Newmag-ը հրատարակել է Ազնավուրի պոեզիայի ժողովածուի 3-րդ հատորը` «Քեզ համար, Հայաստանը» (թրեյլերը)

May 22, 2023

Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ՝ մայիսի 22-ին, Newmag-ը ներկայացնում է պոեզիայի ժողովածուի երրորդ հատորը: «Քեզ համար, Հայաստան» հատորում տեղ գտած բանաստեղծություններում սիրո բոլոր դրսևորումներն են։ Գրքում տեղ են գտել նաև «Թեհրան 43» ֆիլմի հանրահայտ սաունդթրեքը՝ «Մի ամբողջ կյանք սեր» երգը, Հայոց ցեղասպանության թեմայով «Նրանք ընկան» ստեղծագործությունն ու Սպիտակի երկրաշարժից հետո հուսաբեր «Քեզ համար, Հայաստան» հիթը:

Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի վերնագիրն է՝ «Քեզ համար, Հայաստան»:  Հենց այս երգը 1988-ի երկրաշարժի օրերին ուժ ու հույս տվեց ողբերգության մեջ հայտնված հայ ժողովրդին: Այս հատորում են այն համաշխարհային հիթերը, որոնց մեծ մասի երաժշտությունը գրել է Ժորժ Կառվարենցը, լիրիկական տեքստերի հեղինակը Ազնավուրն է:

Շատ են նաև այն գործերը, որոնք ստեղծել է Միշել Լեգրանի հետ: Երգեր՝ նվիրված Հայաստանին, Ֆրանսիային, ընտանիքին և «Տիկին կյանքին»: Խուլուհամր կնոջը սիրահարված տղամարդու ապրումներից մինչև հայրական սեր. «Քեզ համար, Հայաստան» ժողովածուի բովանդակությունն է։ Այստեղ կարող եք ընթերցել նաև «Այդ ասեղը» գործը, որը շանսոնյեն նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն` Պատրիկին: «Իմ սրտահույզ սերը» Ազնավուրը կատարել է նաև Լայզա Մինելլիի հետ ու զուգահեռ երգել ժեստերի լեզվով:  

1940-2010 թվականների նրա ստեղծած 500 երգերը և բանաստեղծությունները Newmag-ը հրատարակել է երեք ժողովածուով՝ «Նոր երկիր», «Սեր և պատերազմ» և «Քեզ համար, Հայաստան» գրքերում, որոնք թարգմանել է Սամվել Գասպարյանը, խմբագրել՝ Հասմիկ Առաքելյանը։ Բացի պոեզիայից, արձակ գործերը ևս հրատարակչությունը թարգմանել է հայերեն, ու դրանք ներկայացրել վեց գրքով։

Նախագծի գլխավոր գործընկերն Ամունդի-Ակբա ասեթ մենեջմենթ ընկերություն։ Newmag-ը պոեզիայի այս հատորն ընթերցողին կներկայացնի հեռուստաշնորհանդեսի ընթացքում, բացի այդ՝ նույն օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և էստրադային աստղերի կատարմամբ Արամ Խաչատրյան համերգասրահում կհնչեն Շառլ Ազնավուրի լավագույն և սիրված երգերը: Համերգից առաջ և հետո այցելուները հնարավորություն կունենան գնել Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուի երրորդ հատորը` հրատարակչության «Քեզ համար, Հայաստան» գիրքը՝ հատուկ զեղչով։