Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպն էկրանավորվորվում է. նկարահանումները սկսվել են (լուսանկարներ)

August 15, 2023

Նարինե Աբգարյանի «Սիմոն» վեպի հիման վրա նկարահանվում է սերիալ: Վեպը 2021-ին ընթերցողների քվեարկությամբ հաղթել է «Մեծ գիրք» գրական մրցույթում: Սերիալի նկարահանումներն արդեն սկսվել են Հայաստանում։ Ինչպես հեղինակի մյուս վեպերում, այս պատմությունը փոքր քաղաքի մասին է, որի փողոցներն ընթերցողի համար կենդանանում են հերոսների պատմություններով:

Սիմոնի ու նրա կանանց յուրաքանչյուրի պատմությունը Նարինե Աբգարյանը հավաքել ու զետեղել է իր «Սիմոն» վեպում։ Սկզբում այն պատմվածք էր, հետո դարձավ վեպ։

 

Նարինե Աբգարյանը միայն իրեն հատուկ նրբանկատությամբ ու գրական հմտությամբ սովորական կնամոլին վերածում է վեպի գլխավոր հերոսի: Նրա շիրիմի շուրջ նախկին սիրուհիները գինի են խմում, պատմում ու վերհիշում իրենց կյանքը՝ հյուսելով տրագիկ ու կոմիկական մի մեծ պատմություն՝ փոքրիկ քաղաքի բնակիչների մասին: Աբգարյանին Սիմոնի մասին պատմել է մայրը: Դեպքը տեղի է ունեցել հոգեհանգստի ժամանակ, որտեղ սգացողները բանավեճ են սկսել հենց հանգուցյալի շուրջ հավաքված: Մի քանի ամիս անց Աբգարյանը սկսեց գրել այն, ինչ լսել էր։

 

Այս արտառոց ու իրական պատմությունը, որը վերածվել է կոլորիտային գրքի, հիմա կունենա նաև իր էկրանավորումը։ «Սիմոնի» ընտանեկան պատմության գործողությունները ծավալվում են հեղինակի հայրենի Բերդում:

 

Կնամոլ Սիմոնին ֆիլմում կմարմնավորի Հրանտ Թոխատյանը, իսկ նրա կանանց դերերում հանդես են գալու Օլգա Կաբոն, Ալյոնա Խմելնիցկայան, Իրինա Բեզրուկովան և Ալիկա Սմեխովան։ Սիմոնին ու նրա կանանց  երիտասարադ տարիքում մարմնավորել են ռուսաստանաբնակ հայ  դերասան Միքայել Արամյանը, Տատյանա Խրամովան, Մարիա Ախմեցյանովան, Մանո Մարիամը և Սոֆյա Դոնիանցը: Սերիալի ռեժիսորը Արման Մարությանն է, որը նաև  էկրանավորել է «Մանյունյան»:  

 

Պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ, սակայն երկար չես սպասի «Սիմոնի» հեռուստաէկրանացմանը։

Կարդացեք նաև