Տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի «Սեր և պատերազմ» պոեզիայի շնորհանդեսը (լուսանկարներ,տեսանյութ)

October 1, 2022

Երեք տարի Newmag-ը Ազնավուրի ծննդյան ու մահվան օրերին ներկայացնում է շանսոնյեի հայերեն թարգմանված գրքերը: Նա 1.400-ից ավելի ստեղծագործություն է թողել: Պոեզիայի 4 հատորներում կհրատարակվեն Շառլ Ազնավուրի 500 երգ-բանաստեղծությունները: Այս անգամ «Սեր և պատերազմ» գրքում լույս է տեսել 118 գործ:

20-րդ դարի պատմությունը պոեզիայի միջոցով, ճակատագրերը՝ նոտաներով: Գրքի երևանյան փառատոնին Newmag-ը ներկայացնում է Շառլ Ազնավուրի պոեզիայի 2-րդ մասը՝ «Սեր և պատերազմ»: Հայերեն ստեղծագործությունների կողքին ֆրանսերեն բնագիրն է: Երկլեզու ժողովածուն թարգմանել է Սամվել Գասպարյանը. «Ես կարծում եմ, այս գիրքը լավագույնը կլինի այդ իմաստով, այն շրջանն է, երբ ինքը դարձավ հայտնի ու արագ հաջողություն ունեցավ ու շատ բեղմնավոր, լավ երգեր են զետեղված այստեղ: Նախորդը վերջանում է 58 թվականով, հիմա, մինչև 70-ականներ: էլի բաներ տեղի ունեցան: Երրորդ անգամ ամուսնացավ Ուլայի հետ, դա վերջինն էր»: 

 

Այստեղ են շանսոնյեի ամենահայտնի ստեղծագործությունները՝ «Լա բոհեմ», «Երկու կիթառ», «Ինչ տխուր է Վենետիկը», «Դեռ երեկ»: 118 երգ-բանաստեղծություններ սիրո, բոհեմի, անցյալի ու ներկայի մասին՝ կրքով ու հումորով:  Գրականագետ Անի Ջանիկյանը վստահ է, որ Նյումեգ հրատարակչության այս գիրքը հնարավորություն է տալիս ոչ միայն լսել Ազնավուր, այլ նաև՝ ընկալել ազնավուրյան փիլիսոփայությունը: Այն կարող է  նաև ուսումնական ձեռնարկ դառնալ ֆրանկոֆոն ուսանողների համար.«Համաշխարհային պառնասում ունի իր դերը: Այսօր առավոտյան ոնրից անվերջ ընթերցում եմ, 40-ականներից , 50-ականներ, 60-ականներ, կան, որ առանձնահատուկ են: Ես չեմ կարծում, որ Ազնավուրը տարիքային հասություն է ապրում: Նա մեզ սովորեցնում է ճիշտ ապրել, մասնավորապես, կյանքը սիրել: Չի սովորեցնում, ինչպես ապրել, այլ կյանքը սիրել, վայելել ամեն պահը, դառնություններով, դժվարություններով»:

 

Շառլ Ազնավուրը պոետ էր, երգահան ու երգիչ: 2009 թվականից՝  նաև Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանն էր: Նրա գործընկեր, դեսպանորդ Սաթենիկ Աբգարյանը վստահ է, որ Ազնավուրը Հայաստանի լավագույն դեսպաններից էր. «Դեսպանը երկիրը ներկայացնողն է, պետությունը, ժողովուրդը, նրանց շահերը առաջ տանողն է: Այդ բառերը, որ դնում ենք Ազնավուրի կողքը, ավել բան պետք է չէ ասել»: 

  

Ազնավուրի մահից հետո, Newmag հրատարակչությունը որոշեց հայերեն թարգմանել լեգենդար հայի բոլոր ստեղծագործությունները՝ ինքնակենսագրականները, պատմվածքներն ու բոլոր բանաստեղծությունները: Նախագծի գործընկերն առաջին իսկ օրից  ամփոփոխ է՝ Amundi-ACBA Asset Management ընկերությունն է: Ըստ ներկայացուցիչ Զարինե Եղիազարյանի, այս գրքերն արժեքավոր են հատկապես, որ երկլեզու են. «Ազնավուրյան ժառանգության հայաֆիկացումը մենք համարում ենք մեր սոցիալական պատասխանատվության մի մաս: Արժեքներն այս դեպքում մեկտեղվում են: Հայ ընթերցողին Ազնավուրը հասանելի դարձնել, քանի որ մեր հասարակության մեջ ոչ բոլորն են ֆրանկոֆոն: Ու պետք է ազնավուրյան փիլիսոփայությունը հասանելի  դարձնել բոլորին»: