Կոշկավոր ինքնություն. Երևանի սոցիալական դիմանկարը

July 10, 2017

Աբու Հասանի մաշիկները պատուհաս էին դարձել իր և ամբողջ քաղաքի համար։ Մոխրոտիկը մեծ փառքի հասավ առեղծվածային կոշիկի շնորհիվ: Կոշկավոր կատվին պետք էր միայն մեկ զույգ ճտքավոր կոշիկ՝ արքային համոզելու և իր տիրոջը հարստություն ու սեր պարգևելու համար։ Կոշիկը գրեթե կպած է մարմնին։ Քաղաքի, մայթերի, ճանապարհների մասին գիտի ամեն ինչ։ Ամենից շատ է ենթարկվում մոդայիկ փոփոխություններին։ Կոշիկն ինքնության կարևորագույն մասնիկ է։ Անկախ մարդու սոցիալական կարգավիճակից, կոչումից, պաշտոնից ու տարիքից՝ ոտքերի դիրքը և կոշիկները շատ բան կարող են ասել նրա մասին: Դրանք ցույց են տալիս անհատի դերը հասարակության մեջ։ Դրանցով է մարդը քայլ անում դեպի հանրություն: Երբեմն կոշիկը կարող է ուժ և ինքնավստահություն հաղորդել մեկուսացած կամ ամաչկոտ մարդուն, երբեմն` շեշտել նրա պրոգրեսիվ կամ հստակ բնույթը։ Զույգերը կամ ընկերները, համադրելով իրենց կոշիկները, փորձում են հավատարմություն դրսևորել։ Նկատելի են դառնում ոչ միայն ճաշակը, այլև գենետիկ նմանություններն ու ընտանեկան դաստիարակությունը։ Ո՞վ է շեշտում գենդերային հիերարխիան, և ո՞վ է դրան ավելի հանգիստ վերաբերվում։ Եվ այսպես` Երևանի սոցիալական դիմանկարը՝ ներքևից։