Դաղձն օգնում է նիհարել. Անանուխի օգտակար հատկությունները

November 25, 2014

Դաղձ, անանուխ... Տարբեր անվանումներով հայտնի այս բույսի վերգետնյա մասը եթերայուղ է պարունակում` ամենաշատը 4-6 տոկոս, ծաղիկների մեջ: Դեռևս միջնադարում կարծիք կար, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը: Դաղձի եթերայուղը ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմելու եղանակով: Մեծ Բրիտանիայում կատարված հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ բրազիլական դաղձն, օրինակ, համարժեք է առաջատար դեղագործական ցավազրկողների ազդեցությանը:
Բուժման նպատակով օգտագործում են դաղձի տերևները` ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով: Դաղձն ունի հանգստացնող, ցավազրկող, անոթալայնիչ, հակաբորբոքային հատկություններ: Այն օգտակար է մարսողական համակարգի խանգարումների ժամանակ: Դաղձը նվազեցնում է ստամոքսում գազերի առաջացումը, օգնում է լուծի դեպքում, օրգանիզմից հեռացնում է լեղին: Այդ իսկ պատճառով դաղձը կիրառվում է լյարդի մաքրման և լեղապարկից քարերի դուրսբերման նպատակով:
Դաղձը օգտագործվում է նաև բարձր ջերմության, տենդի և մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունների` անգինայի, ֆարինգիտի ժամանակ` որպես քրտնաբեր միջոց: