Newmag-ը ներկայացնում է Ֆրեդերիկ Բաքմանի ևս մեկ ջերմ ու բարի պատմություն՝ «Տատիկս բարևում է և ասում` կներեք» գիրքը (թրեյլեր)

April 1, 2024

Պատրաստեք անձեռոցիկ կամ թաշկինակ՝ արտասվելու ու միաժամանակ անզուսպ ծիծաղելու համար։ Ջերմ ու զվարճալի պատմություն «Ուվե անունով մարդը» համաշխարհային բեսթսելլերի հեղինակից։ Յոթ տարեկան էլզայի միակ ընկերը՝ սիրելի ու էքսցենտրիկ տատիկը, մահանում է՝ ժառանգություն թողնելով նամակների մի հաստ տրցակ։ Տատիկը նամակով ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում նեղացրել է։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում են փոքրիկ աղջկա մեծ արկածները։ Գրքի գլխավոր գործընկերը «Բուկինիստ» ընկերությունն է։

«Տատիկս բարևում է և ասում` կներեք» վեպը յոթ տարեկան աղջկա ու նրա տատիկի մասին է։ Սիրելի տատիկի մահից հետո, յոթնամյա թոռնուհին հայտնվում է անսովոր, զարմանալի ու արկածներով լի աշխարհում։ Ամեն ինչ սկսվում է նամակներից, որոնք աղջիկը պետք է փոխանցի տատիկի ընկերներին։ Այստեղ էլ պարզվում է վեպի վերնագրի գաղափարը՝ «Տատիկս բարևում է և ասում` կներեք»։ Նամակների հասցեատերերը, պարզվում է, տատիկի հարևաններն են, որոնցից տատիկն ուզում է ներողություն խնդրել՝ նրանց նեղացնելու համար։  

«Տատիկս բարևում է և ասում` կներեք» վեպում, ինչպես Ֆրեդերիկ Բաքմանի նախորդ վեպերում ընթերցողը կգտնի բազմաթիվ կերպարներ՝ յուրահատուկ ու բացառիկ բնավորություններով ու խառնվածքով։ Ընդամենը մի քանի էջ հետո նրանք կդառնան հարազատ ու ընտանիքի անդամ։ Վեպ զարմանալի, անկանխատեսելի կյանքի, ընտանիքի ու ընկերների կարևորության մասին։ Տասնյակ պերսոնաժներ, իրական, արտասովոր խարիզմայով կերպարներ հուզիչ ու հումորային վեպում։  

Աստվածաբանությունը թողած ու բեռնատարներ վարող շվեդ գրողը 25 տարեկանում որոշեց գրել նախ թերթերի ու ամսագրերի, հետո իր բլոգի համար։ Իսկ 2013-ին գրեց առաջին վեպը։ Նրա բոլոր գրքերը տարբերվում են շողացող հումորով ու կենցաղային սուր հումորով։ Մի քանի տարի անց գրողի վեպերը թարգմանվեցին 40 երկրներում ու վաճառվեցին ավելի քան հինգ միլիոն օրինակով։  

2022-ին Newmag-ը հրատարակեց Բաքմանի «Ուվե անունով մարդը» գեղարվեստական գործը։ Միայնակ ու մշտապես դժգոհ մարդու պատմությունը միանգամից սիրվեց հայ ընթերցողների շրջանում, ինչի պատճառով էլ հրատարակչությունը որոշեց ներկայացնել ևս մեկ գործ հեղինակից։

Տարեց ու մի քիչ էլ ցնդած տատիկի ու իր հասակակիցներից շատ տարբերվող թոռնիկի հուզիչ ու զվարճալի պատմությունը կյանքի, մահվան և մյուսներից տարբերվելու մասին է։ Գրքի գլխավոր գործընկերը «Բուկինիստ» ընկերությունն է։ Վեպի շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 4-ին, 19:00, «Զանգակ» գրատանը՝ Newmag-ի ամսվա շրջանակում։