«Երևանյան բեսթսելեր» նախագծի ամեն երկրորդ գիրքը Newmag հրատարակչությանն է

February 8, 2021

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնում է փաստագրական ստեղծագործությունների լավագույն ընտրանին: Ըստ դեկտեմբերի վաճառքի, Newmag հրատարակչության 5 գրքերը հայտնվել են թոփ 10-յակում: Ցանկում տեղ գտած Յուվալ Նոյ Հարարիի երեք գրքերն էլ միանգամից սպառվել են: Բեսթսելլերները Newmag-ը թարգմանել ու հրատարակել է 2020-ին, որոնք գրախանութներում հայտնվելուն պես սպառվել են: Շուտով երեք գրեքերն էլ կվերահրատարակվեն:

Լավագույնների հնգյակը բացում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»  գիրքը: Այս գործի առաջին կարևորագույն հատկանիշն այն է, որ հեղինակն անցյալից բերված օրինակները ներկայացնում է ժամանակակից մոտեցումներով։ Գրքի շարունակությունն ավելի կլանող է դառնում, երբ Հարարին ներկայացնում է մարդու սոցիոգենեզի պատմությունը։ Այսինքն, թե ինչպես մարդը դարձավ սոցիալական էակ։ Կարևոր հանգամանք է մարդու երևակայությունը, որը չունի որևէ այլ կենդանի։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է քաղաքակրթության զարգացման կարևոր պահին: Հեղինակը ընթերցողին հրավիրում է մտորելու մարդկության անցյալի, ներկայի և ապագայի մասին։ Այս գրքում Հարարին պատասխանում է՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում պատմափիլիսոփայագիտական հարցերին։ 

Թոփ ցանկում հաջորդը Յուվալ Նոյ Հարարիի մեկ «XXI դարի 21 դասերը» գիրքն է: Այստեղ նա հավաքել է բոլոր այն տագնապները, որոնք ի վերջո իրականություն են դառնալու:  Գիտնականի առաջին զգուշացումը՝ պատրաստվեք անընդմեջ սովորելուն: Ապրելու այլ տարբերակ կարող է չլինել: Մարդիկ այլևս չեն կարողանալու գոյատևել ունենալով մեկ մասնագիտություն, մեկ կարիերա, կյանքի մեկ ճանապարհ: 21-րդ դարը լինելու է բազմագիտակների աշխարհ: Ժամանակակից աշխարհի մարտահրավերներն ու այլընտրանքները ներկայացնում է քայլ առ քայլ: Հարարին բացատրում է, թե ինչպե՞ս են համակարգիչները եւ ռոբոտները փոխում մարդ լինելու իմաստը, ինչպե՞ս ենք դիմակայում կեղծ լուրերի համաճարակին:

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքը, որը ևս դեկտեմբերի բեսթսելլեր է, Հարարին անդրադառնում է, թե օրինակ մարդկության կարևորագույն հարցերի օրակարգում ի՞նչն է փոխարինելու սովին, ժանտախտին և պատերազմին: Որպես Երկիր մոլորակի ինքնաստեղծ աստվածներ, ի՞նչ ճակատագիր ենք ընտրելու մեզ համար, ի՞նչ որոշումներ ենք կայացնելու: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը: Այն կարևորագույն հարցեր է բարձրացնում՝ դեպի ո՞ւր ենք շարժվում, այս փխրուն աշխարհն ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր իսկ ուժերից, որոնք կործանարար են: Սա էվոլյուցիայի հաջորդ փուլն է: Սա մարդ-աստվածնէ:Մենք չենք կարող կասեցնել պատմության երթը, բայց կարող ենք ազդել դրա ուղղության վրա:

Ամենավաճառված գրքերի ցանկում է նար Շարլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը: Այս գործը բացառիկ է՝ մեծ արտիստը գրում ու պատմում է այն դեպքերի ու դեմքերի մասին, որոնց երբևէ չի անդրադարձել: Իր հայտնի երգերի մասին է ներկայացնում՝ որը երբ ու ինչ պայմաններում է գրել: Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չի գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին:

Ուժեղ կանանց մասին պատմող գրքերը մեծ կամքի տեր, իմաստուն կանանց ճակատագրերի մասին են, որոնցից կարելի է անվերջ սովորել: Դրանք սովորեցնում են նայել առաջ ու հավատալ երազանքին: Այսպիսին է նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբամայի գիրքը: Այն Սպիտակ տանն ապրելու ու Բարաք Օբամայի մասին հուշագրություններ չեն. դրանք հուշագրություններ են ինքնաբավ կնոջ մասին, որն ինքնուրույն կառուցել է իր կյանքը, հաղթահարել բազմաթիվ փորձություններ՝ կյանքում ինչ-որ բան ունենալու համար: «Becoming. Իմ պատմությունը» կրկին լավագույնների շարքում է: Գիրքը ոչ թե առաջին տիկնոջ, այլ հասարակ կնոջ ու կանացի պարզ երջանկության մասին է: Գործն իմաստուն է, ինչպես հերոսուհին: