Հայաստան է ժամանել ֆինն ամենահայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը. Newmag-ը հայերեն է հրատարակել նրա հայտնի գիրքը (թրեյլեր)
Եռօրյա այցով Հայաստան է ժամանում Ֆինլանդիայի ամենահայտնի ժամանակակից պատմաբանը՝ Հենրիկ Մեյնանդերը։ Հենց նրա մասնակցությամբ էլ տեղի կունենա իր ամենահայտնի՝ «Ֆինլանդիայի պատմություն» գրքի շնորհանդեսը։ Գիրքը բացահայտում է ֆիննական հրաշքի գաղտնիքը. ինչպե՞ս շվ
Քաղաքացիական և համաշխարհային պատերազմների մեջ ու կործանման եզրին՝ այս երկիրը փրկվեց, դարձավ անկախ ու ոտքի կանգնեց: Այն, ինչ չհաջողվեց շատերին, ֆիններն արեցին լուռ ու համբերատար՝ հաղթահարելով բոլոր փորձությունները: Newmag-ը Ֆինլանդիայի ԱԳ նախարարության և «Ֆիննի» ապրանքանիշի հետ ներկայացնում է պրոֆեսոր Հենրիկ Մեյնանդերի ամենահայտնի գործը հայերեն։
Ինչպե՞ս ֆինները ստեղծեցին իրենց պետությունը այլ պետության մեջ ու կարողացան դառնալ ու մնալ ինքնուրույն ու ինքնիշխան մի տարածքում ու մի դարաշրջանում, որտեղ ու երբ դա անելը թվում էր անհնար։ Մեյնանդերը գիտահանրամատչելի ձևով պատմում է Ֆինլանդիայի ամբողջ պատմությունը՝ բացատրելով, թե ինչպես է առաջացել այդ երկիրն ու ժողովուրդը, ինչպես է ձևավորվել ֆիննական ինքնությունը համաշխարհային պատմության համատեքստում:
Պատմաբանը Ֆինլանդիայի պատմության տարբեր դեպքերի ու դեմքերի մասին 10 գրքի հեղինակ է, բազմաթիվ մրցանակների դափնեկիր, Հելսինկիի համալսարանի պրոֆեսոր է, պատմաբան, Գիտությունների շվեդական թագավորական ակադեմիայի անդամ: Եղել է Ստոկհոլմի Ֆիննական ինստիտուտի ղեկավարը: Նրա «Ֆինլանդիայի պատմություն»-ը թարգմանվել է 16 լեզվով:
Պատմաբանը կարևոր է համարում գիտական բարդ նյութը պարզ մատուցելը։ Սա գիրք-ուղեցույց է հեռատես մտավորականների, երկարաժամկետ մտածողերի ու հաջողակ ազգի մասին: Մեյնանդերն իր կարծիքն ունի ազգային պատմություն երևույթի նկատմամբ, որի մասին խոսում է իր «Ֆինլանդիայի պատմություն» գրքի նախաբանում: Հատուկ հայերեն թարգմանության համար Հենրիկ Մեյնանդերը լրացրել է գրքի նախաբանն ու վերջին գլուխը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆինլանդիայի նմանություններին:
Ըստ Newmag-ի կազմած խիտ ժամանակացույցի, պատմաբանը տարբեր լրատվամիջոցներում հանդես կգա հարցազրույցներով, կհանդիպի Ամերիկյան համալսարանի և Մայր բուհի ուսանողների հետ, կայցելի Ցեղասպանության թանգարան, մշակութային օջախներ, կներկայացնի իր գիրքը «Զանգակ գրատանը», իսկ արդեն փետրվարի 16-ին, 19:00 Բեսթ Վեստերն Կոնգրես հյուրանոցում տեղի կունենա «Ֆինլանդիայի պատմություն» գրքի շնորհանդեսը։