Տեղի ունեցավ «Մեռնել սիրելով» երգի ու տեսահոլովակի հեռուստապրեմիերան (տեսանյութ)
Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման ընթացքում Newmag-ը ներկայացրեց նոր երգ ու տեսահոլովակ: Հայերեն է թարգմանվել Շառլ Ազնավուրի «Մեռնել սիրելով» երգը՝ նոր գործիքավորմամբ ու տեսահոլովակով: Սա արդեն Ազնավուրի երգացանկից 4-րդ երգն է, որ հրատար
Ֆրանսիան ու բոլոր ֆրանսիացիների հետ Շառլ Ազնավուրը 1969-ին ցնցվեց 39-ամյա ուսուցչուհու՝ Գաբրիելա Ռուսիեյի ողբերգական ու հուզիչ սիրո պատմությունից ու մահից: Ուսուցչուհին սիրահարվել էր իր անչափահաս աշակերտին: Ծնողները կնոջը դատի էին տվել: Բայց սիրահարված կինը՝ չսպասելով դատավճռին՝ ինքնասպան էր եղել:
Կինը մեռավ` սիրելով։ Ու Ազնավուրն այս մասին գրեց իր ամենամեղեդային երգերից մեկը՝ «Մեռնել սիրելով»-ը: Ու հիմա այս հանրահայտ երգը հնչում է նաև հայերեն: Newmag հրատարակչությունը, մնալով հավատարիմ խոստմանը, շարունակում է հայերեն ներկայացնել շանսոնյեի բոլոր ստեղծագրոծությունները՝ գրական ու երաժշտական: Բանաստեղծության թարգմանության հեղինակը Սամվել Գասպարյանն է:
Ազնավուրի պես ու Ազնվուրին հավատարիմ, հրատարակչության հետ՝ Սամվել Գասպարյանը վերախմբագրեց իր թարգմանած բանաստեղծությունը ու ևս մեկ անգամ վերահաստատեց՝ ոչ թե «Մեռնել սիրուց», այլ «Մեռնել սիրելով»: Խմբագրակազմն ու թարգմանիչը երկար են քննարկել:
Ազնվուրի համար կարևոր էր ամեն մի բառը. «Բառը շատ կարևոր է Ազնավուրի համար։ Ես խորհրդակցեցի։ Եկա այն եզրակացության, որ մեռնել սիրելով՝ mourir d'aimer-մեռնել, սիրել, երկուսն էլ բայ է։ Ինքը չէր գրի հենց այնպես։ Եթե մեռնել սիրուց ասեր, կասեր այդպես»։
Այս անգամ Newmag հրատարակչությունն Ազնավուրի երգը վստահեց միջազգային մրցույթներում հաղթած, դրամատիկ ու հուզիչ կերպարներով հայտնի Սյուզաննա Մելքոնյանին. «Ինքս Newmag-ի ընթերցող եմ, գնել եմ Ազնավուր, կարդացել եմ։ Նախագծի մասին գիտեի։ Ասեցին քեզ են ընտրել, շատ գեղեցիկ երգ են ընտրել։ Շատ դրամատիկ ստեղծագործություն է»։
Սյուզաննան խոստովանում է՝ Ազնավուր սիրում է, երգել է, կարդացել է: Այս երգն էլ իր երգացանկի լավագույն կատարումներից կլինի. «Նման բարձր նշաձող ունեցող պրոյեկտներ քիչ են: Նախ փորձել եմ հասկանալ պատմությունը։ Շատ եմ կարդացել Ազնավուր։ Որպես ընթերցող, ճանաչում եմ։ Երգի գործիքավորումը հագուստի պես է։ Քո հագով պետք է լինի։ Newmag-ը ոչ թե քավր է անում, այլ զրոյից գործիքավորում է: Մի յուրահատուկ երգ եղավ իմ ցանկում։ Շնորհակալ եմ Newmag-ին, Արտակ Ալեքսանյանին»։
Չորս տարում Newmag հրատարակչությունը թարգմանեց, հրատարակեց ու հայ ընթերցողին մեծ նվեր մատուցեց Շառլ Ազնավուրի բոլոր գրական ստեղծագործությունները՝ ինքնակենսագրականները, նովելների ժողովածուն: Հերթը պոեզիայինն է: Արդեն թարգմանվել է «Նոր երկիր» գիրքը՝ 113 երգ- բանաստեղծությունով՝ շուտով պատրաստ կլինեն ևս 120-ը: Newmag-ը խոստացել է՝ մինչև Ազնավուրի ծննդյան 100-ամյակը հայերեն կհնչեն շանսոնյեի բոլոր ստեղծագործությունները: Lավագույնները, մեղեդայիններն ու հայտնիները կներկայացվեն նոր թարգմանությամբ, նոր խմբագրմամբ, նոր գործիքավորմամբ ու տեսահոլովակով: