Պատմությունն այնքան կլանող էր, որ ավարտեցի երեք օրում

Քարեն Մաքմանուսի «Մեզնից մեկը ստում է» գրքի վերնագիրը միանգամից գրավեց ինձ, ու որոշեցի անպայման ընթերցել ամառվա ընթացքում: Նախկինում կարդացել էի գրքի մասին որոշ դրական կարծիքներ և սպասում էի դրա հայերեն թարգմանությանը: Եվ հուրախություն գրքասերներին՝ Newmag-ը հրատարակեց այն: Պատմությունն այնքան կլանող էր, որ ավարտեցի երեք օրում ու բավականին ապշած էի դրա վերջաբանից, և այն անընդհատ լարված էր պահում ինձ: Գիրքը ստիպում է ընթերցողներին անընդհատ հետարքրքվել հետագա զարգացումներով ու կլանված ընթերցել այն: «Մեզնից մեկը ստում է» գիրքը լի է արկածներով, առեղծվածներով և հետաքրքիր բացահայտումներով: Գրքի հեղանիկը այն գրել է շատ յուրօրինակ ոճով: Պատմությունը ներկայացվում է չորս ընկերների տեսանկյունից, որն էլ մեզ թույլ է տալիս ավելի լավ հասկանալ յուրաքանչյուր կերպարի էությունը, նրանց անձնական կյանքը, մտքերը, հույզերը, մտնել նրանց դրության ու հոգեվիճակի մեջ, ինչպես նաև հասկանալ բուն պատմությունը՝ հենց իրենց աչքերով: Երբ գլխավոր հերոսներին շրջապատող սյուժեն կամ իրավիճակները դուրս են գալիս վերահսկողությունից, այս ոճով գրված գլուխները օգնում են ընթերցողներին՝ տալով բավարար պատկերացումներ կերպարների հուզական գործընթացի և այն մասին, թե ինչ է կատարվում նրանց գլխում: Այս ոճը պահում է լարվածության մեջ և դարձնում է ընթերցանությունը ավելի հաճելի: Կարեն Մ. Մաքմանուսը, անշուշտ, հաջողության է հասել՝ գրելով իր պատմությունն այս ոճով: Համառոտ պատմեմ գրքի սյուժեի մասին: Մի անգամ դպրոցի հինգ աշակերտներին պատժում են՝ դասարանում բջջային հեռախոսներ ունենալու համար: Սակայն նրանք բոլորն էլ գիտեն, որ բջջային հեռախոսներն իրենց չեն պատկանում, և հասկանում են, որ ինչ-որ մեկը «խաղում» է նրանց հետ: Հինգ աշակերտներից յուրաքանչյուրը տարբերվում է միմյանցից: Բրոնունին խելացի աղջիկ է, որ երազում է ընդունվել լավագույն համալսարաններից մեկը՝ Եյլի համալսարան: Ադին դպրոցի գեղեցկուհիներից է: Կուպերը մարզիկ է, որ ցանկանում է դառնալ բեյսբոլի հայտնի աստղ, Նեյթը հանցագործ է, ով նախկինում խախտել է շատ օրենքներ և ի վերջո Սայմոնը՝ բամբասկոտը, որ ստեղծել է մի հավելված՝ դպրոցում բամբասանքներ տարածելու համար: Նա գիտի դպրոցում բոլորի և նաև նրանց գաղտնիքների մասին և սիրում է իր բլոգում պատմել այդ ամենի, ինչպես նաև դպրոցում կատարվող ցանկացած իրադարձության մասին: Նրա կարծիքով՝ նա այդ ձևով մարդկանց «լավություն» է անում: Այսպիսով, որպես պատիժ՝ հինգ աշակերտներից պահանջվում է գրել շարադրություններ՝ նրանց փակելով առանձին մի սենյակում, սակայն այդ ընթացքում կայանատեղիում տեղի է ունենում փոքր վթար երկու մեքենաների միջև, որն էլ շեղում է աշակերտներին։ Այս ժամանակահատվածում Սայմոնի՝ բամբասկոտի մոտ սկսում է ծանր ալերգիկ ռեակցիա, և նա մահանում է։ Սենյակում լինելով ընդամենը հինգ հոգի, որոնցից մեկը մահանում է, ոստիկանությունը կասկածում է մնացած չորս աշակերտներին: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը, և դրանք պետք է հրապարակվեին Սայմոնի հավելվածում իր կողմից, սակայն նրա մահվան պատճառով հրապարակումը տեղի չի ունենում: Սակայն այս գիրքն այն գրքերից չէ, որ կարելի է կռահել մարդասպանին սկզբում: Դրա տարբեր իրադարձություններ անընդհատ մեզ խորհելու առիթներ են տալիս: Սակայն եթե ուշադիր լինեք պատմության մեջ տեղի ունեցող դեպքերին, ապա գուցե կարողանաք բացահայտել այս սպանությունը: Գրքում կային որոշ բաներ, որոնք ես այդքան էլ չվայելեցի: Նախ՝ դրա մեջ շատ էին հարբեցողության, թմրամոլության, ծխելու և այլնի մասին հատվածները (չնայած նրան, որ իրադարձությունները տեղի են ունենում ավագ դպրոցի աշակերտների հետ): Եվ գիրքը կարդալիս որոշ ընթերցողների համար կարող է տհաճ, միևնույն ժամանակ նաև դժվար լինել այդպիսի հատվածների ընթերցումը: Այս դետեկտիվ պատմության մեջ ամենաշատը, որ գրավեց ինձ, գրքի վերջաբանն էր: Այն շատ անսպասելի էր, և ես, ցավոք, այն չէի կռահել: Մի պահ ես կասկածում էի ուսանողներից մեկին, հաջորդ գլխում ՝ մյուսին և այդպես շարունակ: Յուրաքանչյուր կերպարի էությունը և դերը հասարակության մեջ ևս շատ հետաքրքիր էր: Գրքում նաև մանրամասնորեն ներկայացված էին այն խնդիրները, որոնց առջև կանգնում են ավագ դպրոցի դեռահասները: Եվ նրանցից յուրաքանչյուրը պետք է ինքնուրույն հասկանա, թե ինչպես կարելի է դուրս գալ վատ իրավիճակներից և շարունակել իր կյանքը: Գիրքը նաև մատնանշում է, թե ինչպես են մարդիկ հակված բավարարել հասարակության սպասելիքները: Այն պատմում է իրական կյանքի մասին և այն մասին, որ ամեն ինչ չէ, որ միշտ լինում է այնպես, ինչպես մենք ենք ցանկանում, որն էլ ստիպում է ընթերցողներին կարեկցել գրքի կերպարներին: Գիրքը լի է շրջադարձերով, սակայն դրա հերոսների կյանքում տեղի ունեցող խորդուբորդություններն ի վերջո հարթվում են: Չնայած պատմության ընթացքում նրանք շատ կոնֆլիկտներ են ունենում, միևնույն է լուծում են դրանք, և վերջում բոլորը ստանում են այն, ինչին արժանի են: Ինձ նաև շատ են դուր եկել գրքում ներկայացվող կերպարները, և հատկապես չորս գլխավոր հերոսները՝ Բրոնուին, Ադին, Կուպերը և Նեյթը, որոնք բոլորն էլ լավ մշակված կերպարներ են: Նրանց խնդիրները, գաղտնիքներն ու սպանության գործի մեջ անսպասելի ներգրավված լինելը հստակ ձևով ներկայացված են գրքում, որն էլ շատ ավելի է մոտեցնում կերպարներին և ավելի է հեշտացնում նրանց էությունը հասկանալու գործընթացը: Ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպես են չորս ընկերները, աջակցելով միմյանց, փորձում հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք մինչ Սայմոնի սպանությունը մտերիմ ընկերներ չէին: Ես նաև շատ ուրախ եմ, որ գիրքն ավարտվում է թեթև, հուսադրող նոտայով: Չորս կերպարներն անցնում են իրենց սեփական մղձավանջների և անհաջողությունների միջով, որն էլ նրանց ավելի ուժեղ և ավելի ինքնավստահ է դարձնում: Ընդհանուր առմամբ՝ «Մեզնից մեկը ստում է» հիանալի գիրք է ՝ հետաքրքիր ստեղծագործական սյուժեով: Շատ քիչ գրքեր կան, որոնք կարող են ընթերցողին այդպես կլանված պահել և ստիպել՝ կորցնելու ժամանակը զգացումը, և այս գիրքը պատկանում է այդ գրքերի շարքին: Վերջապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Newmag-ին շատ լավ թարգմանության և գրքի որակի համար: