, որը հեշտ պաշտպանելի էր հետևակի ու զրահատեխնիկայի ճակատային հարձակման պարագայում, հայկական ստորաբաժանումներին խոցելի դարձնելով օդային դիպուկ հարվածներին։ Դա ադրբեջանական գլխավոր շտաբին նաև հնարավորություն տվեց ռազմադաշտի մարտավարական գործողությունների մասին լիովին իրազեկված լինել, քանի որ ԱԹՍ-ները ոչ միայն ուղիղ կրակային գործառույթ ունեն, այլ նաև` հետախուզական: Ադրբեջանի կողմից օդային լիակատար վերահսկողությունը նաև խոչընդոտ հանդիսացավ հայկական կողմի մարտական իրազեկության ապահովման համար` հնարավորություն չտալով արագ և ադեկվատ կերպով արձագանքելու հակառակորդի գործողություններին:

Ինչպես Լեոնիդ Ներսիսյանն ու Մարկ Կազալետն են նշում իրենց հոդվածում, սակայն, օդային լիակատար գերազանցությունը հնարավոր էր ոչ թե այն բանի շնորհիվ, որ այս տեխնոլոգիան անհակազդելի է, այլ այն պատճառով, որ հայկական ՀՕՊ համակարգերը, որոնք շատ արագ չեզոքացվեցին, հնացած էին և պիտանի չէին առկա մարտահրավերի համար:[12] Հայկական կողմն, ըստ էության, չէր կարողացել կանխատեսել ռազմադաշտի մարտավարական բնույթը, որը պայմանավորված էր այդ նոր տեխնոլոգիայով: Նրանք շարունակում էին կարծել, որ ավանդական ամրություններն ու խրամատները` զուգակցված տեղանքի ընձեռած առավելությունների հետ, բավարար կլինեն: Պատերազմը ցույց տվեց, թե որքան հնացած էր այդ մտածողությունը նոր տեխնոլոգիական միջավայրում։[13] Ժողովածուի մեջ զետեղված մեկ այլ հոդվածի հեղինակ Դուգլաս Բարրին պնդում է, որ նոր տեխնոլոգիայով պայմանավորված մարտավարական միջավայրը կանխատեսելու ձախողում էր նաև այն, որ հայկական կողմը ոչ միայն անհրաժեշտ ակտիվ հակաօդային պաշտպանություն չուներ, այլև բավարար ուշադրություն չէր դարձրել հակազդեցության այլ միջոցների, մասնավորապես ապակենտրոնացմանն ու քողարկմանը։[14]

Այսօրինակ ձախողումները հատկապես տարակուսելի են ինֆորմացիայի առատության լույսի ներքո, ինչը Հայաստանի գլխավոր շտաբին և ռազմական հետախուզությանը պետք է հնարավորություն տար որոշակի փոփոխություններ առաջարկել և իրագործել: Հայկական պաշտպանական համակարգերի անբավարար լինելու մասին առաջին վկայությունը  2016-ի ապրիլին Ադրբեջանի հետ բախումն էր: Այդ բախումից անմիջապես հետո Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հարցազրույց տվեց և բավականին ճշգրիտ ներկայացրեց հայկական կողմի խոցելիության պատկերը, այդ թվում՝ օդում Ադրբեջանի առավելությունից բխող խոցելիությունները։[15]Բարրին հիշատակում է նաև  Թուրքիայի կողմից Սիրիայում և Լիբիայում անօդաչու թռչող սարքերի և թևածող զինամթերքի արդյունավետ կիրառումը։[16] Որևէ փաստ չկա, որ այդ իրադարձություններն ստիպեցին քայլեր ձեռնարկել Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության կառուցվածքում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ուղղությամբ։

Շատ հետաքրքիր է Անտոն Լավրովի հոդվածը: Ի լրումն ադրբեջանական օպերացիայի մանրակրկիտ վերլուծության, հեղինակը մանրամասներ է ներկայացնում, թե որքան լավ էր Ադրբեջանը պատրաստվել պատերազմին թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական առումներով՝ հակադրելով դա հայկական կողմի պատրաստվածության և որոշումների կայացման ցաքուցրիվ բնույթին: Այդ փաստը հատկապես տարակուսելի է, եթե հաշվի առնենք Ադրբեջանի հետ չլուծված հակամարտության մեջ լինելու հանգամանքը, Ադրբեջանի մտադրությունների թափանցիկությունը և պատերազմին նախորդող ամիսների ընթացքում լարվածության սրընթաց աճը։ Լավրովը գրում է. «Չնայած Ադրբեջանի ակնհայտ վճռական մտադրություններին, Հայաստանը տատանվում էր ռազմական հակազդման հարցում: Պատերազմի առաջին օրը 18-55 տարեկան տղամարդկանց արգելվեց հեռանալ երկրից։ Բայց համընդհանուր զորահավաք այդպես էլ չհայտարարվեց, ոչ էլ որոշում կայացվեց Լեռնային Ղարաբաղ բացահայտ մտցնել  հայկական կանոնավոր բանակի մեծաքանակ ուժեր։ Ի սկզբանե Հայաստանի ղեկավարությունը փորձում էր կիսատ-պռատ քայլերով դուրս գալ իրավիճակից` ըստ երևույթին հուսալով, որ ԼՂՀ ուժերը կհաղթահարեն մարտերի հիմնական ծանրությունը»։[17]

Լավրովի հոդվածում բավականին ուշագրավ է մեկ այլ բան ևս. չնայած համեմատաբար արագ և վճռական պարտության ստեղծած ընդհանուր տպավորությանը, հայկական ուժերն իրականում սպասվածից ավելի լավ էին դրսևորել իրենց ` հաշվի առնելով թե՛ մարդուժի ու զինտեխնիկայի քանակական առավելությունը, որ ուներ հակառակորդը, թե՛ հակառակորդի տրամադրության տակ գտնվող զենքերի տեխնոլոգիական գերազանցությունը։ Նրանց հաջողվել էր մի քանի օր շարունակ կանխել ճեղքումը ադրբեջանական հարձակման ծանրության կենտրոնի ուղղությամբ` մեծ կորուստներ պատճառելով վերջինիս։ Պարտությունն, այլ կերպ ասած, մարտավարական ու օպերատիվ կառավարման վատ որակի հետևանք չէր։ Դա հետևանք էր Հայաստանի և Ադրբեջանի կարողությունների միջև առաջացած մեծ ճեղքի հետևանքները ճիշտ գնահատած չլինելու, ինչպես նաև այդ իրողությանը չհարմարեցված դիվանագիտության: Իհարկե, քաղաքական ղեկավարության կոնկրետ որոշումները, ինչպես նաև ռազմական ղեկավարության նախկինում կայացված որոշումները, որոնք ձևավորել էին հայկական զինված ուժերի կարծրացած ու երևակայությունից զուրկ դոկտրինը, նույնպես պատասխանատու էին պարտության համար:[18]

Ինչո՞վ են բացատրվում այս ձախողումները: Ինչո՞վ է բացատրվում պատերազմը կամ ռազմադաշտի հավանական բնույթը կանխատեսելու անկարողությունը, ինչպես նաև, թե ինչ մակարդակի դիվանագիտական աջակցության վրա Հայաստանը կարող էր հույս դնել: Ժողովածուի մեջ ընդգրկված միակ հոդվածը, որ փորձ է անում այս հարցադրումներին պատասխանել` Ալեքսանդր Իսկանդարյանի հոդվածն է։ Նա հետևյալ պատասխաններն է առաջարկում. 1) հետխորհրդային տարածքի և Մերձավոր Արևելքի հարցերով վերլուծաբանների միջև խզված կապ, 2) մարդիկ անսխալական չեն։[19] Սրանք, ցավոք, բավարար պատասխաններ համարվել չեն կարող։ Իրականում, այս հարցադրումների նկատմամբ լուրջ և ընդգրկուն վերաբերմունքի բացակայությունն այս` այլապես օգտակար ու ինֆորմատիվ ժողովածուի ամենացցուն թերությունն է:

2020-ի պատերազմը պարզ սխալականության հետևանք չէր, ոչ էլ այն բանի, որ տարբեր փորձագետների չէր հաջողվել խոսել միմյանց հետ։ Դա, ըստ էության, նաև զուտ ռազմական ձախողում չէր: Նախևառաջ այն դիվանագիտության ձախողում էր։ Մասնավորապես, դա հետևանքն էր մի դիվանագիտական վարքագծի, որը լիովին անհաղորդ էր ուժերի հարաբերակցության որևէ ռացիոնալ գնահատման, ինչպես նաև միջազգային միջավայրի պարտադրած սահմանափակումների: Այդօրինակ անհաղորդությունը կարելի է ինչ-որ իմաստով իբրև սխալ բնութագրել, սակայն նման բովանդակությունից զուրկ նկարագրությունն առաջացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխանում է դրանց: Հայաստանի հեղափոխական իշխանությունն իրականում գիտակցաբար և միտումնավոր որդեգրեց նման ագրեսիվ կեցվածք՝ հիմնվելով որոշակի փիլիսոփայական աշխարհայացքի վրա, որը խարսխված էր իղձերի, ոչ թե կարողությունների վրա, որը ֆետիշացնում էր նպատակներին հասնելու կամքը` արհամարհելով սահմանափակումները, և որը շփոթում էր սեփական դատի արդար լինելու մասին հայտարարությունները դիվանագիտական աշխատանքի հետ։ Այդ իշխանությունը փաստորեն լքեց բանակցային գործընթացը` պնդելով, որ 1) Ղարաբաղը պետք է բանակցային կողմ դառնա, 2) Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է դրվի սեղանին, որպեսզի Հայաստանը վերադառնա բանակցություններին:

Կարելի է պնդել, ինչպես շատերն են պնդել, որ դրանք օրինական և ողջամիտ պահանջներ էին, բայց այդ պահանջների վերացական լեգիտիմության մասին պնդումները որևէ իմաստ չունեն, եթե Հայաստանն ի վիճակի չէր պարտադրել դրանց ընդունումը Ադրբեջանի, Մինսկի խմբի միջնորդների կամ միջազգային հանրության կողմից:[20] Ոչ միայն այդ պահանջները որևէ համակրանքի չարժանացան որևէ երկրի կողմից, ինչ-որ պահի Հայաստանի դաշնակից Ռուսաստանը բացահայտ կերպով մեղադրեց Հայաստանին բանակցային գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ, ինչի վտանգավորությունը պիտի ակնհայտ լիներ։[21] Հայաստանի կառավարության անխոհեմությունը նույնիսկ բանակցային գործընթացից հրաժարումով չսահմանափակվեց: Հայաստանը 2020 թ.-ի ամռանը ներգրավվեց ռազմական արկածախնդրության մեջ` ինչ-որ դիրք գրավելով ու դա մեծ աղմուկի վերածելով, ինչն Ադրբեջանի ներսում մեծացրեց հարցն ուժով լուծելու օգտին ճնշումները: Դրան հետևեցին Հայաստանի վարչապետի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների տարբեր հայտարարությունները, որոնք կարծես կոչված էին սադրելու Ադրբեջանին, այդ թվում՝ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի արած` «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը «նոր պատերազմ, նոր տարածքներ» դոկտրինն է որդեգրել, Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի` Սևրի պայմանագրի արդիականությունը դեռևս կորցրած չլինելու մասին հայտարարությունները, BBC-ին տված հարցազրույցում Փաշինյանի` Ղարաբաղի նկատմամբ հայերի պատմական իրավունքների մասին պնդումը և այլն։

Այս ամենը տեղի էր ունենում չնայած ԱԱԾ-ի և Գլխավոր շտաբի նախազգուշացումներին պատերազմի ու դրանում Թուրքիայի մասնակցության բարձր հավանականության մասին, Ռուսաստանից եկող ազդակներին, որոնցից բխում էր, որ  Հայաստանը չէր կարող ապավինել Ռուսաստանի անվերապահ աջակցությանը, և կանխատեսումներին, որ Հայաստանն այդ պայմաններում պատերազմից չպարտված դուրս գալու չնչին շանսեր ունի։[22] Հակառակ Իսկանդարյանի պնդումներին` 2020 թ.-ի աղետի վերաբերյալ  փորձագետների կողմից կանխատեսումների պակաս նույնպես չկար:[23] Խնդիրն այն է, որ այդ կանխատեսումներին ու զգուշացումներին լուրջ չվերաբերվեցին: Փաշինյանն ու իր կառավարությունը համոզված էին, որ վերոնշյալ հավանականությունները քարի վրա գրված չեն, որ կամքն ու նվիրումը կարող են հաղթահարել ցանկացած սահմանափակում ու խոչընդոտ, և որ իրականությունն ընդամենն այն է, ինչ մարդիկ կերտում են: Նման մտածողության մասին են վկայում Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններ։ Նա համոզմունք էր հայտնել, օրինակ, որ հայերը Սարդարապատի ճակատամարտում հաղթանակ են տարել միայն ու միայն այն պատճառով, որ հավատացել են հաղթանակին:[24] Նա հայտարարում էր,  շատերը նաև չէին հավատում հեղափոխության հաջողությանը նույնպես, և որ հայերը անհնարինը հնարավոր դարձնող ժողովուրդ են։[25] Նա պնդում էր, որ պարտությունն ու հաղթանակը սուբյեկտիվ հոգեվիճակներ են, և որ հնարավոր չէ պարտվել, եթե չընդունես, որ պարտվել ես և այլն:[26] Այլ կերպ ասած` խոսքը պարզ սխալի մասին չէր։ Այդ քաղաքականությունը հետևանք էր գիտակցված, խորապես արմատավորված քաղաքական փիլիսոփայության, որը լավագույնս կարելի է բնութագրել որպես գռեհիկ հակամատերիալիզմ: Ժողովածուն պարզապես անտեսում է այս խնդիրը: Իրականում, ինչպես արդեն նշեցի, ստատուս քվոն խարխլած ու էսկալացիայի հանգեցրած աշխարհաքաղաքական փոփոխությունների մասին քննարկումներն այն տարօրինակ տպավորությունն են թողնում, թե Հայաստանի կառավարության վարքագիծը պարզապես կապ չուներ պատերազմի հետ: Դա մերժելի տեսակետ է։

Ժողովածուի մեջ անդրադարձ չկա նաև մի այլ շատ կարևոր հարցի. ինչո՞ւ էր այսօրինակ անխոհեմությունն այդքան նորմալացվել Հայաստանում թե՛ քաղաքական, թե՛ մտավորական առումներով: Այս հարցի ցանկացած լուրջ պատասխան պետք է խարսխված լինի 1998-ի պետական հեղաշրջմանը հաջորդած երկու տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցածի վերլուծության վրա, այսինքն` երբ Հայաստանում իշխանության եկան հակամարտությունը կարգավորելուն դեմ դուրս եկած ուժերը։ Նրանց դիրքորոշման վերաբերյալ ստանդարտ տեսակետն այն է, որ նրանք առաջարկվող խաղաղ կարգավորման ծրագրերն անընդունելի էին համարում, քանի որ դրանցից ոչ մեկն Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի քաղաքական կարգավիճակ իրավականորեն չէր երաշխավորում: Բայց այս տեսակետը հիմնված է նույն սխալի վրա, ինչը ես մատնանշել եմ վերևում. այն ենթադրում է, որ կան ընդունելի կամ անընդունելի կարգավորումներ՝ հիմնված լեգիտիմության ինչ-որ վերացական սկզբունքի վրա: Դա մոլորություն է։ Իրականում խնդիրն այն էր, որ 1) այն, ինչ հայերը համարում էին օրինական, հակասում էր նրան, ինչն օրինական էր համարում Ադրբեջանը. 2) Հայաստանը ռազմական առումով թուլանում էր, իսկ Ադրբեջանն ուժեղանում. 3) ոչ մի արտաքին ուժ չէր կիսում արդար լուծման հայկական ընկալումը: Չնայած այս ամենին` հայ ոչմիթիզականները որոշեցին դիմակայել կարգավորմանը, ինչը հակամարտության չլուծված լինելու պայմաններում Հայաստանին օրեցօր ավելի ու ավելի անբարենպաստ դրության մեջ էր դնելու:

Իսկ կարգավորմանն այդ մարդիկ դիմադրում էին ոչ թե որովհետև չէին հասկանում, որ իրենց պնդումներն անընդունելի լուծումների մասին իռացիոնալ էին, այլ որովհետև նրանք միայն այդ կերպ կարող էին երկրի ներսում լեգիտիմացնել իրենց իշխանությունն ու արտոնությունները: 1998-2018 թթ. Հայաստանը ղեկավարող քաղաքական ուժերը, նրանց արբանյակներն ու իշխանություններին աջակցող մտավորականները գիտեին, որ հարևանների հետ հաշտվելու պարագայում կկորցնեն ոչ միայն իրենց դիրքերը, այլև պարզապես կվերածվեն պատմական անախրոնիզմի: Նրանք հասկանում էին, որ չեն կարող շարունակել թալանել երկիրը՝ առանց վախենալու հանրային դիմադրությունից, որ չեն կարող շարունակաբար օգտագործել ներքին անկայունության դեպքում ադրբեջանական հարձակման հեռանկարը որպես հանրային ընդվզման դրսևորումները ճնշելու համար նախատեսված գործիք: Դա էր պատճառը, որ նրանք ամեն ինչ արեցին համոզելու հասարակությանը, որ 1) հայկական բանակն անպարտելի է, իսկ հայկական պաշպանական համակարգերն` անխոցելի; 2) ադրբեջանցիները կոռումպացված են և վախկոտ; 3) Հայաստանը դիվանագիտորեն մեկուսացված չէ; 4) փոխզիջման մասին որևէ խոսակցություն կարող է միայն դավաճանական շարժառիթների հետևանքը լինել: Նրանց դա հաջողվեց անել՝ տեղեկատվության և գաղափարների շուկայում գրեթե մենաշնորհ հաստատելով: Ու թեև Հայաստանում հեղափոխությունը մարտահրավեր նետեց պարտված ռեժիմի կոռուպցիային և բռնատիրական բնույթին, այն լիովին որդեգրեց այդ ռեժիմի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում: Եվ քանի որ հեղափոխականներն աչքի էին ընկնում նյութական իրականության սահմանափակումների հատկապես արմատական մերժմամբ, նրանք փաստացի գերազանցեցին ավանդական ոչմիթիզականներին, և, ի վերջո, երկիրը գլորեցին պատերազմի անդունդը, որից չպարտված դուրս գալու հնարավորություն չկար:

2020 թ.-ի աղետի հետագա ուսումնասիրությունները պետք է մի կողմ դնեն այս ժողովածուի որոշ հոդվածներում տեղ գտած այն ենթադրությունը, թե Հայաստանի ղեկավարության վարքագիծը կապ չուներ այս ամենի հետ: Հայաստանի ղեկավարության որոշումների կայացման գործընթացն ու այդ վարքագիծը պայմանավորած գաղափարների արմատավորման պատմությունն ավելի մեծ ուշադրության է արժանի: Հետագա ուսումնասիրություները պետք է քննության ենթարկեն այդ որոշումների իռացիոնալությունը, ինչպես նաև այն քաղաքական միջավայրը, որն այդօրինակ իռացիոնալությունը նորմալացրեց:


[1] Սույն գրախոսության անգլերեն բնագիրն առաջիկայում լույս է տեսնելու ԱՄՆ-ում` Journal of the Society for Armenian Studies պարբերականում։

[2] Տե՛ս Թաթուլ Հակոբյան, «Հայկական Աղետը. 44-օրյա պատերազմ` միֆեր և իրականություն», Անալիտիկոն, 2020, նոյեմբեր, https://theanalyticon.com/новости-hy/հայկական-աղետը-44-օրյա-պատերազմ՝-միֆեր։

[3] Սերգեյ Մարկեդոնով, «Աշնանային պատերազմ. ոչ միանշանակ արդյունքներ կովկասյան տարածաշրջանի համար», Ռուսլան Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, (Երևան, Newmag, 2022), էջ 59.

[4] Սերգեյ Մակիենկո և Ռուսլան Պուխով, «Ռուսաստանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 93.

[5] Ibid., էջ 94.

[6] Դմիտրի Տրենին, «Վերջաբան. նոր փոթորիկի սպասումով», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 251.

[7] Գեորգի Դերլուգյան, «Համաշխարհային պատերազմ տեղական նշանակությամբ», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 17-56.

[8] Թուրքիայի ու նրա արևմտյան դաշնակիցների հարաբերությունները շոշափելիորեն փչացան Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական կուսակցության իշխանության գալուց և հատկապես Իրաքյան երկրորդ պատերազմում ԱՄՆ-ի  ղեկավարած կոալիցիային միանալու ակնկալիքները չարդարացնելուց հետո, ինչպես նաև այն բանից հետո, երբ վատացան Իսրայելի ու Թուրքիայի հարաբերություններն, ու փակվեցին Եվրոպական Միության դռները Թուրքիայի առջև։

[9] Ռուսաստանի առաջարկների ու Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշման մանրամասնությունների համար տե՛ս Քրիստինե Խանումյան, «ՌԴ նախագահի հայտարարության հետքերով. Ռուսաստանի կարմիր գծերը», Իլուր, 15 նոյեմբերի, 2022, https://www.ilur.am/ռդ-նախագահի-հայտարարության-հետքերով/?fbclid=IwAR0u3yue88qs5Md_axBB5znVUYRUCq0JMebv7J1uQKH5eAMMnpXq7dLel58.

[10] Մարկեդոնով, «Աշնանային պատերազմ», էջ 59.

[11] 2010-2020 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել էին $23.96 միլիարդ, իսկ Հայաստանինը` $4.67 միլիարդ։

[12] Լեոնիդ Ներսիսյան և Մարկ Քազալետ, «Ցամաքային ելք` կանխորոշված օդում», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 137-160. Ժողովածուի մեջ ընդգրկված մեկ այլ հոդվածում Անտոն Լավրովը տեղեկացնում է ընթերցողին, որ հայկական կողմը կորցրել էր իր ՀՕՊ համակարգերի 60%-ը պատերազմի առաջին րոպեների ընթացքում։ Տե՛ս Անտոն Լավրով, «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 108.

[13] Ներսիսյան և Քազալետ, «Ցամաքային ելք` կանխորոշված օդում», էջ 151-158. Տե՛ս նաև John Antal, 7 Seconds to Die: A Military Analysis of the Second Nagorno-Karabakh War and the Future of Warfighting (Philadelphia, PA: Casemate, 2022), գլուխ 2.

[14] Դուգլաս Բարրի, «Օդուժն ընդդեմ օդուժի», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 176-177.

[15] «Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմի», հարցազրույց Սամվել Բաբայանի հետ, Ազատություն, 17 հոկտեմբերի, 2016, https://www.youtube.com/watch?v=zL735x8WXwM&t=115s.

[16] Բարրի, «Օդուժն ընդդեմ օդուժի», էջ 176-177.

[17] Լավրով, «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի 44 օրերը», էջ 117.

[18] Այստեղ մի կարևոր նկատառում պետք է արձանագրել։ Նշածս կարձրացած ու երևակայությունից զուրկ մտածողության, ինչպես նաև պատերազմին բանակը պատշաճ ձևով պատրաստած չլինելու համար պատասխանատվությունը չի կարելի դնել պատերազմի ժամանակ զինված ուժերի բարձրագույն ղեկավարության վրա։ Մասնավորապես, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, որն իրականում արհեստավարժ սպա է, այդ պաշտոնում նշանակվել էր պատերազմն սկսվելուց ընդամենը մի քանի ամիս առաջ։ Նա և նրա թիմը պարզապես շոշափելի փոփոխություններ իրականացնելու ժամանակ չունեցան։ Հայկական զինված ուժերի խնդիրները կումուլյատիվ էին` ժառանգած նախորդ երկու տասնամյակի վատ կառավարումից, կոռուպցիայից ու մտավոր ծուլությունից։ Գասպարյանին ու նրա ղեկավարած շտաբին նաև պետք է արժանին մատուցել այն բանի համար, որ նրանք պատերազմից երեք ամիս առաջ իրերի իրական դրությունը ճշգրիտ գնահատող զեկույց ներկայացրին քաղաքական ղեկավարությանը` հորդորելով դիվանագիտական կուրսի փոփոխություն։ Տե՛ս «Օնիկ Գասպարյանը մանրամասներ է հայտնել պատերազմի ընթացքի մասին», Գալա, 11 նոյեմբեր, 2020, https://galatv.am/hy/2903900/?fbclid=IwAR21VI4XJ-rRv4yBi7ZcyCEWvvVnhNc_RlT3EkdxA5k8M7ZTJiSM4J_UXvs.

[19] Ալեքսանդր Իսկանդարյան, «Ղարաբաղյան պատերազմների մենթալ աշխարհագրությունը», Պուխով` խմբ., Փոթորիկ Կովկասում, էջ 241-243.

[20] Հայաստանի կողմից բանակցություններից փաստորեն հրաժարվելու մասին տե՛ս Քրիստինե Խանումյան, «Ինչպես Փաշինյանը ուղիղ եթերում փաստացի հրաժարվեց բանակցություններից», Իլուր, 18 օգոստոսի, 2022, https://www.ilur.am/ինչպես-փաշինյանը-ուղիղ-եթերում-փաստա/?fbclid=IwAR0beEsFg4rd_deUktobfFuEukh8qiS9Wnm3uCujfeHkGGyNNeVVxwfqh1U.

[21] Հարցազրույց Սերգեյ Լավրովի հետ, Труд, 20 օգոստոսի, 2020.

[22] Վերևում ես արդեն հղում եմ արել Գլխավոր շտաբի զեկույցին։ ԱԱԾ-ի զգուշացումների մասին ես տեղեկացա Արթուր Վանեցյանի հետ 2021 թ.-ի օգոստոսին կայացած զրույցի ընթացքում։ Վանեցյանը ԱԱԾ տնօրենն էր 2018-2019 թթ.-ին։

[23] Կանխատեսումներ, որ հակամարտությունը փոխզիջումների միջոցով լուծումից հրաժարվելն աղետի է հանգեցնելու, եղել են 1998 թ.-ից սկսած։ 1994 թ.-ի զինադադարով ստեղծված ստատուս քվոն սառեցնելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված կանխատեսումն էր, որ հանգեցրեց 1998 թ.-ի ճգնաժամին ու իշխանափոխությանը։ Տե՛ս Levon Ter-Petrossian, Armenia’s Future, Relations with Turkey, and the Karabagh Conflict, Arman Grigoryan, ed., (New York, NY: Palgrave Macmillan, 2018), pp. 35-61, 137-149. Այլ զգուշացումների համար տե՛ս Ժիրայր Լիպարիտյան, Հայաստանի Երրորդ Հանրապետություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտություն (Երևան, Անտարես, 2022), էջ 185, 210, 280; Ժիրայր Լիպարիտյան, «Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ», Առավոտ, 1 սեպտեմբերի, 2020; Լևոն Զուրաբյան, «Ճշմարտությունը սբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք» ԱՆԻ հայկական ուսումնասիրությունների կենտրոն, 12 սեպտեմբերի, 2020, Արման Գրիգորյան, «Այլընտրանքներ Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը», Մաս առաջին և երկրորդ, Առավոտ, 25, 26 հունիսի, 1998; Արման Գրիգորյան, «Ղարաբաղի չլուծված հարցը Հայաստանի գլխավոր խնդիրն է», Սիվիլնեթ, 22 հուլիսի, 2019, https://www.youtube.com/watch?v=8PCz7_x-8M0&t=4s&ab_channel=CIVILNET.

[24] «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ», https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/05/28/Prime-Minister-Nikol-Pashinyans-address/.

[25] «Մենք ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է սրանից հետո մեզ համար հնարավոր դառնալու», https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2018/11/21/Nikol-Pashinyan-visit-to-Aragatsotn-Marz-21-11/.

[26] «Եկեք պայմանավորվենք մի բան` ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք ճանաչի», Ուղերձ ՀՀ Ազգային ժողովին, https://www.youtube.com/watch?v=cgKJV2x1_cU&ab_channel=168.am.