Ինչո՞վ է յուրահատուկ «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը (տեսանյութ)
Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գիրքը լույս տեսավ 2011-ին, եբրայերենով։ Պրոֆեսորն այն գրել էր իր ուսանողների համար, որպես համաշխարհային պատմության դասագիրք: 3 տարի անց անգլերեն թարգմանվելուց հետո «Sapiens»-ը դարձավ համաշխարհային բեսթսելլեր։ Ամենից առաջ հենց այն պատճառով, որ այս գիրքը պարզապես պատմական փաստերի թվարկում չէ։ Հանրամատչելի ոճով Հարարին նախամարդուն համեմատում է ժամանակակից մարդու հետ և գտնում մարդաբանական սովորույթների, բնավորության ու գործողությունների արմատները։
Հարարին մարդկության պատմությունը բաժանում է 4 հիմնական ու էական փուլերի, որոնք սափիենսի զարգացման համար խթան դարձան։ Առաջին փուլը սկսվում է մեր թվարկությունից 70 հազար տարի առաջ։ Հարարիի ձևակերպմամբ՝ այդ ժամանակ տեղի ունեցավ կոգնիտիվ՝ ճանաչողական հեղափոխություն, երբ զարգացավ սափիենսի երևակայությունը։
«Երկիր մոլորակը 50 հազար տարի առաջ առնվազն 6 տեսակի մարդկանց տունն էր։ Հոմո սափիենսը ընդամենը նրանցից մեկն էր։ Շատերին այսօր թվում է անհավանական, որ երկրի վրա կարող էր գոյություն ունենալ մեկ այլ մարդու տեսակ, բայց դա իրականություն է, այնպես, ինչպես արջերի դեպքում է՝ կան սպիտակ արջեր, կան գորշ արջեր։ Իսկ ինչո՞ւ է երկրի վրա ապրում միայն մեկ տեսակի մարդ։ 50 հազար տարի առաջ այդպես չի եղել։ Հոմո սափիենսը կամ վերացրեց մարդու մյուս տեսակներին, կամ պատճառ դարձավ մյուս տեսակների վերացման», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Հարարին համարում է, որ մարդկության պատմության երկրորդ խոշոր իրադարձությունը տեղի ունեցավ մեր թվարկությունից առաջ 12 000 թվականին, երբ զարգացավ հողագործությունը։ Հարարին համարում է, որ այս հեղափոխությունը հնարավորություն տվեց մեծացնել սննդի պաշարը, ինչը զարգանալու նոր արենա էր բացում։
«Հողագործական հեղափոխությունը սափիենսին հնարավորություն տվեց ունենալ ավելի շատ սնունդ։ Սա մարդկությանը հնարավորություն տվեց բարգավաճելու։ Մյուս կողմից, եթե մենք ուշադիր նայենք այս իրադարձությանը, կհասկանանք, որ հարստությունն ու իշխանությունը մոնոպոլիզացվեց հենց այդ ժամանակ՝ թագավորներ, արիստոկրատներ, իսկ մարդկության մեծ մասի կյանքն ավելի բարդացավ այս հեղափոխությունից հետո», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Մարդկության պատմության երրորդ կարևոր դրվագը Հարարիի պնդմամբ մարդկության քաղաքական միավորումն էր։ Այսինքն պետությունների ձևավորումը։ Սա հանգուցային է Հարարիի համար, որովհետև նա համարում է, որ Սափիենսը աշխարհի տեր դարձավ, որովհետև կարողացավ ճկուն գործակցել իր տեսակի հետ։
«Մենք ղեկավարում ենք աշխարհը, որովհետև մենք կարող ենք ճկուն գործակցել, քան ցանկացած այլ կենդանի։ Իսկ մենք դա կարողանում ենք անել, որովհետև մենք միակ տեսակն ենք, որը կարողանում է հորինել ֆանտաստիկ պատմություններ և հավատալ դրանց։ Բոլոր ոլորտներում մարդկանց հարաբերությունները կառուցված են մտացածին պատմությունների վրա՝ կրոնը, պետությունները, փողը», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
«Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի չորրորդ մասը Հարարին վերնագրել է գիտական հեղափոխություն։ Պրոֆեսորը համարում է, որ մեր թվարկության 1500 թվականին զարգացավ օբյեկտիվ գիտությունը, որը հիմնված է եվրոպական մտքի նորամուծության վրա։ Դրա արդյունքում էլիտաները սկսեցին ճանաչել և փորձեցին ուղղել իրենց չիմացությունը:
«Գիտական հեղափոխությունը գիտելիքների հեղափոխություն չէր, այն առաջին հերթին չիմացության հեղափոխություն էր: Գիտական հեղափոխության ամենամեծ հայտնագործությունն այն էր, որ մարդիկ հասկացան՝ չգիտեն ամենակարևոր հարցերի պատասխանները», - ասում է Յուվալ Նոյ Հարարին։
Ինչո՞վ է յուրահատուկ այս գիրքը։ Իրականում մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը պատմական, կամ կենսաբանական դիտանկյունով է, բայց Հարարին կաղապարներից դուրս է: Նա միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով ընդունված տեսակետները, կապելով անցյալի զարգացումները ժամանակակից խնդիրների հետ ու դիտարկելով առանձին իրադարձությունները ավելի մեծ գաղափարների համատեքստում: Մյուս կողմից Հարարին ստիպում է առաջ նայել ու սթափվել, որովհետև մարդկությունն արդեն սկսել է շրջանցել բնական ընտրության օրենքները, որոնք նախորդ չորս միլիարդ տարիների ընթացքում կառավարել են կյանքը:
Յուվալ Նոյ Հարարի
7800 ֏
Նկարագրություն
Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, ու ի՞նչ է սպասվում մեզ:
Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70,000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ու ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:
Հայերեն հրատարակության համար հատուկ նախաբան է գրել «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։ Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերի հայերեն թարգմանությունն իրականացվել է «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ գործընկերությամբ: