Քաղաքական պոպուլիզմը աշխարհում և Հայաստանում

March 8, 2017

Խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված շաբաթներ, արդեն պարզ է, որ քարոզարշավն անցնելու է ծայրահեղ պոպուլիստական կարգախոսներով: ԱԺ հայտարարությունների ժամին դեռ անցած տարի արդեն հստակ երևում էին դրա նախանշանները, երբ քաղաքական գործիչները տալիս էին պոպուլիստական խոստումներ՝ տնտեսական բարգավաճումից մինչև աննախադեպ ցուցանիշներ:
Պոպուլիզմը միայն հայկական երևույթ չէ, համաշխարհային քաղաքական մոդա է. այն 2016 թվականի ամենագլխավոր թրենդն էր, որ շոշափելի հաջողություններ գրանցեց գրեթե բոլոր մայրցամաքներում: Եվ մեծ է հավանականությունը, որ համարժեք արդյունքներ լինեն նաև Հայաստանում:

Շատ կարճ, առանց ձանձրացնելու. ի՞նչ է պոպուլիզմը


Պոպուլիզմն ամբոխավարությունն է, երբ քաղաքական ուժը ձգտում է նվաճել զանգվածների աջակցությունը, դուր գալ նրանց: Պոպուլիստ գործիչների իրական նպատակները (պայքար իշխանության համար, հարստացում), որպես կանոն, քողարկվում են սոցիալապես գրավիչ գաղափարներով: Պոպուլիստները շահարկում են աղքատ և անխելք մարդկանց տնտեսական և սոցիալական շահերը՝ սիրաշահելով նրանց պրիմիտիվ ինքնասիրությունը:

Ի՞նչ եղավ 2016-ին


Ամբողջ աշխարհում ընտրություններում սկսեցին հաղթել պոպուլիստական ելույթներ ունեցող քաղաքական գործիչները: Դրա ամենավառ ապացույցը հենց Դոնալդ Թրամփն է: Նա խոստացավ (ու կարծես թե սկսել է) պատ կառուցել Մեքսիկայի սահմանի ամբողջ երկայնքով, իջեցնել հարկերը և «չորացնել լիբերալ այն ճահիճը», որի մեջ երկիրը հայտնվել էր Օբամայի օրոք:
Իտալացիները՝ քաղաքական նորաձևության հետևից
Ամերիկայում դեռ նախընտրական կրքերը չէին էլ թեժացել, երբ իտալացիներն արդեն պետք է կատարեին դժվարին ընտրություն:
Իտալիայի քաղաքական համակարգը երկար տարիներ գրեթե կաթվածահար էր եղել խորհրդարանական կառավարման բարդ հակակշիռների պատճառով: Իտալիան ունի երկպալատ խորհրդարան: Այդ երկու պալատների քաղաքական սակարկությունների պատճառով ամենակարևոր ու կենսական օրինագծերը կարող էին տարիներով քննարկվել: Սահմանադրության փոփոխության նախագիծը լուծում էր այդ խնդիրը և որոշակի առումով ուժեղացնում կենտրոնական գործադիր իշխանությունը: Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ամբողջ ամառ հայտարարում էր. «Աշխարհն ունի Իտալիայի կարիքը: Բայց ես չեմ ցանկանում իմ երկիրը դարձնել թանգարան. այն պետք է լինի լաբորատորիա»:
Իտալիան հանրաքվեով մերժեց նախագիծը, Ռենցին հրաժարական տվեց: Այստեղ, սակայն, կարևոր է ոչ թե այն, թե ինչու եղավ, այլ թե ով նախաձեռնեց ՈՉ-ի քարոզարշավը: Եվ ո՞վ է Իտալիայի ընդդիմադիր այդ ուժը: Հիմնական ընդդիմախոսը «Հնգաստղանի շարժում» անունով կազմակերպությունն է, որոնց համարում են եվրոսկեպտիկներ, և որոնց առաջնորդը հումորիստ Բեպե Գրիլյոն է: Գրիլյոյի կուսակցությունը 2013-ի խորհրդարանական ընտրություններին ստացել էր քվեների ավելի քան 2 5 տոկոսը:
Անգլո-ֆրանսիական պոպուլիզմ
Քաղաքական պոպուլիզմն արդեն հանրային իրողություն է եվրոպական ամենահին ժողովրդավարություններում՝ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Բրեքզիտը դրա ամենավառ օրինակն էր, Լը Պենը՝ դրա ամենավառ ներկայացուցիչը:
Հետաքրքրական է, որ երկու դեպքում էր հռետորաբանությունը կառուցվում է ընդդեմ քաղաքական և տնտեսական վերնախավի՝ դիրքավորվելով փոքր ու միջին դասի ներկայացուցիչների շարքերում:
Գլոբալացման անկումը
Ակնհայտ է, որ քաղաքական այս արկածախնդրության պատճառը վատ տնտեսական ցուցանիշներն են: Դրա պատճառով են մարդիկ հիասթափվել գլոբալացման գաղափարից, այդ պատճառով են բրիտանացիները ցանկանում պարփակվել իրենց կղզում, այդ պատճառով է Թրամփը բղավում՝ նախ՝ Ամերիկան, նախ՝ Ամերիկայի համար:
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանի բոլոր իշխանություններն այս հարցերին պատասխանել են գրեթե նույն կերպ, լավ կամ վատ՝ նույն դաշնակիցների հետ երկխոսությունը վարել են նույն տրամաբանությամբ: Հետևաբար քաղաքական ընտրարշավին պետք է պատասխանել հետևյալ հարցերին.

  • Ո՞վ կարող է տնտեսական ավելի լավ ցուցանիշներ ապահովել:

  • Ո՞վ կարող է պայքարել կոռուպցիայի դեմ:

  • Ո՞վ կարող է իսկապես պատժել տնտեսական հանցագործներին:


Այս ընտրություններում պոպուլիզմը կդրսևորվի իր ձևով, բայց բովանդակությամբ տարբեր կլինի: Կմնան բաց հետևյալ հարցերը.

  • Ո՞վ կարող է լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

  • Ո՞վ կարող է նոր ուղղություն մտցնել երկրի արտաքին քաղաքականության մեջ:

  • Ո՞վ կարող է ապահովել երկրի անվտանգությունը:


Բայց կարո՞ղ են քաղաքական ուժերն այս կարգախոսներով հանդես գալ: Իհարկե, ո՛չ: Որովհետև ընտրությունները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դարձել են թանկ, շատ թանկ կամպանիա: Հետևաբար անհրաժեշտ են մեծ գումարներ, որոնք ունեն գրեթե բոլոր կուսակցություններում առաջին հինգ տեղերը զբաղեցնող փողատերերը, որոնք հարստացել են իշխանությանը սերտաճած լինելու շնորհիվ, հարկային կասկածելի պարտաճանաչությամբ և շուկայում մենաշնորհային դիրքով: Հետևաբար կուսակցական ցուցակներում այդ մարդկանց ներկայությունը նշանակում է, որ 3 կարևորագույն հարցերը մնալու են անպատասխան: Այդ դեպքում ի՞նչ է մնում:
Մնում է միմյանց վիրավորելը: Ավելի շատ ձայն կհավաքի նա, ով կկարողանա ավելի ուժեղ ու գռեհիկ հայհոյել մրցակցին և ավելի անպատասխանատու խոսել ժողովրդի անունից: Այս իմաստով 2017-ի քաղաքական սեզոնի պոպուլիստները չեն հրաժարվելու ծանոթ այն բառապաշարից, որը հաջողությամբ գործածել են վերջին տարիներին: