Ազնավուրի ծննդյան օրը միասին՝ 5-րդ գրքով, նոր նախագծերով և ուղիղ միացմամբ Փարիզ (տեսանյութ, լուսանկարներ)

May 22, 2021

Ջազզվե-Օպերայում մայիսի 22-ին կայացավ Շառլ Ազնավուրի 5-րդ գրքի շնորհանդեսն ու նոր տեսահոլովակի պրեմիերան։ Միջոցառմանը մասնակում էին գրքի թարգմանիչը, խմբագիրը, երգի կատարողն ու ստեղծագործական խումբը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ ուղիղ միացում Փարիզ, որտեղ հանդիսավոր պայմաններում բացվեց Ազնավուրի կիսանդրին։

Մեծ հայի 97-ամյակին Newmag-ը ներկայացնում է նրա առաջին ու միակ գեղարվեստական ստեղծագործությունը՝ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուն հայերեն: 16 նովել՝  նուրբ հումորով, վառ երևակայությամբ ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ: Բոլոր նովելները հայերեն են թարգմանվել առաջին անգամ: Ըստ գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանի, այս գրքով Ազնավուրը հայտ էր ներկայացրել գրականություն մուտք գործելու համար. «Չեմ ուզում ճոռոմ բաներ ասել, բայց լուրջ հայտ է, ափսոս, որ շարունակություն չունեցավ»։    

.

Հոր ու որդու հարաբերություններից, մինչև պապի ու թոռան նուրբ կապ, բնության ու կենդանիների հանդեպ սեր: Ազնավուրի նովելները գրված են առաջին դեմքով, բայց դրանք ինքնակենսագրական չեն, զգացմունքային են ու կյանքն ապրած տարիների մեծ փորձով սովորեցնում են, ինչպես լինել երջանիկ: Գրքի հայերեն թարգմանության խմբագիր Համլետ Գասպարյանի տպավորությամբ Ազնավուրը վարպետ էր տեքստ գրելու մեջ։ Ազնավուրի նովելների հայերեն թարգմանության խմբագիրը վստահ է, նույնիսկ այս՝ առաջին գրական քայլերով, Շառլը կարող է ընդգրկվել օտարագիր հայ գրողների պատվավոր ցանկում. «Այս անգամ մտավ գեղարվեստական գրականության ժանր։ Բայց դե ուշ էր մտել, երևի արդեն 8-րդ տասնամյակի մեջ էր։ Բայց կարծեմ թե հաջող մուտք էր»։    

Մեծ շանսոնյեի 1300 երգերից շատ քչերն են թարգմանվել  հայերեն։ «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչը դեռ 1990-ականներին հայերեն էր թարգմանել նրա «Rest»՝ «Մնա» ստեղծագործությունը: Newmag հրատարակչության, Արմենիա հեռուստաընկերության շնորհիվ և Ամունդի Ակա ընկերության աջակցությամբ այն այժմ հնչում է նաև հայերեն:    

 

Հուզիչ,  ֆրանսիական նրբագեղությամբ ու հայկական հնչողությամբ «Մնա» երգը կատարել է է Էրիկ Կարապետյանը։ Նրա խոսքով, Ազնավուրը, չապրելով Հայաստանում, ամեն ինչ անում էր Հայաստանի համար. «Այն հայի տեսակն է, այն մարդը, ում ուզում եմ նմանվել։ Այնքան բան է արել Հայաստանի համար։ Խաղաղություն է ցանկացել։ Ամեն հայ, որ մի փոքր Շառլ Ազնավուր լինի, մենք խաղաղ կապրենք»։    

Newmag-ի երաժշտական այս նախագիծը սկսվեց «Մնա» երգով, կշարունակվի մյուս հայտնի ու ոչ այնքան շատ հնչած ազնավուրյան կատարումներով: Մինչև շանսոնյեի հարյուրամյակը՝ Newmag-ը խոստանում է, հայերեն կթարգմանի ու կհրատարակի ոչ միայն Ազնավուրի ամբողջ գրական ժառանգությունը, այլ երգերը կհնչեն հայերեն՝ նոր գործիքավորմամբ, նոր տեսահոլովակներով:    

 

Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, Ազնավուրը բազմիցս ասել է, որ սիրում է, երբ իր երգերը կատարում են, բայց չի սիրում, երբ իրեն կապկում են. «Եվ փիլիսոփայությունը երգի նոր գործիքավորման հետևլյալն էր` ներշնչվել Ազնավուրով, փոխանցել ոգին, բայց չկապկել։ Կարծում եմ, որ Մարտինի երաժշտական ճաշակը, Էրիկի երաժշտական կարողությունները, և երկուսի պատվախնդրությունն  ունեն լավ արդյունք, որը կհամալրի մեր երաժշտական գանձարանը»։    

 

Ազնավուրյան գրական մատենաշարի և երաժշտական նախագծի գլխավոր գործընկերը Ամունդի ակբա ընկերությունն է: Ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանի խոսքով, գործակցությունը սկսվել է երեք տարի առաջ ու դեռ երեք տարի էլ կշարունակվի. «Սկսեցինք օժանդակել Շառլ Ազնավուրի գրքերի հայերեն թարգմանությանը։ Այսօր հայալեզու ընթերցողին ենք ներկայացնում 5-րդ գիրքը։  Մենք մեր պարտքն ենք համարում շարունակել այս նաձեռնությունը. մինչև 100-ամյակը ունենալ նրա բոլոր գրքերը թարգմանված»։    

 

Նոր գիրք, նոր երգ, նոր տեսահոլովակ ու ևս մեկ անակնկալ: Ուղիղ միացում՝ Փարիզ. Շառլ Ազնավուրի կիսանդրիի բացման արարողությունն է: Կիսանդրին կտեղադրվի Օդեոն խաչմերուկում, այնտեղ, որտեղից սկսվել է Ազնավուրի փառքի ճամփան: Կիսանդրին պատրաստվել է 1964 թվականին Հայաստանում։ Հեղինակը շանսոնյեին էր նվիրել իր աշխատանքը, երբ նա հայրենիքում էր: