Գրքի վերնագիրը միանգամից տեղափոխեց ինձ մանկություն

Գրքի վերնագիրը միանգամից տեղափոխեց ինձ մանկություն, երբ ընկերուհիներիս հետ չարաճճիություններ էինք անում ու անթիվ-անհամար պատմություններ հնարում միմյանց ապագայի մասին... Մենք նույնպես ունեինք մեր «վախենալու» դոն Աքիլեն՝ նկուղում շրջող խոշոր ճամպրուկով... Գիրքը Էլենայի և Լիլայի ընկերության, մանկության, իրենց ապրած աշխարհի, ու միևնույն ժամանակ, ներաշխարհի մասին է։ Ընկերություն, որը ավելի շատ կարելի է համարել մրցակցություն, խաղ, մեկը մեկից առաջ անցնելու ու «նոր նշաձող սահմանելու» մասին մի խենթ մանկական զբաղմունք։ Գրքում 1950_ականների Նեապոլն է՝ իր աղքատիկ շնչով։ Ծերը ծերին հասցնող բնակչությունն ու նրանց կողքին ամենահարուստ խավը. միջակություն կարծես թե գոյություն չունի։ Սովորելու ձգտում, բայց հնարավորությունների սահմանափակ վիճակ... Պատերի ներսում խնդիրներ, սեր, դավաճանություն... Թվում է, Նեապոլը սովորական քաղաք է, սովորական մարդկանցով ու առօրյայով, բայց չէ, Նեապոլում ապրում են համարձակ գրողի հերոսները, որոնք սիրում են, պայքարում, արարում ու ձգտում... «Իմ հանճարեղ ընկերուհին » Էլենա Ֆերանտե անվան տակ թաքնված հեղինակի «Նեապոլիտանական քառյակ»_ի առաջին վեպն է։ Գիրքը համարձակ է, բաց տեքստերով ու մարտահրավերներով... Քաղաք՝ լցված սիրո հրապույրով... Ընկերություն՝ օր օրի անքակտելի դառնալու ձգտումով... Կյանք՝ մի օր վերջանալու ակնկալիքով... իսկ գուցե սպառնալիքո՞վ...