BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» գ

Տեղի ունեցավ Անդրիս Կալնոզոլսի «Ես Օրացույցն եմ» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

newmag-y-n

Newmag-ը ներկայացնում է լատվիական գրականության ժամանակակից ամենահայտնի գործը հայերեն։ Հեղինակն Անդրիս Կալնոզոլսն է, Հայաստանում է հատուկ գրքի հայերեն հրատարակության համար։ «Ես օրացույցն եմ» վեպի հեղինակը, թարգմանիչն ու խմբագիրը հյուրընկալել են Արմենիա Հ/Ը

Լատվիական փոքր քաղաքի` ամեն օր նամակներ գրող ինքնամփոփ հերոսի մասին գիրքը դարձել է եվրոպական ժամանակակից բեսթսելլեր: Լատվիական արձակի ամենամեծ անակնկալը՝ Անդրիս Կալնոզոլսի «Ես օրացույցն եմ» վեպը թարգմանել ու հրատարակել է Newmag հրատարակչությունը: Հեղինակը դեռ գրելու ընթացքում էր կանխազգացել՝ գործը դառնալու է բեսթսելլեր. «Ես գիտեի, զգում էի, որ այս գիրքը հաջողություն է ունենալու: Սա միանյակ մարդու մասին պատմություն է, ես էլ եմ այդ միայնակ մարդկանցից մեկը»:  

Դժբախտ սեր, որ ստիպել է անգիր անել օրացույցի բոլոր օրերն ու գրառել բոլոր մտքերը: Գրքի հեղինակը խոստովանում է՝ իր հերոսի նախատիպն ապրում է Լատվիայի Տալիս քաղաքում: Նա հրաշալի գիտի, թե տարվա ո՛ր օրը ո՛ր սրբին է նվիրված: Մյուս հերոսներն ու դեպքերը գեղարվեստական հորինվածք են. «Երբ գրում էի այս գիրքը, իմ կյանքում դժվար շրջան էր: Ստեղագործելն ինձ օգնեց, կյանքս ավելի գեղեցիկ ու իմաստալից դարձրեց»:  

Գրքի հեղինակը, տիկնիկային թատրոնի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ ու բեմադրիչ Անդրիս Կալնոզոլսը Երևանում է Newmag հրատարակչության հրավերով : Գիրքը լույս է տեսել, երբ հեղինակի հայրենիքում՝ Լատվիայում ու էլի շատ երկրներում համատարած լոքդաուն էր, տանը փակված մարդիկ կարդում էին ինքնամփոփ մարդու մասին պատմող այս գիրքը՝ նկատում է գրքի խմբագիրը՝ Մարգարիտ Սարգսյանը. «Մարդու պատմություն է, որն առանձնանում է մյուսներից: Մարդու մասին, ով տարբերվում է, փորձում է օգտակար լինել»։  

Հեղինակը չի ասում՝ ինչով է տարբերվում իր հերոսը, գուցե մտավոր խնդիրներ ունի: «Ես Օրացույցն եմ» գիրքը գրված է յուրահատուկ, պարզ ոճով: Գրքի թարգմանիչը հենց այդտեղ հանդիպեց բարդությունների. պարզ, խոսակցական լատվիերենը հայերեն հաճախ հնչում էր չափազանց պարզունակ՝ ընդգծում է Նաիրա Խաչատրյանը. «Նման պարզունակություն հայերենը չի հանդուրժում: Կան էջեր, որ սկսվում են ու ավարտվում «Ես» բառով: Մի երկուսը ես հանեցի, մի քանիսը խմբագիրը: Հայերենը նման պարզ շարադրանք երբեմն չի հանդուրժում, բայց ոճը պահպանել ենք, որ ոչինչ չփչանա»:  

«Ես օրացույցն եմ» վեպը հեղինակի առաջին գրական գործն է: Այն ստացել է գրական մրցանակներ, դարձել «Փայլուն դեբյուտի» տիտղոսակիր ու երկու տարում վերահրատարկվել է 5 անգամ : Առաջին լեզուն, որով թարգմանվել է գիրքը, հայերենն է: 

Տարածել