[Ֆոտոռեպորտաժ] Տնտեսագիտական ականավոր ու բանկային համակարգի նշանավոր դեմքերը՝ «Կապիտալիզմ և ազատություն» գրքի շնորհանդեսին

December 11, 2021

Newmag-ը թարգմանել ու հրատարակել է Նոբելյան մրցանակի արժանացած, տնտեսագիտական ֆունդամենտալ աշխատության հեղինակ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին՝ տնտեսագիտության ու բանկային ոլորտների անվանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Կապիտալիզմ և ազատություն» գիրքը հայերեն թարգմանելու գաղափարը «Արդշինբանկի» վարչության նախագահ Արտակ Անանյանինն ու վարչության անդամ և ֆինանսական տնօրեն Դավիթ Սարգսյանինն է։ Այս մասին Արտակ Անանյանը պատմեց շնորհանդեսին։

 

   

 

Գաղափարն իրականություն է դարձրել Newmag-ը՝ թարգմանական ու խմբագրական թիմում հավաքելով ոլորտի պրոֆեսիոնալներին։ Գիտական խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է, թարգմանիչը՝ Լիանա Զաքարյանը, խմբագիրը՝ Տաթևիկ Նալբանդյանը:

  

 

Հրատարակչության համար այս շնորհանդեսը պատասխանատու էր՝ առաջին անգամ Newmag-ն ընթերցողին ներկայացնում է նաև տնտեսագիտության ոլորտի ձեռնարկ։

 

Միջոցառմանը ներկա էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին  նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը, էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը, ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը, տնտեսագետներ Վարդան Բոստանջյանը, Ատոմ Մարգարյանը, Թաթուլ Մանասերյանը։

 

  

  

Գիրքը 20-րդ դարի երկրորդ կեսի ամենաազդեցիկ գիտական աշխատություններից է։ Նրա գաղափարները տպագրվել են դասագրքերում և դարձել պետական քաղաքականություն՝ ընդգծում են շնորհանդեսին ներկա տնտեսագետները ու հավելում՝ 60 տարի առաջ լույս տեսած գիրքը դեռ արդիական է տնտեսագիտության ոլորտում՝ թեզերն ու ճգնաժամերից խուսափելու հստակ քայլերն այսօր էլ օգնում են շատ երկրների։

 

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի արժանացած գիրքը թարգմանվել է մոտ երկու տասնյակ լեզվով։ Ֆրիդմենը համարվում է Ադամ Սմիթի գաղափարախոսության շարունակողներից, և լիբերալիզմի տեսության զարգացնողներից մեկը:

  

Շնորհանդեսն անցավ ջերմ ու հաճելի միջավայրում, ինտերակտիվ քննարկումներով։

 

  

 Տնտեսագետների ոգևորությունը, որ այս ֆունդամենտալ գիրքը ի վերջո թարգմանվեց հայերեն, Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանն իր ելույթում ընդգծեց. «Եթե Հայաստանում յուրաքանչյուր բանկ տարին մեկ խոշոր տնտեսագիտական կոթողային գիրք թարգմանի, մեր միտքը կմարզվի և կընկալի տնտեսական միջազգային երևույթները։ Մենք մի քանի տարում կձևավորենք այն մասնագիտական գրադարանը, որը պարտադիր կլինի ոլորտում հայտնված յուրաքանչյուրի համար։ Այդ թարգմանությունների շնորհիվ կհղկվի մեր տնտեսագիտական բառապաշարը, գիտական բանաձևերը հայերեն կուսումնասիրեն բուհերում։ Ու գուցե այդ միջավայրում գրվեն հայերե՛ն տնտեսագիտական բարձրաժեք աշխատություններ, որոնք կցանկանան թարգմանել օտարները»։