[Newmag Summer Fest] Որոնք են ժամանակակից ռուս գրականության ու գրողի խնդիրները (տեսանյութ)

September 17, 2021

Կա ազատություն, չկան ազատ մտածող ու ստեղծագործող գրողներ: Ժամանակակից ռուս գրականության խնդիրների, գրողի առաջ ծառացած մարտահրավերների, տաղանդավոր, բայց մեզ անծանոթ հեղինակների, մերօրյա գործերի մասին քննարկել ենք Newmag Summer Fest-ի ընթացքում: Պանելային քննարկման բանախոսներն էին «Օրակուլ» հրատարակչության ղեկավար Ռուբեն Իշխանյանը, դասախոսներ Անուշ Սեդրակյանն ու Ռոման Նադիրյանը, ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը: Քննարկմանը հեռակապով միացել են նաև ժամանակակից ռուս գրողներ, գրաքննադատներ:

Ռուս գրականությանը երբեք այսքան ազատություն չի շնորհվել, գրաքննություն գրեթե չկա, հատուկ ծառայությունների գործակալներ կցված չեն գրողին, նա կարող է գրել ամեն ինչի մասին, բայց հակառակ պատկերն է՝ ժամանակակից խնդիրները, մեր իրականությունը բացակայում են ժամանակակից գրական գործերից: Հայ-ռուսական համալսարանի դասախոս Ռոման Նադիրյանի խոսքով, ազատությունը նախ պետք է բխի գրողի միջից. «Ամենաանազատ ժամանակաշրջաններում լույս են տեսել այնպիսի գլուխգործոցներ, որ հիմա՝ այս ազատության դարում, չկան նման գրքեր: Ազատությունը բխում է գրողից, նրա գործերը ազատ ու անկախ են, քանի որ հենց ինքն է այդպիսին»:

Այն ազատությունը, որ հիմա շնորհել են գրողներին, դրանից ստեղծագործողը չի կարող դառնալ ազատ խոսքի քարոզիչ: Չի կարող նստել ու գրել գլուխգործոցներ, քանի որ նա ազատ մարդ չէ:Դասախոս, թարգմանիչ Անուշ Սեդրակյանի դիտարկմամբ, ազատ մտածողության վառ դրսևորումներ այսօր գրեթե չենք տեսնի ռուս գրականությունում. «Երբ գրաքննությունն ամենուր էր, տպագրվում էին 100 տոկոսանոց ազատ մտածողության գրքեր: Ալեքսանդր Սալժինիցին, երբ տեղափոխվեց Արևմուտք, իր հիշողություններում գրում էր, որ սա ինչ երկիր է, երբ մի գաղտնի գործակալ էլ քեզ կցված չէ, ոչ ոքին հետաքրքիր չես: Բայց մինչև այդ նա գրում էր ամենափակ թեմաների մասին ազատ, անկաշկանդ՝ շրջապատված գործակալներով»:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ ժամանակակից ռուս գրականությունում չկան ժամանակակից մարդը, խնդիրը, դիմանկարը: Ըստ Ռուբեն Իշխանյանի, Տոլստոյի ու Դոստոևսկու գործերում հենց իրենց դարաշրջանն էր, ընթերցում ես գործն ու այդ փուլի իրականությունն ակնհայտ է դառնում: Այսօրվա գրողների գործերում կրկին այդ փուլն է՝ անցյալը, բայց ոչ ներկան. «Քիչ կան գրողներ, որ անդրադառնում են ժամանակակից թեմաներին, խնդիրներին, մարտահրավերներին: Անցյալը քննելու միջոցով ներկա խնդիրներն են փնտրում: Այսօր կան լավ, հետաքրքիր գրողներ, բայց նրանց մասին մենք կիմանանք միայն 10 տարի անց»:

Ժամանակակից Ռուսաստանի, մեր օրերի հերոսների, խնդիրների մասին այսօր ոչ թե գրքերում են ու գրողների գրչին, այլ ռուսական հիփհոփում: Մտքի հեղինակը Եգոր Գլումովն է, նա համոզված է՝ լեզվամտածողությունից սկսած ռուսական իրականությունը կարելի է տեսնել հենց այս ուղղությունում. «Ռուս շատ գրողներ այսօր ապրում են երկրից դուրս, օրինակ՝ Եվրոպայում: Բայց այնտեղ էլ ստեղծագործելով հասկանում են՝ որ այդ թեմաները, որոնց մասին, որ գրում են, ազատության մասին չեն: Այնպես որ, ազատությունը մարդու միջից պետք է լինի: Ինչպես հիփ հոփում՝ ժամանակի ու տեղի զգացողությունը ստանում ես այդտեղից»:

2020-2021թթ. գրքերը բացելուց դժվար է կողմնորոշվել, թե որ դարն է պատկերված: Մենք այնտեղ չկանք, այնտեղ չկան նաև մեր օրերի հերոսները՝ ամեն ինչ անցյալ է: Բայց չէ որ գրականությունը նաև մեր մասին է, իսկ ֆեյսբուքի պատմությունները գրականություն չեն՝ նշում են բանախոսները: