Գիրք, որ ստիպում է մտածել․ համաշխարհային մամուլը՝ Sapiens բեսթսելլերի մասին

Sapiens-ը Բարաք Օբամայի նախընտրելի գրքերից է: Այս մասին հենց Օբաման է պատմել CNN-ին տված հարցազրույցում 2016-ին:
«Հետաքրքիր է ու վիճահարույց: Այն ցույց է տալիս, թե որքան կարճ ժամանակ ենք ապրում այս աշխարհում, որ գյուղատնտեսությունը կամ գիտությունն ընդամենը վերջերս են ի հայտ եկել և որ ճիշտ կլինի հաշվի առնել այդ ամենը», - ասել է Բարաք Օբաման։
Գիրքը նաև Բիլ Գեյթսի սեղանին է:
«Այս գիրքը խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ում կհետաքրքրի մարդկության վաղ պատմությունը՝ զվարճալի, հետաքրքրաշարժ տեսանկյունից...դժվարությամբ եք գիրքը մի կողմ դնելու», - ասել է Բիլ Գեյթսը։
Ամերիկացի հանրահայտ գրող, սցենարիստ Սեբաստիան Յունգերը գրքի մասին ամենակարճն է արտահայտվել:
«Փառք Աստծո, որ ինչ-որ մեկը վերջապես գրեց հենց այս գիրքը», - ասել է Սեբաստիան Յունգերը։
Sapiens-ի մասին կարծիքներ են գրել ազդեցիկ պարբերականներ՝ Wall Street Journal-ից մինչև Forbes:
- «Sapiens-ն ուսանելի է, մտորելու տեղիք է տալիս ու հստակ է... հրաշալի գիրք է»․ Wall Street Journal
- «Յուվալ Նոյ Հարարիի հանրահայտ Sapiens -ը մարդու էվոլյուցիայի համար նույնն է, ինչ Սթիվեն Հոքինգի Ժամանակի համառոտ պատմությունը՝ ֆիզիկայի: Հարարին հիանալի ցույց է տալիս, թե ինչպես մենք դանդաղ ի հայտ եկանք ու ի վերջո դարձանք մոլորակի տերերը»․ Forbes
- «Sapiens-ն ընթերցողին տանում է մեր ցեղատեսակի պատմությամբ մեկ սրընթաց շրջագայության: Հարարիի՝ նմանը չունեցող ինտելեկտը լույս է սփռում մարդկության պատմության ամենակարևոր առաջընթացների վրա: Սա կարևոր գիրք է լրջախոհ, ինքնազննումի հակված սափիենսի համար»․ Washington Post
- «Հազվագյուտ գիրք է՝ ցնցող ու ապշեցուցիչ»․ Observer
«Հրացաններ, Մանրէներ ու Պողպատ», «Փլուզում» ու «Աշխարհը մինչև երեկ» գրքերի հեղինակ, Պուլիցերյան մրցանակակիր Ջարեդ Դայմընդը գրում է:
«Sapiens-ն անդրադառնում է պատմության ու ժամանակակից աշխարհի ամենամեծ հարցերին ու գրված է անմոռանալիորեն վառ լեզվով», - գրել է Ջարեդ Դայմընդը։
New York Times-ի բեսթսելլերների՝ «Կանխատեսելի ու իռացիոնալ. Իռացիոնալության հակառակ կողմն» ու «Ազնիվ ճշմարտությունն անազնվության մասին» գրքերի հեղինակ Դեն Արիելիի խոսքով, գիրքը կարդացողին սպասում է կլանված ընթերցանություն:
Ամերիկյան մամուլում հայտնվել են նաև կարծիքներ, որ մարդու գոյության պատմությունն ավելի լավ դեռ չէր ներկայացվել, դրանից կտրվել չի ստացվում ու որ սա գիրք է, որը ստիպում է իսկապես մտածել: