Տեղի ունեցավ անկախության շրջանի ամենահայտնի լրագրողներից Վահան Իշխանյանի վերջին գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
Մայիսի 10-ին գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանի ծննդյան օրն էր։ Հենց տարեդարձին էլ մտերիմների որոշմամբ տեղի ունեցավ նրա վերջին՝ «Դառը ծովը» գրքի շնորհանդեսը։ Վեպը հրատարակել է Newmag-ը, խմբագրել՝ Վիոլետ Գրիգորյանը։ Հրապարակախոսի որդին՝ ռեժիսոր Հովհաննես
Նախապես գրված պատմվածք, որ դարձավ վեպ։ «Դառը ծովը» նորարական ոճ ու փորձ է, որը հենց Վահան Իշխանյանի գրական ձեռագիրն էր՝ ինքնատիպ ու յուրօրինակ։ Newmag-ի ու գրողի գործակցությունը սկսել է դեռ 2015-ից, երբ խմբագրել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը։ Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, Կանադայից էլ վիրտուալ շփումը շարունակվում էր. «Մի օր Վահանը գրեց, որ վեպի վրա է աշխատում։ Ասաց․ «Չգիտեմ, կհասցնե՞մ տեսնել, թե ոչ, բայց կուզենայի, որ դու տպագրես»։ Այսօր խոստումս կատարեցի»։
Մեկ տարի առաջ Կանադայում կյանքից հեռացավ անկախ Հայաստանի ամենահայտնի գրողներից Վահան Իշխանյանը։ Ծանր հիվանդության մասին իմանալուն պես նա սկսել էր գրել գիրքը, ավարտել մահվանից օրեր առաջ. պատմում է կինը՝ Եվա Հակոբյանը. «Գիտակցում էր, որ սա իր վերջին գիրքն է։ Էթիկապես երբեմն պարտավոր էի զգում ասել, որ շատ ժամանակ չի մնում, բայց թույլ չէի տալիս։ Երբ առաջին անգամ իմացանք հիվանդության մասին, տուն հասնելուն պես բացեց այն ֆայլերը, որոնք նախնիների մասին էին ու սկսեց աշխատել, որ հասցնի։ Խրախուսում էի այն իմաստով, որ այո՛, պետք էր գրել։ Շատ ուշ իմացանք, որ քիչ ժամանակ է մնացել, բայց մինչև վերջին պահն աշխատում էր գրքի վրա»։
Վերջին տարիներին Իշխանյանը տեղափոխվել էր Կանադա, ամուսնացել, դուստր ունեցել։ Ըստ Եվա Հակոբյանի, սկսել էր ավելի հաճախ ու հաճույքով ստեղծագործել. «Քվեբեկում էլ մեր կյանքը բաժանված էր տարբեր փուլերի։ Սկզբում երբ եկավ, շատ խանդավառ էր, Մոնրեալում ուներ ընկերներ, թղթակցում էր Հորիզոնին, շատ տեղեր էինք գնում, մինչև մեր աղջկա ծնվելը։ Վահանը հանգիստ էր, շատ էր գրում, ինքը միշտ ինձ ասում էր, որ ինչ-որ բեռից ազատվել է, Երևանում այդպես չի եղել։ Շատ էր քաջալերում ինձ։ Իմ դասախոսը մեզ շատ էր հրավիրում իր տուն, և նրա շնորհանդեսին էլ ծնվեց գրքի գաղափարը։ Այդ գրքում Վահանն իրար կողքի է դնում ձախականությունն ու ազգայնականությունը, Վահանի այս գործը շատ-շատ կարևոր եմ համարում, և այս գիրքը մեծ արժեք է ներկայացնում»։
«Դառը ծովը» գրելու ընթացքում Վահան Իշխանյանն ու Վիոլետ Գրիգորյանն անընդհատ վիրտուալ շփվել են, քննարկել ու որոշել՝ «Դառը ծովում» պետք էր հավաքել նաև իր անհանգստությունները. «Չգիտեմ նախապես որոշել էր գրել, թե ոչ, բայց վերջին ամիսներին դա էր անում։ Շատ դժվար է ինձ համար...գրքում իր կյանքն է, նաև իմ։ Հետաքրքիրն այն է, որ առաջարկներ էի անում որոշ բաներ խմբագրելու, որովհետև անգիր գիտեինք դրանք։ Սուպերմարկետի աշխատողից մինչև քաղաքական դեմքեր հավաքել է մի տեղ, ամբողջ էպոխան հավաքել, ներառել է նաև սովոտական էպոխան... ժամանակակից վեպը փորձարկում է բոլոր կոլաժային թեմաները։ Հենց վեպ է սա, ուղղակի յուրահատկությունն այն է, որ և՛ լրագրողական է, և՛ գրական։ Այս երկուսի համադրությունն է, որ վեպը յուրահատուկ է դարձրել»։
Իր կյանքի պատմությունը ճամփորդության պես նկարագրել է «Դառը ծովը» գրքում։ Այս գործը Իշխանյանը գրում էր Քվեբեկի մի սրճարանում, որի մասին էլ պատմում է նաև վեպում։ ժամանակի ու տարածության միջով ընթերցողը հանդիպում է հարյուրավոր կերպարների, աշխարհով ու երկրներով անցնելով՝ հրապարակախոսը ներկայացնում է նաև իր նախնիների կյանքը։ Երեխաների՝ Հովհաննեսի ու Բյուրակնի խոսքով, պատմությունը շարունակելի է.
Բյուրակն Իշխանյան. «Շատ եմ մտածել, բայց ոչ թե շարունակել հորս գրածը, որովհետև ինքն իր ոճն ունի, բայց ես գրելու եմ մեր ընտանեկան սագան։ Ահագին հետաքրքիր բաներ կան, որոնք պետք է գեղարվեստականացնել»։
Հովհաննես Իշխանյան. «Դասախոսս ինձ ասաց ֆիլմ նկարի, շատ դժվար էր, անընդհատ հարցնում էի՝ ինչ պետք է անել։ Բայց հետո հասկացա, որ այդքան էլ դժվար չէ ու հետաքրքիր ֆիլմ դարձավ։ Երկար ժամանակ մտածում էինք՝ ինչ պետք է դնել ֆիլմի անունը, ու որոշեցինք անվանել «Ընտանեկան ալբոմ»։ Եվ որպեսզի մեր ընտանեկան ալբոմն ամբողջական դառնա, ես ցանկանում եմ ամուսնության առաջարկություն անել»։
Եվ հենց շնորհանդեսի ընթացքում ամուսնության առաջարկություն, մատանի ու հետո ընտանեկան լուսանկար, որտեղ Վահան Իշխանյանի մայրն է՝ լեզվաբան Բյուրակն Չերազը, կանայք, երեխաները, մտերիմները՝ սիրով, համերաշխ և երջանիկ։ Իրենց սիրելիի ծննդյան օրվա ու վերջին գրքի շնորհանդեսի այս ակնթարթը կամբողջացնի նրանց «Ընտանեկան ալբոմը»։
Կարդացեք նաև