Ինչպե՞ս նորաձև պեդիկյուր անել. աշուն-ձմեռ սեզոնի միտումները

September 28, 2017

Մարմարյա պեդիկյուր


Նորաձև է այն ամենը, ինչ ներշնչված է բնությունից: Մարմարի քար հիշեցնող պեդիկյուրը շատ ներդաշնակ է տարվա այս սեզոնին: Եթե ունեք պեդիկյուրի լավ մասնագետ, նա կկարողանա ոտքերի եղունգները դարձնել ոչ միայն մարմարյա, այլ նաև գրեթե նույնությամբ ստանալ զմրուխտից, մինչև շագանակագույն հասպիսի պատկերներ: Սովորական լաքերով նման պատկերներ ստանալ տնային պայմաններում բարդ կլինի:
Մարմարի ձևով մանիկյուր տանը կարող եք փորձել անել ջրի ու եղունգների լաքի միջոցով: Սա, այսպես ասած, ջրային մանիկյուրն ու պեդիկյուրն է:  Պրոցեսը բավականին բարդ է: Ավելի արդյունավետ կլինի նույնը պահանջել մասնագետից:

Մետաղական պեդիկյուր


Մետաղական փայլը եղունգների վրա արդեն առաջին սեզոնը չէ, որ նորաձև է: Այս աշնանն ու ձմռանը նորից շատ նորաձև են ու նաև շատ պրակտիկ արծաթագույն, ոսկեգույն ու բրոնզագույն լաքերը: Կարող եք նաև ընտրել ավելի ծիածանագույնից, մինչև տիեզերական, մարգարտափայլ ու հայելային պատկերներ:  
Շատ նորաձև է «կոտրված ապակու» էֆեկտը: Նույն փայլուն էլեմենտները, բայց ոչ ամբողջ եղունգի վրա, դրանք դասավորվում են մոզաիկայով ու հիշեցնում կոտրված ապակի: Այդպիսի պեդիկյուրն ինքնուրույն անել նույնպես շատ դժվար կլինի: Պետք կգան հատուկ փայլաթիթեղներ: Եթե, ամեն դեպքում, կորոշեք փորձեր անել սովորական լաքերով ու ինքնուրույն, սկզբում օգտագործեք գունավոր բազային լաքը, հետո եղունգներին ամրացրեք փայլաթիթեղը ու նորից քսեք երկշերտ անգույն պաշտպանիչ լաք:  

Լուսնային պեդիկյուր


Լուսնային կամ հոլիվուդյան մանիկյուրի ու պեդիկյուրի հանդեպ հետաքրքրությունը մեկ մարում, մեկ նորից բոցկլտում է: 2017-ի ավարտին այն  նորից թրենդային է: Թարս ֆրենչով այս պեդիկյուրը կարելի էր հանդիպել Նորաձևության շաբաթների ժամանակ շատ մոդելների ոտքերին: Նրանք, ովքեր նախընտրում են սովորական ֆրենչը, կարող են չանհանգստանալ, այն դասական է ու միշտ նորաձև: Ֆրենչը նաև շատ հարմար է աշնանային ու ձմեռային պեդիկյուրի համար: Գեղեցիկ է, իսկ նուրբ գիծն էլ վիզուալ երկարեցնում է եղունգները:
Մոնոքրոմ, թե՞ երկգույն
Հատկապես ձմռանն ու աշնանը խայտաբղետ, քարերով ու պատկերներով մանիկյուրն ու պեդիկյուրը պետք է փոխարինել միագույնով:  Խնամված, մեկ գույնով պատված եղունգները միշտ են նորաձև, գեղեցիկ ու էլեգանտ: Փակ կոշիկների սեզոնի համար շատ լավ տարբերակ է նաև երկգույն մանիկյուրը: Լաքերը պետք է լինեն կոնտրաստային գույների: Տարբերակներից մեկը, երբ բոլոր մատները մեկ գույնով են պատված, տարբեր է լինում միայն չորրորդ մատի եղունգի գույնը (օրինակ, ոսկեգույն, արծաթագույն): Նրանք, ովքեր, այնուամենայնիվ, նախընտրում են պատկերներով պեդիկյուրը, պետք է ընտրեն աշնանային թեմաներ` ծաղիկներ, տերևներ, իսկ ձմռանն` արդեն ձյունիկներ:

Ձևը, երկարությունն ու գույնը


Մանիկյուրի ու պեդիկյուրի գլխավոր թրենդը` պարզությունն ու բնական լինելն են: Եղունգի երկարության հարցում եղեք մինիմալիստ: Երկար եղունգները պետք են դեկորների ու պատկերների համար, բայց դրանք արդեն հնաոճ են: Կարճ եղունգներ ունենալու մյուս պատճառն էլ այն է, որ դրանք գուլպաների ու կոշիկների տակից չպետք է խանգարեն: Մուգ կանաչը կամ մուգ կապույտը, ալ կարմիրն ու գինու կարմիրը, ոսկեգույնն ու արծաթագույնը` ահա այն գույները, որոնք այս աշնանն ու գարնանն ամենանորաձևն են: Բացառություն չեն նաև պաստելային դասական գույները` մեղմ վարդագույնը, մարմնագույնը կամ ծիրանագույնը:
Մի փորձեք համադրել մանիկյուրի ու պեդիկյուրի դիզայնը կամ գույնը: Դրանք կարող են ու պետք է լինեն տարբեր:
LIFEHACKER