[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Հուզական անկման վտանգը

April 13, 2020

Ամբողջ աշխարհում համավարակը փոխել է խաղի կանոններն ու հիմա ժամանակն է նաև մտածել, թե ինչպես կարելի է  հաղթահարել արդեն նշմարվող հոգեկան առողջության ճգնաժամը:

Մեկուսացումը և համաշխարհային սահմանափակումները հուզական անկմանը նպաստող “բարենպաստ” պայմաններ են ստեղծել: Հիմա մենք այնպիսի զգացողություն ունենք, թե ոչինչ իմաստ չունի, ամեն ինչ չեղարկվել է, հետաձգվել ու ոչնչացել: Այս ամենը մի անուն ունի՝ դեպրեսիա:

Պատճառներն իհարկե շատ են: Սոցիալական մեկուսացում, ֆինանսական անորոշություն, գործազրկության վտանգ և իհարկե սեփական առողջության համար անհանգստություն:

Եկեք անկեղծ լինենք, հաջորդ մի քանի ամիսներին հուզական անկման և դեպրեսիայի վտանգը շատ մեծ է ու մենք պետք է դրան պատրաստ լինենք: Ու եթե դուք այն երջանիկներից եք, որոնք դեռ դեպրեսիայի մեջ չեն, պատրաստվեք՝ այն գալիս է:

Ես այս ամենն ասում եմ, որովհետև իրավիճակը կառավարելու համար մենք պետք է իրատես լինենք: Միամիտ ենթադրությունները, թե վարակը ինչ-որ հրաշքով կանհետանա կամ չի անդրադառնա մեր ծանոթներից գոնե մեկի վրա, պարզապես չարդարացված լավատեսություն է: Սա, հնարավոր է, որ մեր կյանքի ամենավտանգավոր համաշխարհային իրադարձություններից է: Մոտակա տարիների համար իրավիճակը հեշտ չի լինելու թե քաղաքական, թե տնտեսական ու նույնիսկ մշակութային առումով:

Ես առանձնացրել եմ երեք ուղեցույց, որ կօգնեն ձեզ հաղթահարել այս դժվար ժամանակներն ու խուսափել դեպրեսիայի կուլ տվող ալիքից:

1.       Այսօրվանից մինչև այս ամենի ավարտը դու ունես նոր աստված և դրա անունն է՝ օրակարգ

Ունեցեք հստակ ժամանակացույց: Կազմեք ձեր ամենօրյա գրաֆիկը և շարժվեք դրանով, այլապես ինչքան երկար մնաք տանը, այնքան դժվարությամբ եք վեր կենալու անկողնուց և որևէ օգտակար բան անելու: Օրակարգը կարող է շատ պարզ լինել՝

-          Արթնանալու ժամ

-          Աշխատելու ժամ

-          Ինքնակրթվելու ժամ

-          Հանգստի ժամ

-          Քնի ժամ

2.       Վերականգնեք հարաբերությունները, այլևս արդարացում չունեք

Հիշո՞ւմ եք բոլոր այն մարդկանց՝ ընկերներին, հարազատներին, որոնց հետ ուզում էիք ավելի շատ ժամանակ անցկացնել, բայց չէիք հասցնում: Հիմա արդարացում չունեք:

Վերջապես ունեցեք այն բարդ խոսակցությունը, որից խուսափում էիք, ասեք երկար սպասված ներողության և շնորհակալության խոսքերը, սովորեք լսել և օգտագործեք այս ժամանակը հարաբերությունները կարգավորելու համար:

3.       Հիշեք՝ դուք մենակ չեք

Մարդիկ հաճախ ունենում են նույն խնդիրները, հայտնվում են նույն իրավիճակում ու մտածում, թե ոչ ոք իրենց չի հասկանում: Նրանք մտածում են, որ ոչ ոք այնքան չի տանջվում, որքան իրենք:

Իսկ իրականությունն այն է, որ բոլորն ունենում են այդ ապրումները: Հատկապես այսօր, այն ինչի միջով դուք անցնում եք, մյուսները ևս առնչվում են: Կարիք չկա ամաչելու, նեղվելու կամ թաքցնելու ձեր ապրումները: Օգնության տարբեր հարթակներ կան: Դուք մենակ չեք ու մենք միասին սա էլ կհաղթահարենք: Մի պարփակվեք, մի ատեք ինքներդ ձեզ, ատեք վիրուսը ու վստահ եղեք, դժվարություններն են մեզ ավելի ուժեղ ու միասնական դարձնում: