[newmusic] Ալ Պաչինոն, Զիվանի թոռը, Coldplay, գրեթե սթափ Snoop Dogg և դեռահասական կիրք

June 17, 2017

Մինչ Հայաստանում շաբաթվա ամենաքննարկվող երաժշտական նորությունը «Руки Вверх»-ի` գալիք համերգն է ու դրա հետևանքով երաժշտասերների մշակութային հերթական հիասթափությունը, աշխարհում ծնվեցին նոր երգեր ու տեսահոլովակներ:  Թեև իրականում, ամեն ինչ այնքան վատ չէ, որքան կարող է թվալ (եթե իհարկե տեղյակ չեք Վրաստանում տեղի ունենալիք համերգներից):
Մի խոսքով` առաջարկում եմ իսկապես չտխրել ու լսել լավ երաժշտություն: 
Ես չեմ հասկանում, թե ինչու եմ հավանում այս գործը: Գուցե պատճառն անվանումն է` «Al Pacino», քանի որ այն աշխատող է թե՛ որպես մարկետինգային քայլ, թե՛ որպես մեծն Պաչինոյի հետ ասոցիացիաներ առաջացնելու միջոց, թեև բուն երաժշտությունը բավականին հեռու է հոլիվուդյան լեգենդի կերպարից: 

Արդեն խոստովանել եմ, որ Coldplay-ի, մեղմ ասած, մեծ երկրպագու չեմ, սակայն այս անգամ խումբը զարմացրեց: «All I Can Think About Is You»-ն առաջին հերթին ուրախացրեց բաս կիթառի գեղեցիկ գծով ու երգին մոտենալու լրջությամբ: Խումբը, կարծես, որոշել է գրավել նաև «պոպուշ» ռոք չսիրող զանգվածին: 

Եթե հետևում եք Snoop հորեղբայրի գործունեությանը, պետք է որ նկատած լինեք, որ այս արտիստը երբեմն «զզվացնելու» բնավորություն ունի` իր մասին և իր կողմից տարածած բովանդակության քանակի առումով: Մինչև «Revolution»-ի հղումով անցնելը մտածեցի, որ սա այդ  օպերայից է, բայց պարզվեց` ոչ: Snoop-ն այստեղ ուրիշ է` լուրջ, մի փոքր ջղայն և, կարծես թե, չծխած (դժվար):

Կան երգեր, որոնք լսելիս մտածում ես «ինչ լավ սաունդթրեք կլիներ, եթե ֆիլմ նկարեի»: Queens of Stone Age-ի «The Way You Used To Do»-ն հենց այդպիսի երգ է: Պատկերացնում ես կաբրիոլետ, որի ղեկին նստած է ֆիլմի հերոս-հանցագործը և ընկերների հետ մայրուղով սլանում է դեպի, օրինակ, Լաս Վեգաս` ոչ բարի նպատակներով: 

Jorja Smith-ի մասին newmag-ի հավատարիմ ընթերցողներն արդեն գիտեն` «Beautiful Little Fools» երգով, որը երգչուհին գրել էր 16 տարեկանում` ոգեշնչվելով «Մեծն Գեթսբի»-ից: Այս անգամ նա ներկայացրել է «Teenage Fantasy»-ն: Չգիտեմ, թե այս դեպքում որն է եղել նրա ոգեշնչման աղբյուրը, բայց երգը ստացվել է, իսկ երգչուհու` տեսահոլովակում երևացող ըըը բարեմասնություններն իրենք իրենցով կարող են ոգեշնչման աղբյուր դառնալ: 

Չեմ ցանկանում երկար-բարակ խոսել The Weekend-ի մասին: Պարզապես պետք է խոստովանեմ, որ նա այն դեպքերից է, ում մասին ակամա գրում ես, նույնիսկ եթե չես հավանում նրա նոր գործը: «Secrets»-ն, անկեղծ ասած, վատը չէ: Երգում կա «դաֆթփանքյան» շունչ, իսկ տեսահոլովակը ստիպում է ծափահարել օպերատորական աշխատանքին: 

Այս հատվածում տեքստը սովորականից երկար կլինի, ինչի համար հայցում եմ ձեր ներողամտությունը: Ժամանակի ընթացքում բազմաթիվ փորձեր են արվել հայկական դուդուկը նոր մակարդակի վրա բարձրացնելու և «թաղումային» երաժշտության պիտակը վերացնելու ուղղությամբ և մեր ծիրանափողն, իսկապես, արժանի է ավելի լավին:



Մհեր Խաչատրյանի հեղինակային երաժշտական, շաբաթական սյունակների ամբողջական ցանկ





Ինձ համար դուդուկի` միջազգային հնչողության ամենահաջողված օրինակներից է Peter Gabriel-ի «The Feeling Begins»-ը, որը Մարտին Սկորսեզեի` «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի փայլուն սաունդթրեքն էր: Մեր հայրենակիցներից առաջին հերթին պետք է նշել, իհարկե, Ջիվան Գասպարյանին, ով «Գլադիատոր» ֆիլմի միջոցով գործիքն ավելի ճանաչելի դարձրեց աշխարհում: Ցավոք, շատ դեպքերում դուդուկի` միջազգային ֆորմատով կիրառումը մի փոքր ռաբիս երանգներ է ստանում, նույնիսկ երբ նրանով հնչում է Titanic-ի հայտնի մեղեդին:
Եվ ահա, երեկ իմ նյուզֆիդում հայտնվում է Ջիվան Գասպարյանի թոռան`  Jivan Gasparyan Jr.-ի տեսահոլովակը` «Apricot Jam» անունով: Չեմ կարող բացատրել, թե հատկապես ինչն ինձ գրավեց այս գործում: Մի կողմից` կա դասական դուդուկային տխրություն, բայց «թաղումային» այն չես անվանի: Մյուս կողմից` որակյալ գործիքավորում և առանց «հայրենասիրական» սիմվոլիկայի տեսահոլովակ: Ինչպես ասում են` «что-то в этом есть»: Ուրախ կլինեմ, եթե լինեք ակտիվ ու մեկնաբանություններում ձեր կարծիքը հայտնեք «Apricot Jam»-ի մասին: