#43 Թամար Հովհաննիսյան. Տագնապալի դար, կամ ինչպես չխելագարվել ինքնության կորստից

February 11, 2016

Երկար խորհել է` վերադառնա՞լ, թե՞ ոչ, բայց հանգամանքները միշտ ստիպել են մնալ: Ու այդպես՝ 17 տարի:



Այնուամենայնիվ, ինչո՞ւ վերադարձան: Դերասանուհին խոստովանում է, որ Ամերիկայում հայտնվելուց հետո ոչ բոլորն են տենդագին կարոտ ապրում, բայց ինքը կարոտում էր: Մի բան հաստատ գիտի. եթե որոշեին մնալ, պետք է ձուլվեին, այլապես չձուլվել ու ապրել հնարավոր չէր լինի, իսկ դա ողբերգություն է: Դերասանուհին հիշում է, որ անտանելի դժվար է եղել երկու մասի բաժանված կյանքը, երբ գիշերը երազում ապրում ես Հայաստանում, բայց լույսը բացվելուն պես նորից օտար երկրում ես հայտնվում: Թամար Հովհաննիսյանը դա միայն կարոտ չի համարում. դա ուղեղի, նյարդային համակարգի, բույրերի, զգացողությունների խառնուրդ է: Հասկանում է, որ կան մարդիկ, որոնք այդ բոլոր զգացումները չեն ապրում, բայց նաև վստահ է, որ



Բոլորն էլ, ովքեր ապրում են հայրենիքից հեռու, երկատված են քիչ կամ շատ, խեղդված կամ արտահայտված, գիտակից կամ անգիտակից:



Շատ անգամ էլ ինֆորմացիոն հոսքն է ստիպում մնալ: Լրատու կայքերում, սոցցանցային քննարկումների ժամանակ հաճախ են խոսում, թե Հայաստան վերադառնալը վատ միտք է: Գանգատները շատ են. դրանք դերասանուհուն նյարդայնացնում են:


Միացյալ Նահանգներում ու հիմա էլ, երբ արդեն վերադարձել է, գիտեր ու գիտի, որ դրախտում չի հայտնվելու, մանավանդ որ մարդիկ, հարաբերություններն ու հասարակությունը շատ են փոխվել:



Այսօրվա հայաստանյան բարքերն են ուրիշ, հարաբերությունները դեռ անսովոր են, ավելին, կան բաներ, որոնք սարսափելի են թվում: Բայց ոչ մի տեղ էլ հեշտ չէ:



Թամար Հովհաննիսյանին դուր չեն գալիս ու երբեք էլ դուր չեն եկել խոսակցությունները, որ գնացողները ծանր տարիներին ընտրել են հեշտ կյանքը: Դերասանուհին դա անարդար է համարում, քանի որ դրսում հայտնված հայերը այնպիսի դժվարութունների են հանդիպել, այնպիսի հարվածներ են ստացել, որ դժվար է նկարագրել: Նա գտել էր դժվարությունները հաղթահարելու ձևերը: Պարտադիր աշխատանքին զուգահեռ արել է նաև այն, ինչ սիրում է:








Հիմա, երբ վերադարձել է, ամեն ինչ մի քիչ այլ է, Երևանի օդն ավելի ծանր է թվում, կենտրոնը փոխվել է, կառուցվել են նոր շենքեր, որոնց դերասանուհու աչքը գուցե մի օր սովորի:



Բայց մարդիկ լավն են, խոստովանում է դերասանուհին: Հայրենիքն ու հայերը Թամար Հովհաննիսյանին ստիպել են կրկին արտասվել: Տեղափոխվելուց հետո երթուղային տաքսու ուղևորներից մեկը սպանել է պատուհանին կպած մեղվին: Դերասանուհին չի զսպել իրեն, բարկացել է, թե ինչու է սպանում, եթե կարելի էր դուրս ուղղել, ուղևորն էլ կատակել է, որ նույնիսկ գրավոր է դուրս հրավիրել, բայց մեղուն չի գնացել: Թամար Հովհաննիսյանը հիշում է, որ հենց երթուղային տաքսիում սկսել է լացել, որովհետև շատ չեն մարդիկ, որ ապրում են այդքան դժվար, բայց շարունակում են կատակել:








Թամար Հովհաննիսյանը մի տարբերություն ու փոփոխություն է նկատել մարդկանց մեջ. հայաստանցիները դարձել են ավելի պրագմատիկ, խոսակցությունները հիմնականում կենցաղային են` զգեստների ու դրանց գնի մասին: Թամար Հովհաննիսյանը Միացյալ Նահանգներում ապրելու տարիներին լսել է, տեսել է, թե ինչպես են ամեն անգամ՝ Մհեր Մկրտչյանի անունը տալիս, շոշափում նաև իր անունը, իր հարաբերությունները դերասանի հետ: Հաճախ զայրացել է, երբ լսել է, որ խեղաթյուրված լուրեր են պտտվում, բայց շարունակել է լռել: Հիմա, երբ եկել է, շարունակելու է լռել:



Մհեր Մկրտչյանի եղբոր` Ալբերտ Մկրտչյանի հետ հարաբերությունները լարված չեն, պարզապես ոչ մի հարաբերություն չկա էլ: Մհեր Մկրտչյանի թատրոն վերադառնալ էլ չի պատրաստվում, քանի որ թատրոնը այն չէ, ինչ որ ծրագրել էին ինքն ու Մհերը:



Դերասանուհին դեռ չի որոշել, թե ինչ է անելու: Կլինի թատրոնում. բեմի՞ն, թե՞ դահլիճում՝ ռեժիսորական աթոռին՝ դեռ չգիտի: Ինչ էլ որոշի անել, պետք է չարչարվի, ներկայացնի, ներկայանա, դռներ ծեծի ու սպասի: Դերասանուհին սովոր է ամեն ինչ սկսել նորից, տրտնջացողներին հիշեցնում է Թումանյանի խոսքը.



«Էս էլ կերթա՝ հանց երազում, թասդ բե՛ր:


Կյանքն անցնում է տիեզերքում զնգալեն,


Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր»:



Դերասանուհին գիտի, որ անընդհատ սպասելը և ոչ թե ապրելը դժվար է, դա պետք է սովորեն բոլոր հայերը: Մինչդեռ տագնապը բնորոշ է այս դարին, հայ մարդուն՝ առավել ևս: Պատճառը դերասանուհին համարում է ազգի կենսագրությունը: Իրեն՝ դերասանուհուն, Ամերիկան շատ բան է սովորեցրել: Ինչ կլինի վաղը՝ չգիտի, կմեկնի՞ նորից Միացյալ Նահանգներ՝ չգիտի, բայց նաև չի բացառում: Հնարավո՞ր է, որ նորից բեմում լինի. պատասխանում է՝ այո՛: «Երջանի՞կ է» հարցին, մի քիչ տատանվելով, պատասխանում է՝ այո՛, երջանիկ է: