Newmag-ը հրատարակել է Հայկական Կարմիր խաչի 100-ամյակին նվիրված աշխատություն (թրեյլեր)

July 27, 2021

Newmag-ը հրատարակել է «Հարյուր տարվա մարդասիրություն» գիրքը: Այս աշխատությունը լույս է տեսել Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ, որը նվիրված է կառույցի անցած 100 տարվա պատմությանը։ Մեկ դարի ընթացքում ընկերությունն անցել է զարգացման երկար ճանապարհ՝ դառնալով երկրում գործող վստահելի ու եզակի կազմակերպություն:

Ավելի քան երկու տարի Newmag-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համատեղ ուսումնասիրել է բոլոր աղբյուրները, հավաքել ու առանձնացրել կառույցի վերաբերյալ եզակի տեղեկություններ և փաստավավերագրել մեկ գրքում: Աշխատության մեջ տեղ են գտել Հայաստանի ազգային արխիվի ու Ազգային գրադարանի երբևէ չհրապարակված նյութեր, բարձրաստիճան այրերի առանցքային որոշումներ ու ընկերության եզակի  լուսանկարներ: Պատերազմների, աղետների, համավարակների ժամանակ արագ արձագանքման  ու ընկերության օգնության մասին հրատարակչությունը հարցազրույցներ է արել կառույցի տարբեր տարիների ղեկավարների հետ:

Հիմնադրվելով 1920 թվականին՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը փոքր կառույցից վերաճում է մարդասիրական հզոր ու կայուն կազմակերպության: Ի սկզբանե առաքելությունը սահմանափակվել է պատերազմների ժամանակ, քանի որ ստեղծվել էր հենց այդ նպատակով: Սակայն ժամանակի ընթացքում գործունեության սահմանները ձգվում են, ավելանում են անդամները, մեծանում է աշխարհագրությունը: Կարմիր Խաչը հայտնվում է այնտեղ, որտեղ պետք է օգնություն: Ձեռք է մեկնում բնական ու տեխնածին աղետների ժամանակ տուժած բնակիչներին,  սկսում է սոցիալական ու առողջապահական աջակցութուն:

ՀԿԽԸ-ն ստեղծվել է 100 տարի առաջ, անցել է զարգացման երկար ճանապարհ ու դարձել երկրում գործող հզոր և վստահելի մարդասիրական կազմակերպություններից մեկը։

Ըստ ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի այս գիրքը պատմում է Հայկական Կարմիր խաչի ընկերության անցած 100-ամյա ուղու մասին.«ՀԿԽԸ-ն ստեղծվել է 100 տարի առաջ՝ մեր ժողովրդի առաջ ծառացած մարդասիրական մարտահրավերներին արձագանքելու համար, անցել է զարգացման երկար ճանապարհ ու դարձել երկրում գործող հզոր և վստահելի մարդասիրական կազմակերպություններից մեկը։ Այդ ուղին լի է եղել մարտահրավերներով, ձեռքբերումներով ու դժվարություններով»:

ՀԿԽԸ համար նոր ու պատասխանատու փուլ էր 1988-ը. երկրաշարժից հետո Կարմիր Խաչն առաջիններից էր, որ էպիկենտրոնում էր՝ բժշկական, սոցիալական ու փրկարարական օգնությամբ: Հայկական ընկերությունը մոբիլիզացնում էր նաև Միջազգային Կարմիր խաչի բոլոր կազմակերպությունների օգնությունն ու ուղղում խոցելի խմբերին: Ընկերությունն ակտիվ գործունեություն ծավալեց նաև վերջին մեկ տարում՝ թե՛ Արցախյան վերջին հակամարտության, թե՛ Քովիդ-19-ի ժամանակ իր սոցիալական ու առողջապահական բազմաթիվ ծրագրերով:

ՀԿԽԸ համար նոր ու պատասխանատու փուլ էր 1988-ը. երկրաշարժից հետո Կարմիր Խաչն առաջիններից էր, որ էպիկենտրոնում էր՝ բժշկական, սոցիալական ու փրկարարական օգնությամբ:

Այս ընթացքում զարգացել է երիտասարդական ուղղությունը՝ տարվա կտրվածով 2500-3000 կամավոր է անդամակցում: Ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի խոսքով, Կարմիր խաչն ապրելակերպ է, խաչականը՝ անմնացորդ նվիրյալ.«Մարդասիրական գործունեությունը նաև շնորհակալ գործ է։ Երբ տեսնում ես, որ քո աշխատանքի արդյունքում թեթևանում է հարյուրավոր մարդկանց հոգսը, որ հուսալքված, աղետի ենթարկված կամ տեղահանված մարդիկ, միայնակ տարեցներն ու խոցելի երեխաները մենակ չեն մնացել, ուժ ես ստանում, որ շարունակես աշխատանքը՝ չնայած բազմաբնույթ դժվարություններին ու հոգնեցնող խոչընդոտներին»:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով Կարմիր խաչի միջազգային շարժման լիիրավ անդամ, մեր երկրում գործող ամենախոշոր, ամենահեղինակավոր ու ազգային միակ կազմակերպությունն է: Մարդասիրական ընկերության 100-ամյա գործունեության վառ դրվագները տեղ են գտել Գոհար Մանուկյանի «Հարյուր տարվա մարդասիրություն. Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 1920-ից ի վեր» գրքում:

  • Գրքի հեռուստաշնորհանդեսը տեղի ունենա Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրի ուղիղ եթերում, հուլիսի 28-ին, ժամը 10։20-ին։
  • Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գրքի երևանյան փառատոնի շրջանակում Նկարիչների միությունում, հուլիսի 30-ին, 16:00-ին: