Newmag-ը ներկայացնում է համաշխարհային նոր բեսթսելլեր՝ Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» թրիլլերը (թրեյլեր)

April 12, 2023

Սյուժետային անսպասելի շրջադարձեր, կախվածություն առաջացնող պատմություններ, որոնք ստիպում են ամբողջ ընթացքում շունչդ պահած հետևել չորս հերոսի գործողություններին: Որքան ավելանում են բացահատումները, այնքան ավելի է խճճվում սյուժեն։ Newmag-ը ներկայացնում է Քարեն Մակմանուսի ամենահաջողված գիրքը, որն ավելի քան 150 շաբաթ մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Շնորհանդեսը ապրիլի 13-ին է, «Զանգակ» գրատանը, մուտքն ազատ է։

«Մեզնից մեկը ստում է» վեպը նոր շունչ է բերել այս ժանրում: Իր գրավիչ և դինամիկ սյուժեով  թույլ է տալիս մտածել, կառուցել վարկածներ և լուծել գլուխկոտրուկներ: Հինգ աշակերտ պատահաբար կամ էլ դիտավորյալ պատժվում են ու հայտնվում նույն սենյակում։ Պատժի սենյակից ողջ են դուրս գալիս չորսը և նրանցից առնվազն մեկը ստում է։ Այս համառոտ նկարագրությունը միանգամից գրավեց հազարավոր ընթերցողների ամբողջ աշխարհում, ու Քարեն Մակմանուսի «Մեզնից մեկը ստում է» թրիլլերը դարձավ բեսթսելլեր։  

Քարեն Մակմանուսը հայտնի է հատկապես երիտասարդների համար նախատեսված թրիլլերների հեղինակ։ Նրա բոլոր ստեղծագործությունները դարձել են միջազգային բեսթսելլերներ. «Գիրքն իմ ուղեղում ծնվեց ու հայտնի դարձավ կայծակնային արագությամբ։ Այս գիրքը ֆենոմենալ էր ամեն առումով՝ արագ գրեցի, արագ վաճառվեց և շատ արագ դարձավ իր ժանրում առաջատար»։

                                                                                                                                                                                               

«Մեզնից մեկը ստում է» վեպը Մակմանուսի առաջին և ամենահաջողված գիրքն է, որն ավելի քան 150 շաբաթ մնացել է The New York Times-ի բեսթսելլերների ցանկում: Վեպը հետագայում դարձել է գրողի եռագրության առաջին գիրքը: Թարգմանվել է 42 լեզվով և ամբողջ աշխարհում վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ: Peacock-ն էկրանավորել են վեպը, որը դիտում է ամբողջ աշխարհը՝ շունչը պահած։  

Առեղծվածային պատմությունը զարգանում է մեծ արագությամբ ու առաջացնում կախվածություն: Լեզուն, սյուժեն, սրընթաց զարգացումներն ու գաղտնիքներն ընթերցողին ստիպում են մրցավազքի մեջ մտնել՝ փորձելով ինքնուրույն բացահայտել թնջուկը: Los Angeles Times-ն այս գործի մասին գրել է. «Այս գիրքը լի է շրջադարձերով և ոչ մի րոպե չի ձանձրացնում: Կասկածելի քառյակի խնդիրները, վախերն ու մոտիվները բացահայտվում են անսպասելի  հանգուցալուծումներով: Քիչ գրքեր կան, որոնք կարդալիս կորցնում ես ժամանակի մասին պատկերացումը: Սա վստահաբար դրանցից մեկն է»:  

Գրքի գործընկերը «Զանգակ» գրատունն է ու հենց «Զանգակում» Newmag-ի ամսվա շրջանակում՝ ապրիլի 13-ին, 19:00, տեղի կունենա «Մեզնից մեկը ստում է» թրիլլերի շնորհանդեսը, մուտքն ազատ է։