Հեքիաթագիր Արփի Մաղաքյանի հարցազրույցը՝ Newmag Winter Fest-ին (տեսանյութ)

February 26, 2022

Փետրվարի 19-ին կայացավ աննախադեպ ու յուրօրինակ իրադարձություն: Newmag հրատարակչությունն արդեն 2-րդ անգամ անցկացրեց փառատոն՝ այս անգամ՝ ձմեռային: Գրքատոնն իր շուրջն էր հավաքել գրողների, գրքասերների: Այս մեծ իրադարձության ընթացքում Newmag-ը շնորհանդեսներից ու պանելային քննարկումներից բացի, նաև հարցազրույցներ էր անում գրողներից և հյուրերից: Ներկայացնում ենք Շաքե Ղազարյանի և հեքիաթագիր Արփի Մաղաքյանի հարցազրույցը: 

2021-ին Newmag Summer Fest-ի ընթացքում փոքրիկ հյուրերի համար մշակութային, հասարակական, քաղաքական հայտնի դեմքերն ընթերցում էին Արփի Մաղաքյանի «Երևանյան հեքիաթներ»  գրքի հեքիաթները: Այս անգամ հեղինակը փառատոնի հյուրերից էր: Արփի Մաղաքյանը, եթե չի գրում, ապա կարդում, պատմում է հեքիաթներ: Սկզբում իր երեխաների, հետո արդեն շրջապատում մի փոքրիկի տեսնելուն պես՝ արագ մի հեքիաթ է հորինում  ու պատմում. «Հեքիաթները երբեք շատ չեն լինում մեր կյանքում: Հատկապես մեր ժողովրդական հեքիաթները երեխաներին պետք է շատ կարդան: Ուզում եմ, որ ծնողներն էլ անպայման իրենց երեխաների համար ոչ թե կարդան, այլ պատմեն հեքիաթները»:

                                                                        

Ի դեպ, Արփի Մաղաքյանն այս պահին գրում է իր նոր գիրքը, վերնագիրն էլ հայտնի է՝ «Արևին համբուրած աղջիկը»: Այն կրկին հեքիաթների ժողովածու է. «Ինձ թվում է՝ շատ հետաքրքիր և ուսուցողական գիրք է լինելու, քանի որ ընթերցողին տանում եմ հետ՝ դեպի 5-րդ դարի Ամարաս, Եդեսիա, որտեղ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց Հայոց տառերը և հիմնեց առաջին դպրեվանքը:  Գիրքը գրել եմ պատերազմից հետո: Հեքիաթի գործողությունները իրապատում են , վերցրել եմ պատմությունը և հետաքրքիր ձևով մատուցել ընթերցողին»:

Հեքիաթագիրն ունի անփոփոխ մի սկզբունք՝ բոլոր ընթերցողների համար նույն մակագրությունն է թողնում՝ ամենամութ օրվա մեջ անգամ մարդիկ պետք է միշտ ժպտալու առիթ գտնեն: 

Կարդացեք նաև