Մի կողմում ծնողներն են, մյուս կողմում՝ բժիշկները․ ինչո՞ւ պետք է պատվաստվել

May 12, 2020

«Մահաբեր ընտրություն» գիրքը տալիս է բոլոր պատասխանները եւ քողազերծում պատվաստանյութերի հետեւանքների մասին սարսափ պատմությունները։

Մի կողմում ծնողներն են:

Ամեն շաբաթ նրանց ռմբակոծում են պատվաստանյութերի վտանգների մասին պատմություններով: Նրանք անընդհատ լսում են, որ երեխաներին չափազանց շատ են պատվաստում՝ ծանրաբեռնելով նրանց իմունային համակարգը, հետո ծնողները ստիպված են լինում նայել՝ ինչպես են իրենց երեխաները մի քանի տարվա ընթացքում 35 ներարկում ստանում, երբեմն՝ միանգամից 5 պատվաստում: Նրանք լսում են, որ պատվաստումները քրոնիկ հիվանդություններ են առաջացնում, և այդ մասին տեղեկանում են հայտնի մարդկանցից, ում վստահում են՝ Օփրա Ուինֆրի, Լարի Քինգ, Բիլ Մաար, Դոն Իմուս, Ջենի ՄաքՔարթի և Ջիմ Քերի: Այս մասին խոսում են կոնգրեսականները՝ Քերոլին Մելունին, Քրիս Սմիթը, Դեյվ Ուելդոնը, Դեն Բերթոնը, հեռուստալրագրողներ Շերիլ Էթքինսոնը CBS հեռուստաալիքի երեկոյան նորություններից և հանրահայտ բժիշկներ Մեհմեդ Օզին և Ռոբերտ Սիրզը: Բայց ամենից հաճախ պատվաստանյութերի վնասների մասին լսում են իրենց նման ծնողներից, որոնք պնդում են՝ իրենց երեխաները պատվաստումից առաջ լավ էին զգում, իսկ պատվաստումից հետո՝ ոչ: Հասկանալի է, թե ինչու որոշ ծնողներ հրաժարվում են պատվաստել իրենց երեխաներին, ընդ որում, տասը ծնողից առնվազն մեկը հրաժարվում է մեկ կամ ավելի պատվաստումից: Ոմանք ընդհանրապես չեն պատվաստում իրենց երեխաներին: 1991 թվականից ի վեր չպատվաստված երեխաների թիվը կրկնապատկվել է :

Մյուս կողմում բժիշկներն են:

Նրանք հոգնել են պատվաստումների անհատական գրաֆիկ պահանջող ծնողներից, բայց և վախենում են երեխաներին առանց պատվաստելու տուն ուղարկել: Չպատվաստված երեխաներով լի ընդունարանները վտանգավոր են դառնում. անգամ բժշկի ընդունարանում երեխան կարող է վարակվել որևէ հիվանդությամբ, եթե պատվաստված չէ: Բժիշկները սկսել են կտրուկ դիրքորոշում ցուցաբերել. յուրաքանչյուր տասը մանկաբույժից չորսը հրաժարվում է ընդունել ընտանիքների, որտեղ երեխաներին չեն պատվաստում՝ այդպես ծնողներին մղելով դիմել կա՛մ մանուալ թերապևտներին, կա՛մ ավելի պատրաստակամ բժիշկների:

Այս ամենի հետևանքով տուժում են երեխաները:

Անպաշտպան մնալով նրանք տառապում են նույն վարակներից, որոնք դեռ իրենց տատիկ-պապիկներին էին տանջում: Կարմրուկի, խոզուկի, կապույտ հազի և բակտերիալ մենինգիտի՝ վերջերս բռնկված համաճարակների ժամանակ հարյուրավոր երեխաներ են հիվանդացել, իսկ մի քանիսն անգամ մահացել են, որովհետև նրանց ծնողները պատվաստանյութերից վախենում էին ավելի, քան այն հիվանդություններից, որոնցից այդ պատվաստանյութերը պաշտպանում են:

Այս ամբողջ խառնաշփոթի մեջ ևս մեկ խումբ է ձևավորվել՝ վրդովված ծնողների մի նոր խումբ, որոնց զայրացնում է, որ չպատվաստված երեխաներն իրենց երեխաներին նույնպես վտանգի են ենթարկում:

Այդ ծնողներից ոմանց երեխաներին պատվաստումը հակացուցված է: Նրանց օրգանիզմն առանց այդ էլ թուլացած է, որովհետև քաղցկեղի դեմ քիմիաթերապիա են ստանում, փոխպատվաստման ժամանակ ընդունում են իմունային համակարգը ճնշող դեղամիջոցներ կամ ասթմայի համար նախատեսված սթերոիդ հակաբորբոքային միջոցներ, հետևաբար երեխաների այս խումբը հատկապես խոցելի է: Այս երեխաների առողջական վիճակը կախված է այն բանից՝ իրենց շրջապատողները պատվաստվա՞ծ են, թե՞ ոչ։ Համաճարակների բռնկման դեպքում այս երեխաներն ամենախոցելին ու ընկալունակն են վարակների նկատմամբ: Մենք կանգնել ենք բարդ ընտրության առաջ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում, երբ ավելի շատ նահանգներ թույլ տվեցին պատվաստելիս բացառություններ անել, հանրային առողջությունն անկում ապրեց: Եվ հարցն ավելի սուր է դրված. արդյոք նահանգային իշխանությունը պիտի շարունակի՞ թույլատրել ծնողներին հրաժարվել պատվաստումներից, թե՞ պիտի միջամտի ու զրկի նրանց այդ իրավունքից: Այս գիրքը պատվաստանյութերից վախի, վախի վրա հիմնված ընտրություն կատարելու և այդ ընտրության հետևանքների մասին է: Նաև այն բողոքի ալիքի, որ բարձրանում է այս իրավիճակի դեմ: