«Թուրքիան պատանդ է պահել սեփական պատմությունը»․ Թաներ Աքչամ

April 24, 2020

1915-1918 թթ. Հայոց ցեղասպանության դարձել է ավելի քան մեկ միլիոն մարդու սպանության կամ մահվան պատճառ: Դրան հաջորդած մեկ դարի ընթացքում թուրքական կառավարությունները մեկը մյուսի հետևից հաջողության են հասել՝ կերտելով «պաշտոնական պատմության» սեփական տարբերակը և «պատանդ պահելով» պատմությունը՝ ի շահ սեփական փաստաթղթային ապացույցների ու ճշմարտությունների: Նրանք հաջողության են հասել գոնե այն հարցում, որ լայնորեն տարածել են սեփական «պատմական տեսակետը», ինչը տրամաբանորեն շատերին է հավանական թվում: Առաջին աշխարհամարտի իրադարձությունների նկատմամբ թուրքական ժխտողականությունը հանրային քննարկման ասպարեզում կեղծ «ճշմարտության» մատուցման ամենահաջող օրինակներից է՝ լավ կազմակերպված, կանխամտածված ու համակարգված կեղծիքի տարածմամբ:

Նրանք, ովքեր ընդունում են «ամեն ոք կարող է ունենալ սեփական կարծիք, բայց ոչ՝ սեփական փաստեր» կարգախոսը, զարմանքով են հետևել նախորդ տասնամյակներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հանրային ու պատմական քըննարկումներին, երբ փաստերի վրա հիմնված ճշմարտությունները վարկաբեկվել են ու հավասարեցվել կարծիքի մակարդակի: Այսպիսով, այս ռազմավարության կարևոր սյուներից մեկը ճշմարտությունը թաքցնելն ու այն լռության մատնելն է: Այս գրքի նպատակը հստակեցնելն է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումները՝ փաստերի ու ճշմարտության հարաբերության տեսանկյունից: Այս ուսումնասիրությունն ապացուցում է, որ ճշմարտությունը թաքցնողները, մասնատողները և դրանցից շահողներն իրականում սխալվել են:

Մայքլ-Ռոլֆ Տրույոն նշում է. «Պատմությունը գիտություն է դառնում չորս փուլերով՝ (1) փաստերի ձևավորում (աղբյուրների հստակեցում), (2) փաստերի հավաքում (արխիվների կազմում), (3) փաստերի վերականգնում (պատումների շարադրում) և (4) հետադարձ արժևորում (ամբողջական պատմության ստեղծում)»: Սրանց մենք հավելում ենք նաև 5֊րդը՝ առանցքային փաստաթղթերի ոչնչացման կամ հերքման փուլը: Ամեն ցեղասպանություն իր յուրահատկությունն ունի: Հայոց ցեղասպանությունն առանձնանում է դրան առնչվող ճշմարտությունները թաքցնելու և պատմականությունը հերքելու երկարատև ջանքերով: