«Երբ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցն ամենաանիմաստ հարցերից է. Միշել Օբամա

July 29, 2020

Երեխա ժամանակ պարզ ցանկություններ ունեի։ Ուզում էի շուն ունենալ: Եվ տուն՝ ներսում աստիճաններ, երկհարկանի, մեկ ընտանիքի համար։ Չգիտեմ ինչու հորս ուրախությունն ու հպարտությունը համարվող երկդռնանի «Բյուիկի» փոխարեն երազում էի ունենալ չորս դռնանի սեդան։ Բոլորին ասում էի՝ երբ մեծանամ, մանկաբույժ եմ դառնալու։ Ինչո՞ւ։ Որովհետև սիրում էի փոքրիկների հետ ժամանակ անցկացնել ու շատ արագ գլխի էի ընկել, որ այդ պատասխանը դուր էր գալիս մեծահասակներին։ «Օ՜, բժիշկ։ Ի՜նչ հրաշալի ընտրություն»։ Այդ ժամանակ հյուսիկներ էի կապում, ավագ եղբորս հրամաններ տալիս ու, անկախ ամեն ինչից, դպրոցում բարձր գնահատականներ ստանում։ Ձգտումներ ունեի, թեև չէի գիտակցում՝ կոնկրետ ինչի եմ հավակնում։ Հիմա կարծում եմ, որ «Երբ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ» հարցն ամենաանիմաստ հարցերից է, որ կարելի է տալ երեխաներին։

Կարծես մեծանալը սահմաններ ունի, հասնում ես մի կետի, դառնում ինչ-որ բան և վերջ։

Մինչև այս պահն իրավաբան եմ եղել։ Աշխատել եմ հիվանդանոցի փոխտնօրեն, հասարակական կազմակերպությ ան տնօրեն, որն օգնում էր երիտասարդներին նշանակալի կարիերա կառուցել։ Ես եղել եմ աշխատավոր դասի սևամորթ ուսանող, սովորել բարձրակարգ համալսարանում, որտեղ գերակշռում էին սպիտակամորթները։ Շատ տեղերում եղել եմ միակ կինը, միակ աֆրոամերիկացին։

Եղել եմ հարսնացու, մտահոգ մայր, վշտից կոտրված դուստր, իսկ մինչև վերջերս՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին։

Դա պաշտոնապես իմ աշխատանքը չէր, սակայն ինձ համար ստեղծել էր այնպիսի հարթակ, որ անգամ պատկերացնել չէի կարող։ Այն ինձ մարտահրավեր էր նետում ու ընկճում, բարձրացնում ու ցած նետում, երբեմն էլ՝ այդ բոլորը միաժամանակ։ Նոր եմ սկսում վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին՝ այն պահից ի վեր, երբ 2006-ին ամուսինս առաջին անգամ հայտնեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին, մինչև այս տարվա ձմռան այն ցուրտ առավոտը, երբ Մելանյա Թրամփի հետ նստեցի լիմուզին՝ նրան ուղեկցելու իր ամուսնու երդման հանդիսավոր արարողությանը։ Հետաքրքիր փորձառություն էր:

Միշել Օբամա