Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)
Մայիսի 22-ին` Շառլ Ազնավուրի ծննդյան օրը, Newmag-ը ընթերցողներին ներկայացրեց աշխարհահռչակ շանսոնյեի պոեզիայի ժողովածուն։ «Քեզ համար, Հայաստան» երրորդ հատորն ազնավուրյան ամենահայտնի հիթերն են` «Թեհրան 43» ֆիլմի հանրահայտ սաունդթրեքը, Հայոց ցեղասպանության
«Քեզ համար, Հայաստան» գիրքը սիրո խոստովանություն է Հայաստանին, Ֆրանսիային, ընտանիքին և Ձերդ գերազանցություն «Տիկին կյանքին»: Ազնավուրն ընթերցողի սիրտը ծակում է «Ասեղը» բանաստեղծությամբ, որը նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն` Պատրիկին: Այս հատորում է նաև «Իմ սրտահույզ սերը», որը շանսոնյեն կատարել է Լայզա Մինելլիի հետ ու երգել ժեստերի լեզվով:
Հեռուստաշնորհանդեսին «Քեզ համար, Հայաստան» գրքի խմբագիր Հասմիկ Առաքելյանը նաև կատարեց մի հատված Ազնավուրի Une vie d'amour-ը՝ «Մի ամբողջ կյանք սերը». «Պոեզիայի այս հատորը կառանձնացնեի, քանի որ մենք տեսնում ենք Ազնավուր պոետի աճը, զարգացումը: Գիրքը երկլեզու է, որպեսզի երբ ընթերցողները վերցնեն իրենց ձեռքը, համեմատեն հայերենն ու ֆրանսերենը: Գիրքը կարող է վարպետության դաս լինել թարգմանիչների համար, քանի որ Սամվել Գասպարյանն իսկապես շա˜տ հիասքանչ է թարգմանել , կարող են վերցնել, համեմատել, ինչու ոչ, այս գրքի շնորհիվ ամրապնդել իրենց ֆրանսերենի իմացությունը»։
Ըստ թարգմանիչ Սամվել Գասպարյանի, գործի բնագիր լեզուն իմանալը շատ քիչ է, անհրաժեշտ է Ճանաչել հեղինակին, սիրել նրա գործերը, նույնիսկ իմանալ, թե նա ինչ սերեր է ունեցել: Սամվել Գասպարյանը նկարագրում է, թե ինչպես է որպես ընթերցող բացահայտում Ազնավուրին.
«Երբ թարգմանում եմ, իմ ականջին Ազնավուր է: Պատկերավոր ասեմ, երբ «բաժակով խմում ենք» իր ստեղծագործությունը, սկզբից վայելում ենք իր երգը, երբ մի քիչ խորանում ենք, տեսնում ենք բանաստեղծին, երբ մի քիչ էլ ենք ընթերցում, տեսնում ենք դերասանին, վերջում տակի նստածը մարդ Ազնավուրն է: Այ՛ մարդ Ազնավուրն է, որ, իմ կարծիքով, դարձրեց իրեն համաշխարհային երևույթ, արտիստ»:
Ազնավուրյան շարքի հովանավորն Amundi-Acba Asset Management-ն է: Ընկերության մարքեթինգի ղեկավար Զարինե Եղիազարյանի խոսքով, սա այն հազվագյուտ նախագծերից է, որն անկախ որևէ իրավիճակից շարունակվում է, և ամեն անգամ Ազնավուրի մշակութային ժառանգությունը թարգմանվում է հայերեն. «Ազնավուրին ճանաչել եմ դպրոցական տարիքում՝ հենց «Քեզ համար, Հայաստան» երգից: 5-րդ դասարանում էի, որ ֆրանսերենի ուսուցչուհին սովորեցրեց երգը՝ դեկտեմբերի 7-ի հանդեսին կատարելու համար, և դրանից հետո սկսվեց արդեն կապն Ազնավուրի հետ»:
Ֆրանսիական համալսարանի դասախոս Արփի Նանյանի խոսքով, գիրքը հրաշալի հնարավորություն է ընթերցողի համար ՝ ծանոթանալու ոչ միայն Ազնավուրի պոեզիային, այլ նաև ֆրանսերենին. «Թարգմանությունն արված է խնամքով ու զգուշությամբ՝ հավատարիմ մնալով ազնավուրյան ոճին։ Ամեն անգամ նրա մասին խոսելիս, նրա երգերը լսելիս, միշտ կարող են մեզ հուզել, դիպչել մեր այն խորքային զգացումներին, որոնց դժվարանում ենք բառեր դնել: Սա Ազնավուրի մեծագույն առանձնահատկություններից է: Բազմիցս լսած նրա երգերի մեջ ես ամեն անգամ նոր բառեր եմ բացահայտում, բառեր, որոնք վրիպել են իմ ուշադրությունից»։
Գրքի շապիկ ընտրվել է Ազնավուրի՝ 1988-ին Գյումրիում արված հայտնի լուսանկարը, երբ նա արդեն մեկնում էր և ավտոբուսից ձեռքով հրաժեշտ է անում աղետի գոտու բնակիչներին:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է Ազնավուրի պոեզիայի ժողովածուի 3-րդ հատորը` «Քեզ համար, Հայաստանը» (թրեյլերը)