Մենք ենք ընտրում երազանքն իրագործելու ճանապարհը. Միշել Օբաման` կրթության մասին

August 27, 2020

Այս շաբաթ ԱՄՆ-ում սկսվեց նոր ուսումնական տարին և այդ պատճառով երկրի նախկին առաջին տիկնոջ դիտակետում կրթական խնդիրներն են։ Միայն բարձրորակ կրթության դեպքում սերունդները կհաջողեն։ Եթե գիտելիքդ բավարարում է, ցանկությունդ էլ մեծ է, ուրեմն պետք է ամեն գնով հայտնվել աշխարհի լավագույն բուհեր՝ հենց այդ ցանկությամբ էլ ԱՄՆ էքս առաջին տիկինը հասավ իր նպատակին։ Հետագայում էլ բոլոր հարթակներում կարևորել է երկրում որակյալ կրթության ունենալու գաղափարը։ Այս մասին կարդում ենք նաև իր «Becoming» գրքում, որը մեր հրատարակչությունը թարգմանել է հայերեն։

Երիտասարդների խնդիրներն ու մտահոգությունները գրեթե միշտ Միշել Օբամայի ելույթների առանցքում են: Կրթության կարևորությունն այդ խնդիրների դեմ ամենաշատն առաջարկվող լուծումն է: Նախկին առաջին տիկինը սեփական փորձով գիտի՝ գիտելիքի ամուր պաշարը հաջողության գլխավոր գրավականն է:

Ես գիտակցում էի, որ նպատակին հասնելու համար պետք է զոհաբերել հանգիստը և երբեմն նաև քունը:

«Ես գիտեի, որ պետք է ամեն ինչ անեմ լավագույն արդյունքն ունենալու համար: Պետք էր բարձր գնահատականներ ստանալ, մասնակցել բոլոր ծրագրերին, չուշացնել ֆինանսական աջակցության փաստաթղթերը, որովհետև ծնողներս չէին կարող վճարել ուսման վարձը: Ես գիտակցում էի, որ նպատակին հասնելու համար պետք է զոհաբերել հանգիստը և երբեմն նաև քունը»,- նկատել է Միշելը։

«Becoming» գրքի հեղինակը հիշեցնում է՝ մեր ապագան որոշում ենք ինքներս: Այդ ճանապարհին ամենաազդեցիկ ուժը մեր վերաբերմունքն ու նվիրումն է: Ինքներս ենք որոշում, թե որքան մեծ պետք է լինեն մեր երազանքները: Մենք ենք ընտրում երազանքն իրականություն դարձնելու ճանապարհը:

Եթե չձախողեք` չեք սովորի պայքարել: Խոչընդոտները հաղթահարելու համար պետք է շատ համառ լինել:

«Ձախողումը պետք է չբնորոշի ձեզ: Դեպի հաջողություն ամենակարևոր քայլը ձախողումն է: Եթե չձախողեք` չեք սովորի պայքարել: Խոչընդոտները հաղթահարելու համար պետք է շատ համառ լինել»,-ընդգծել է Օբաման։

Երազանքն իրականություն դարձնելու ճանապարհին խանգարողներ ու կասկածողներ շատ կլինեն։ Միշել Օբաման դրա լուծումն էլ ունի՝ պարզապես մի նկատեք նրանց, թույլ մի տվեք, որ ձեզ կանգնեցնեն: Հիասթափությունները թող դառնան նոր բան սովորելու հնարավորություն: Մեծ հաջողությունների հասնելու ներուժ ունեն բոլորը: Բոլորն արժանի են ու կարող են: Մի՛ կասկածեք ու մի՛ վախեցեք փորձություններից, դրանք անցողիկ են։ Օբամայի խոսքով, պարզապես վստահեք ինքներդ ձեզ և մտքում ունեցեք ձեր նպատակի վերջնակետի երևակայական պատկերը։