Տեղի ունեցավ «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

July 7, 2021

Newmag հրատարակչությունը հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարով ներկայացնում է ԱՊՀ ամենաաղմկահարույց բեսթսելլերը՝ Միխայիլ Զիգարի «Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը: Այստեղ հակիրճ ներկայացված է ժամանակակից Ռուսաստանի վերջին 20 տարիների պատմությունը՝ ապշեցուցիչ փաստերով, արխիվային փաստաթղթերով, բացառիկ հարցազրույցներով: Ռուս հայտնի լրագրող ու գրող Զիգարը «Կրեմլի ամբողջ շքախումբը» գրել է 2015-ին։ Այն արդեն թարգմանվել է 10-ից ավելի լեզուներով: Վաճառվել է ավելի քան 100 հազար օրինակ: Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ընթացքում տեղի ունեցավ գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը:

Երբ 1990-ականների վերջին Պուտինին հրավիրեցին Կրեմլ աշխատելու, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նա շուտով պատմություն է կերտելու: Ով է նա, ովքեր են նրա թիմակիցները, ինչպես սովորական պետծառայողից դարձավ երկրի ղեկավար: «Կրեմլի ամբողջ շքախումբը» գիրքը ներկայացնում է Ռուսաստանի հազարամյա պատմության վերջին 20 տարիների վավերագրությունը՝ Չեչենական պատերազմից, ահաբեկիչներին ոչնչացնելու օպերացիայից, մինչև Վրաստանի ու Ուկրաինայի հետ դժվարին հարաբերություններ: Գրքի թարգմանիչ Դավիթ Սարգսյանը նկատում է՝ ի վերջո, Վլադիմիր Պուտինին հաջողվեց նորից ոտքի կանգենցնել Ռուսաստանը. «Մենք առանձնապես չենք հասկանում, թվում է, Պուտինն է նստած ու ամեն ինչ որոշում է: Բացարձակ այդպես չէ: Բազմաթիվ մարդիկ կան, որոնք ճակատագրական որոշումների են բերում Պուտինին»:

Հեղինակը այս գիրքը երկար է գրել: Խոսել է Կրեմլում ամեն օր Պուտինի հետ աշխատող մարդկանց հետ: Զիգարի գիրքը տարբեր կերպ են ընդունել Կրեմլում, ամբողջ Ռուաստանում ու աշխարհում: Հեղինակը շատ հաճախ սենսացիոն բացահայտումներ է անում ու ի ցույց է դնում Կրմելի քաղաքական խոհանոցը: Դավիթ Սարգսյանը վստահեցնում է, որ «Կրեմլի ամբողջ շքախումբը»՝ մեկ շնչով կարդալու գիրք է. «Նախ, կիմանաք, ինչպես են որոշումներ կայացվում: Օրինակ՝ Սոչիի օլիմպիական խաղերը. Պուտինին դա չի հետաքրքրել, բայց կողքի մարդիկ համոզել են, այնպիսի արշավ են սկսել միայն իր համար: Պաստառներ են դրել, ռադիո են դրել ավտոյի մեջ»:

   

Ինչպես գնաց Ելցինը, ինչպես եկավ Պուտինը, ովքեր ու ինչպես են ազդում Կրեմլի ու ռուսական գերտերության վերնախավի որոշումների վրա: Գրքի հեղինակ Միխայիլ Զիգարը պարզաբանում է հատուկ Newmag-ի համար. «Այսօր գործող համակարգը բավական անկայուն է, գուցե տարօրինակ է հնչում, բայց անկայունության գլխավոր գործոնը հենց այդ սուպերկայունությունն է: Այս համակարգը չունի տրամաբանական ոչ մի շարունակություն: Այն հիմնված է ոչ թե ինստիտուտների, այլ մարդկանց վրա:  Իսկ մարդիկ մահկանացու են, և երբ առանցքային դերակատարը մահանում է, համակարգը վայրկենապես դադարում է գոյություն ունենալ»:

Գիրք-խոստովանություն, սև հումորով ու անկեղծությամբ: Գրքի խմբագիրը Տաթևիկ Նալբանդյանն է. խոստանում է, Կրեմլի ամբողջ շքախմբում կգտնեք Ռուսաստանի պատմության նոր շերտեր, նոր բացահայտումներ. «Այնտեղ գործում է մի մեծ բանականություն: Հեղինակի առավելությունն այն է, որ դավադրության տեսության տեսանկյունից չի ներկայացնում: Շատ մարդկային լեզու է բերում գրականության մեջ»:

   

Newmag հրատարակչությունը Միխայիլ Զիգարի կրեմլյան բեսթսելլերը հրատարկել է Օրակուլի հետ գործակցությամբ: Օրակուլ հայ-ռուսական մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը խոստանում է՝ կրկին կհրատարակեն Ռուաստանի ժամանակակից պատմությանը նվիրված նոր, բացառիկ գրքեր. «Ասում են՝ այս գիրքը լիբերալների համար է: 70 տոկոսից ավելին ճշմարտություն է, 30 տոկոսը սուբյեկտիվ ընկալումը: Հանդիպել է շատերի հետ, հարցազրույցների հիման վրա է գրել գործը»:

Կարդացեք նաև

«Կրեմլի ամբողջ շքախումբը» գրաքննադատները կոչում են սենսացիոն հետազոտություն, որն ամենալուրջն է վերջին 20 տարում: Ռունետի «Գրքի մրցանակի» կրկնակի դափնեկիր է, համարվել է լավագույն բեսթսելլեր ու թվային գիրք: Հայերենով«Կրեմլի ամբողջ շքախումբը» արդեն հասանելի է newmag.am կայքում և գրախանութներում: