Newmag-ն իր ԳԱԼԱ երեկոյին հայտարարել է 2024-ի աննախադեպ ծրագրերի ու անսպասելի նախագծերի մասին (տեսանյութ, լուսանկարներ)
Newmag հրատարակչությունն ամփոփել է 2023 թվականն ու ազդարարել 2024-ի ծրագրերի մեկնարկը: Հրատարակչությունն իր գալա երեկոն նշել է հայ հեղինակների, գործընկերների և հայտնի ու սիրված դեմքերի հետ: 150-ից ավելի հյուր՝ բանկերի ղեկավարներ, ընկերությունների տնօրեննե
Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի գնահատմամբ՝ 2023-ը Newmag-ի համար եղել է բարեբեր տարի. «Այս տարի 40 անուն գիրք ենք հրատարակել, իսկ 5 տարվա ընթացքում՝ ավելի քան 140 անուն գիրք: Այս տարվա մեր հրատարակած գրքերի մեջ շատ են և՛ գեղարվեստական, և՛ պատմագիտական, և՛ քաղաքագիտական, և՛ հասարակագիտական գրքերը: Թարգմանությունները, որ ներկայացնում ենք, ունեն որակյալ բովանդակություն, համաշխարհային բեսթսելլերներ են, շատ կարևոր ստեղծագործություններ ու գիտական աշխատություններ, որոնց կարիքը հասարակությունը զգում է վստահաբար»։
Խմբագրի խոսքով, որպեսզի ընթերցողները պատկերացում կազմեն գրքերի մասին և ճիշտ կողմնորոշվեն հսկայական քանակությամբ գրքերի շուկայում, հրատարակչությունը փորձում է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ընթերցողին հասցնելու այն կարևոր հատկանիշները, որոնք ունեն հրատարակված գրքերը: Պատրաստվում են տեսանյութեր, կազմակերպվում են արշավներ և հեռուստաշնորհանդեսներ, հայ հեղինակները ներկայացվում են առանձին շարքերով։ «Մենք աշխատում ենք պահպանել ժամանակակից ստանդարտները և նույնիսկ մեր ստանդարտներն ենք թելադրում մանուկների համար ստեղծված հատուկ գրականության մեջ»,- ասաց Նալբանդյանը:
5 տարվա գործունեության ընթացքում հրատարակչությունն այս տարի առաջին անգամ ներկայացավ մանկական մատենաշարով: «Երազ» մանկական մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում ներկայացվել են հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերը. «Ինչպես ցանկացած կայացած ընտանիքում, Newmag-ում էլ հասկացանք, որ ժամանակն է մտածել երեխաների մասին։ Մեզ հաստատ «Երազ» էր պետք, որը «ծնվեց» մայիսին։ Մատենաշարով տպագրվել է 6 մանկական գիրք, «Երազը» մասնակցել է 3 տարբեր փառատոների։ Տարվա ընթացքում այն կունենա 2 փառատոն, մեկը՝ դպրոցական արձակուրդներից առաջ, մյուսը՝ ուսումնական տարվա սկզբին»:
Ներկաներն առաջիններից ստացան առաջիկա՝ ձմեռային փառատոնի հրավիրատոմսերը։ Փետրվարի 10-ին Դվին Music Hall-ում տեղի կունենա Winter Fest 2024-ը։
Newmag հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը տարին ամփոփելուց առաջ ասաց. «2023-ը մենք չենք հիշի 40 տպագրված գրքերով ու դժվար հիշենք կատարված որևէ աշխատանքով: Բոլորիս համար 2023-ը կհիշվի մի բանով. մենք կորցրինք մեր 1500-ամյա քաղաքակրթական բնօրրանը: Կան մարդիկ, որոնք սթրեսից ուտում են, մյուսները չեն ուտում։ Մենք սթրեսից աշխատում ենք: Մեր ամբողջ ահռելի աշխատանքը պայմանավորված է դրանով։ Աշխատում էինք, որ չխելագարվենք ու ստեղծենք մի բան, որը օգտակար կլինի նոր սերնդին։ 2023-ը մեզ համար այն էր, ինչ հնարավոր էր անել տեկտոնական, բարդ, գերէմոցիոնալ տարում, երբ ռացիոնալ միտքը պարտվում էր դառը իրականությանը»:
Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց 2024-ի գլխավոր նորությունները։ Նրա խոսքով՝ հրատարակչատունն ունի ամբիցիոզ ծրագիր. Newmag-ը հրատարակելու է 52 գիրք, իսկ դա նշանակում է, որ ամեն շաբաթ լույս է տեսնելու նոր գիրք։ 2024-ը նշանավորվելու է ռեկորդային թվով արտասահմանցի գրողների այցերով Հայաստան՝ 10-ից ավելի բեսթսելլերների հեղինակներ ու Նոբելյան մրցանակակիր:
Newmag-ի հրավերով Հայաստան կայցելեն ֆրանսիացի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելը, ֆինլանդացի հայտնի պատմաբան Հենրիկ Մեյնանդերը, ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ստիգլիցը, դետեկտիվ և թրիլլեր ժանրերի կիպրական ծագմամբ բրիտանացի սցենարիստ ու գրող Ալեքս Մայքլիդիսը, վրացի պատմաբան Դավիթ Ջիշկարիանին, բուլղարացի արձակագիր, գրականագետ Գեորգի Գոսպոդինովը, լատվիացի գրող Յանիս Յոնևսը և արգենտինացի գրող Լուչիանո Վերնիքը:
Newmag-ը 2024-ին հատուկ նախաձեռնությամբ կտոնի Ազնավուրի 100-ամյակը և Տիգրան Հայրապետյանի 60-ամյակը։ Հրատարակչությունը հաջորդ տարի գործարկելու է իր նոր բջջային հավելվածը, որով հնարավոր կլինի վերջապես կարդալ գրքերը։ Նախատեսվում է նաև աուդիո գրքերի արտադրություն։ Ե՛վ հավելվածում, և՛ կայքում Newmag-ը պատրաստելու է նաև պոդքասթներ։ Արդեն կան առաջին 5 հեղինակները։
Եվ վերջապես հաջորդ տարի հրատարակչատունը բացում է իր ուսումնական կենտրոնը։ Academy by Newmag-ը նախատեսված է 25-45 տարեկան միջին ու բարձր օղակներում աշխատող պրոֆեսիոնալների համար։ Դասընթացները լինելու են սահմանափակ թվով մասնակիցներով, որոնց դասավանդելու են հայ և արտասահմանցի դասախոսներ։
Եզրափակելով իր ելույթը՝ Արտակ Ալեքսանյանը նշեց, որ Newmag-ը դառնում է ավելին, քան ուղղակի գիրք հրատարակող. «Մեր բազմաթիվ պրոդուկտներով, փառատոների կազմակերպմամբ, պոդքասթների թողարկմամբ և վերապատրաստման դասընթացներով Newmag-ը դառնում է վայր, որտեղ գալիս են սովորելու և սովորեցնելու, ոգեշնչելու և ոգեշնչվելու, խոսելու և բանավիճելու համար։ Մի խոսքով, եթե դուք մտածում եք, ուրեմն Newmag-ը ձեր հանգրվանն է»։
Իր գործունեության 5 տարիների ընթացքում հրատարակչությունը ոչ միայն ձեռք է բերել հազարավոր ընթերցողներ, այլև հավատարիմ գործընկերներ, ովքեր վստահել են Newmag-ին ու համատեղ ներկայացրել են գրքեր և գրական նախագծեր։ Հենց այդ մարդկանց մասնակցությամբ հրատարակչությունը նշեց իր գալա երեկոն, ամփոփեց 2023-ը։ Իսկ 2024-ին հրատարակչությունը կունենա գլխավոր ուղերձը. Newmag-ը ոչ միայն և առաջին հերթին միայն հրատարակչություն չէ, այլ մտքի գեներացման հիմնական աղբյուրներից մեկը:
NEWMAG GALA-ի ընթացքում ներկաները համտեսեցին Berlin Wine Trophy և Modial միջազգային մրցույթներում մրցանակների արժանացած գինիներ: Zara Wines գինիների հեղինակը գինեգործ Զառա Մուրադյանն է։ Նա հանդիսանում է միջազգային ամենահայտնի գինու մրցույթների մրցավար: