Սա գիրք է սիրո, պայքարի, ապրելու մասին...

Վեպը ամերիկացի գրող Մարգարետ Միտչելի գլուխգործոցն է, որն արժանացել է Պուլիցերյան մրցանակի, և ամբողջ աշխարհում տպագրվել է ավելի քան 30մլն կրկնօրինակով։ Վեպի գործողությունները տեղի են ունենում Ջորջիայի նահանգի Քլեյտոնի շրջանում։ Այստեղ ծանոթանում ենք գլխավոր հերոսուհու՝ կանաչաչյա գեղեցկուհի Սքարլեթ Օ՛Հարայի հետ։ Սքարլեթը հարուստ էր, ուներ իրեն սիրող ընտանիք, գեղեցիկ հագուստներ, նրա առջև գրեթե բոլոր գեղեցիկ տղամարդիկ իրենց սիրտն էին դրել, ու նա կարող էր մեկին հույս տալ, մեկին՝ սիրել, մյուսին՝ զրկել ապրելու իմաստից։ Սքարլեթը ուժգին սիրում էր մի գեղեցկադեմ երիտասարդի՝ Էշլի Վիլքսին, ումից սակայն անասելի տարբեր ներաշխարհ ու բնավորություն ուներ։ Այս կյանքում ինչին և ում նա ցանկանար, կարող էր հասնել, թերևս միակ անհասնելին Էշլիի սիրտն էր,որը նվաճելը Սքարլեթը համարում էր իր գերնպատակը մինչև չէր ազդարարվել պատերազմի գույժը... 1861թ. սկսված քաղաքացիական պատերազմը Սքարլեթին սովորեցրեց, որ կյանքում գերնպատակը ոչ թե գեղեցիկ շորեր հագնելն է ու զանազան կերակրատեսակներով սնվելը, այլ պարզապես հագին ինչ-որ բան ունենալը ու ափսեի մեջ մի կտոր հացը... որ կարևորը ոչ թե սրտովդ սիրածին հասնելն է, այլ գրպանները լիքը մեկին հասնելը, ով կարող է ապահովագրել քեզ սովից ու մերկությունից։ Սքարլեթը տղամարդու պես, տղամարդկանցից առավել համառ պայքարեց, ապրեց ու ապրեցրեց իր հոգածության տակ գտնվող մարդկանց իր քրտնաջան աշխատանքով։ Նրա կերպարը հակասական է, հատկապես, երբ հանդիպում ենք ամենագրավիչ Ռեթ Բաթլերի հետ տեսարաններին, բայց միևնույն է, այս երկու երես առած ու հանդուգն կերպարներին հնարավոր չէ չսիրել։ Սա գիրք է սիրո, պայքարի, ապրելու մասին...