Կոտոշավորների վտանգավորության աստիճանը որոշվում է նրանց քաշով

October 3, 2014

Այծերի և ինքնասպանության մասին` հաջորդ անգամ: Իսկ այսօր` ավելի անհրապույր թեմաներ: Խանդի, հեղափոխության, տեռորի և ռնգեջյուրների մասին:
Խանդող տղամարդը նման է հեղափոխոխության սուրբ գործին ներքաշված մեծահարուստի: Մարդու, որը պատրաստ է ամեն բան կորցնել` չեղած բանի խոստումի հմայքով տարված: Հեղափոխական օլիգարխները չգիտեն, որ նրանք, ովքեր կորցնելու բան չունեն, միշտ էլ կգտնեն մեկին (կռահեք, թե ում), որն այսպես թե այնպես` ունի այդ գրողի տարած կորցնելու բանը:
Խանդող կինը նման է սթափ բանականության վրա աչք փակող տեռորիստի: Նա կարիճի պես կխայթի ինքն իրեն, եթե նույնիսկ աղոտ հույս ունենա, որ դրանով որևէ կերպ ցավ կպատճառի նրան, որն արժանի չէր նույնիսկ տեռակտի զոհի կարգավիճակին:
Զգուշացեք կպչուն մտքերից, սևեռուն գաղափարներից, տիեզերքի սև խոռոչներից և սիրած տղամարդուն կուրորեն խանդող կնոջից: Խանդով ոգեշնչված կինը վատ է քնում, ծանր է տանում սթափության կոչը և աշխատում է իր հարվածը դարձնել հնարավորին չափ անդառնալի հետևանքներով լի:
Ռնգեղջյուրները վատ են տեսնում և վատ են լսում: Բայց դա պրոբլեմ չէ նրանց համար: Դա պրոբլեմ է մյուսների՛ համար: Բոլոր նրանց համար, ովքեր ռնգեղջյուր չեն, բայց հայտնվել են այդ զանգվածեղ կոտոշավորի կողքին: Ընդհանրապես կոտոշավորների վտանգավորության աստիճանը որոշվում է ըստ նրանց քաշային կարգի: Թեթև քաշային կոտոշավորները բակային ու թաղային պատուհաս են, միջին քաշայինները` քաղաքային ու մարզային ավարաներ, ծանր քաշայինները` համապետական նշանակության դժբախտություն: Սա, ի դեպ, մետաֆորա է, որը կապ չունի պատմական անձանց կամ մեր անբարեհույս ժամանակակիցների հետ: