«Հաղթիր Եվրոյի հետ» մրցույթի մասնակիցները Newmag-ից ստացան համաշխարհային բեսթսելլերներ (տեսանյութ)

June 14, 2021

Եվրո-2020-ին ընդառաջ «Արմենիա TV»-ն ֆուտբոլասերների համար մայիսի 17-ից հայտարարել էր մրցույթ, որի շրջանակներում ընտրված լավագույն 10 մասնակիցները պայքարեցին հաղթողի կոչմանն արժանանալու համար: Հաղթողը ստացավ նոր սերնդի PlayStation 5: Մասնակիցների համար անակնկալ ուներ նաև Newmag-ը՝ գրքեր հատուկ ֆուտբոլասերների համար:

Մեկ ամսվա թեժ պայքարից հետո  «Հաղթիր Եվրոյի հետ» ինտելեկտուալ վիկտորինայի առաջին փուլը հաղթահարած 10 առաջատարները եզրափակիչում մրցեցին լավագույնի կոչմանն արժանանալու համար։ Ուղիղ եթերում գլխավոր մրցանակի համար պայքարը թեժ էր, ինչը զարմացրեց սպորտային մեկնաբան Էդուարդ Քալանթարյանին. «Չէի սպասում, որ այսպիսի պայքար կլինի, այնպիսի տպավորություն է, որ հենց նոր ինչ-որ մրցաշարից դուրս եկա։ Շատ լեցուն եմ հույզերով։ Մտածում էինք, որ պայքար է լինելու հետաքրքիր, բայց որ ա՞յս աստիճան»։

Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները ստացան Newmag հրատարակչության համաշխարհային ֆուտբոլի աստղերի մասին պատմող բեսթսելլերներ՝ հայերեն թարգմանությամբ։ Մոտ 4 տարվա գործունեության ընթացքում Newmag-ը պարբերաբար ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստների, սպորտային աստղերի վերաբերյալ գրքեր: Այդ գրքերը նաև մեծ հեղինակություն են վայելում երկրպագուների շրջանակում:

Մոտ 4 տարվա գործունեության ընթացքում Newmag-ը պարբերաբար ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստների, սպորտային աստղերի վերաբերյալ գրքեր:

Հաղթողին բաժին հասավ գլխավոր մրցանակը՝ Playstation-5 խաղային համակարգ։ 100 տոկոսանոց ցուցանիշով հաղթող ճանաչվեց 17-ամյա Կարեն Կարապետյանը՝ նրան այստեղ բերել էր ոչ միայն հաղթանակը. «Այնպես չէր, որ այստեղ էի միայն հաղթելու համար, իրոք չէի մտածում, որ մրցանակն ինձ բաժին կհասնի։ Տպավորություններս շատ լավն են, շատ դրական։ Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, որ այսքան բան գիտեմ ֆուտբոլի վերաբերյալ, պարզապես շատ եմ ուսումնասիրել, փաստեր եմ կարդացել. ֆուտբոլն իմ հոբբին է»:

Կարենն անսխալ պատասխանեց Էդուրադ Քալանթարյանի հնչեցված բոլոր հարցերին՝ զարմացնելով թե՛ մարզական մեկնաբանին, թե՛ տաղավարում ներկա գտնվող մյուս մասնակիցներին և հյուրերին: Պատանի ֆուտբոլասերը Եվրո-2020-ի ընթացքում երկրպագելու է Նիդերլանդների հավաքականին: