Տեղի ունեցավ «Կյանքի նյարդը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

September 2, 2020

Newmag հրատարակչությունը ներկայացնում է նախկին, մեդիամենեջեր, հասարակական քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանի «Կյանքի նյարդը» կենսագրական վեպը։ Գիրքն իրական փաստերի վրա է հիմնված և ներկայացնում է 1991-1993թթ. Հայաստանն ու արցախյան պատերազմի տարիները: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերության « Բարի Լույս» ծրագրի շրջանակում: Տաղավարում ներկա էին գրքի հեղինակ Արման Սաղաթելյանը, քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը, խմբագիր Արմեն Ամիրխանյանը, թարգմանիչ Անուշ Մարտիրոսյանը:

Արման Սաղաթելյանի վեպն ամենից առաջ 1990-ականների դարակազմիկ փոփոխությունների՝ ԽՍՀՄ փլուզման, անկախացման, արցախյան գոյամարտի ու էներգետիկ ճգնաժամի տարիների նկարագիրն է և այդ համատեքստում նաև 1990-ականների երիտասարդների մասին։ Իրական փաստեր, որոնք ներկայացնում է Արման Սաղաթելյանը, ով այդ ժամանակ 17 տարեկան էր և իր դպրոցական ընկերոջ հետ  ծնողներից թաքուն հավաքում է ուսապարկն ու մեկնում  ռազմաճակատ:

«Կյանքի նյարդի» հեղինակը նկատում է՝ նպատակները այդ տարիներին միանգամից փոխվեցին. «Մինչև այդ ամենը մենք նույնպես մտածում էինք ուսման, կարիերայի  մասին, բայց շատ արագ եղան զարգացումներ, բոլոր պլանները, որ ունեինք, ես էլ, ըստ էության, տեղի չունեցան, իրականություն չդարձավ»:

   

       

Հայրենիքի ու պետության համար վճռորոշ պահին, երկու երիտասարդները մոռանում են իրենց երազանքները, ուսումը, մասնագիտական պլաններն ու մեկնում ռազմաճակատ: Գաղտնի, առանց ծնողների թույլտվության ու իմացության, իսկական ոդիսական է՝ ամփոփված մեկ գրքում: Արման Սաղաթելյանը վերհիշում է. «Տրանսպորտ չկար, Լաչինը ռմբակոծվում էր: ճանապարհը վատն էր, ինչ-որ կերպ, կամազով հասանք, Գորիսի հյուրանոց»:

Երբ ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը կարդաց գիրքը,  հասկացավ՝ Արմանին նորից ու նորովի ճանաչեց: Աբրահամյանը նկատում է՝ գիրքը, որքան էլ հեղինակը հերքում է, ոչ միայն ինքնակենսագրական է, այլ նաև՝ ուսուցողական. «Բավականին ուսուցողական էլեմենտներ ունի, հաճախ չես հանդիպում մարդկանց, ովքեր 19 տարեկանում իրենց կյանքի կարևոր որոշումն են կայացնում, մեկնում են  պատերազմ »:

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանն այդ տարիներին սովորում էր գումարտակի վերածված դպրոցում, որը նաև հիշատակվում է գրքում: Իհարկե, գումարտակի զինվորիների անունները չի հիշում, բայց նրանցից մեկն էլ հենց Արման Սաղաթելյանն էր, որը բացահայտել է արդեն տարիներ անց. «Մեր դասարանը 3-րդ հարկում էր, իսկ զինվորների պահեստները  տեղակայված էին 1-ին և նկուղային հարկերում: Բայց ռմբակոծության ժամանակ բոլորս էինք հայտնվում այդտեղ: Զինվորները ռմբակոծության պահին առաջինը հենց մեզ մոտ էին վազում. այստեղ մեծ խորհուրդ կա: Արցախում, Ստեփանակերտում ապրելը վտանգավոր էր, օրվա ցանկացած պահի, դասի ժամին, թե գիշերը, ռմբակոծվություններ էին, իհարկե, երեխաներիս համար այդ ձայները վախենալու չէին, քանի որ օգտագործված փամփուշտները հետո դառնում էին մեր խաղալիքները»:

Newmag հրատարակչությունն Արմանի՝ «Կյանքի նյարդը» գիրքը թարգմանել է ռուսերենից: Առաջին ու ռուսերեն հրատարկությունը՝ Nervus Vivendi էր կոչվում: Անուշ Մուրադյանը գիրքը թարգմանել է՝ նորից վերապրելով 90-ականները:  Գրքի խմբագիր Արմեն Ամիրխանյանը հեղինակի հետ միայն մեկ հարցում համաձայն չէ: Արման Սաղաթելյանն ասում է, որ գրքի գլխավոր հերոսն իր ընկերն է՝ Տիգրանը: Արմեն Ամիրխանյանը գրքի գլխավոր հերոս կոչում է երկու ընկերների ընկերությունը: Համոզված է՝ հենց դրա շնորհիվ էլ մեծանում է գրքի արժեքը: Գլխավոր հերոսը ընկերությունն է, պարտքի գիտակցումը: 

«Կյանքի նյարդը» գիրք է պատերազմի, խաղաղության, հաղթանկի ու գրեթե կեսդար ձգվող իրական ընկերության մասին: Գիրք, որն ամփոփում է երկու երիտասարդների ու մի ամբողջ սերունդի սխրանքը: