[Անիծյալ երկուշաբթին] Մարկ Մենսոն. Երեք հակաթեզ հաջողելու մասին

August 24, 2020

Բոլորս էլ ցանկանում ենք գլխապտույտ հաջողություններ ունենալ, բայց հաճախ ինչ-որ բան մեզ խանգարում է: Իրականում վերջնական արդյունքը լավ չենք պատկերացնում կա՛մ էլ դրան հասնելու ճանապարհը: «Թքած ունենալու նուրբ արվեստը» և «Թքել ենք բոլորս» բեսթսելլերների հեղինակ Մարկ Մենսոնն  «Անիծյալ երկուշաբթին » կոչվաղ շարքում այս շաբաթ անդրադարձել  է հաջողության մասին այն երեք սխալ ընկալումներին, որոնք թունավորում են կյանքը և  հոգին։

  • Անտեսե՛ք «քայլ առ քայլ» հաջողության հասնելու խորհուրդները

Տպավորիչ և երբեմն խելքից դուրս հաջողելու համար պետք է բացառիկ ու արտառոց քայլ անել: Դրան հասնելու միակ տարբերակն արդեն իսկ ձևավորված չափանիշները մերժելն է:Պետք է հավատաք, որ կարող եք անել այն, ինչի մասին մյուսները նույնիսկ վախենում են մտածել: Համացանցում տարածված հստակ ձևակերպված քայլերը, որոնք իբրև օգնում են մարդկանց հաջողակ դառնալ, երբեք չեն կարող օգնել «փախած» գաղափարների իրագործմանը: Դրանք ընդամենը կլիշեներ են: Յուրաքանչյուրիս ճանապարհը տարբեր է: Տարբեր են մարտահրավերները, մոտիվացիան և հետևաբար՝ նաև արդյունքը: Հեղափոխական գաղափարները երբեք չեն ծնվում այն մտքից, թե ուզում եմ մի չտեսնված բան անել: Մարդիկ կենտրոնանում են նրա վրա, ինչն ամենալավն են անում և փորձում հաջողել։

  •   «Հաջողություն» կոչվածը իրական չէ

Հաջողությունը և դրա մասին լեգենդները մենք ենք հորինել: Շատերի համար հաջողության բացատրությունը միանգամից նույնացվում է գումարի, մե՜ծ գումարի հետ: Երբ շատ փող ունենալը մարդկանց համար նպատակ է դառնում և ոչ թե միջոց՝ սկսվում են խնդիրները: Շատ մեծահարուստներ այդպես էլ իրենց հաջողակ չեն համարում ու իրենց թշվառ ձախողակներ են զգում:

Չկա հաջողության բանաձև, դա միայն մեր գլխում է և շրջապատի ազդեցության տակ ստեղծված մեր պատկերացումներում: Այո՛, մենք բոլորս հորինում ենք հաջողության հասնելու մեր պատկերացումները և ամբողջ կյանքում աչքերը փակ փորձում ենք հասնել դրան:Եկեք անկեղծ լինենք, մեզնից շատերը չեն էլ մտածում, թե ինչ են իսկապե՛ս ցանկանում: Փոխարենը մեր կյանքը հարմարեցնում ենք ընտանիքի, շրջապատի, պետության ստեղծած կաղապարներին:

  •  Ընդունե՛ք, որ կարող եք սխալվել

 Շատերը պարզապես մերժում են և չեն կարողանում ընդունել, որ հաջողության մասին իրենց պատկերացումները հաճախ սխալ են: Սա մի քանի պատճառ ունի: Նախ, անշուշտ տհաճ է գիտակցել, որ ամբողջ կյանքում աշխատել ու պայքարել ես մի բանի համար, ինչին ոչ թե դու էիր ձգտում, այլ հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերն էին մղում: Դուք 25 տարի օր ու գիշեր աշխատում եք, լավ մեքենա ու գեղեցիկ տուն գնում ու հետո մի օր արթնանում եք և հասկանում որ, հասել եք այն ամենին, ինչի մասին երազում էիք, բայց նույն անինքնավստահ ու չբավարարվածն եք մնացել: Դուք ձեզ հաջողակ չեք զգում: Դուք դեռ շարունակում եք չվստահել ինքներդ ձեզ: Այդ «երբեք բավարարված չլինելու» սինդրոմը ո՛չ թե վատ աշխատելու, այլ հաջողության մասին սխալ պատկերացումներ ունենալու հետևանք է: