Վեպը ստացված էր և հետաքրքիր, իսկ «Լռակյաց հիվանդ»-ին կապող օղակը` գրավիչ։

«Կույսերը» հեղինակի երկրորդ գիրքն է, երկրորդ հոգեբանական թրիլերը, որը իրեն շատ սպասեցնել չտվեց։ Վեպի գործողությունները ընթանում են Քեմբրիջում։ Մարիանան վստահ է, որ մարդասպանը համալսարանի հունական ողբերգության պրոֆեսոր, բոլորի կողմից շատ սիրված, Էդվարդ Ֆոսկան է։ Առաջին զոհը Զոուիի` Մարիանայի զարմուհու ընկերուհին է։ Զոհերի թիվը սկսում է աճել։ Մարդասպանը յուրաքանչյուր զոհի հետ թողնում է հունական ողբերգությունից հատվածներ, որոնք բնորոշում են տվյալ սպանությունը. սրանք հենց այն տողերն են, որոնք Ֆոսկան առանձնացրել է իր սիրելի գրքում... Ի վերջո, ո՞վ է այսչափ պաշտելի դասախոսը. մարդասպա՞ն, խաբեբա՞, թե՞ արժանի է սիրված լինելու... Ովքե՞ր են «Կույսերը», ի՞նչ է ներկայացնում իրենից այս գեղեցիկ աղջիկների խումբը... Ո՞վ է հաջորդ զոհը, ի՞նչ տրամաբանությամբ փնտրել նրան և պաշտպանել... Գիրքը հոգեբանական ճնշում է գործադրում ընթերցողի վրա, ստիպելով հերոսների հետ հավասար տանջվել ու փնտրել, անցնել հունական ողբերգության էջերով, լինել բերքատվության և կյանքի աստվածուհի Դեմետրայի և նրա դստեր` մահվան աստվածուհի Պերսեփոնեին նվիրված տաճարում, որտեղ էլ էջերից մեկում բացահայտվում է ճշմարտությունը... Մարդասպանին «գտել էի» հենց սկզբից (իհարկե ընթացքում կասկածում էի)։ Երկրորդ զոհից սկսած գլխի ընկա, թե հաջորդիվ ովքեր էին լինելու զոհերը։ Այն, թե ինչպես էին ընտրվում նրանք, մի փոքր հիշեցնում էր Ահմեդ Ումիթի «Ստամբուլի հուշը» վեպը (բնականաբար զիջելով վերջինիս)։ Երևում էր, որ հեղինակը շատ ուսումնասիրություններ էր արել հունական ողբերգության հետ կապված, բայց գրքում քիչ էր հրամցրել իր բացահայտումները, կարծում եմ, եթե մի փոքր ավելի աշխատեր գրքի վրա, և տար մեզ ամենը, ինչ «քաղել էր» իր ուսումնասիրություններից, բնականաբար կապելով սպանությունների հետ, գիրքը կլիներ չզիջող... Ինչևէ, վեպը ստացված էր և հետաքրքիր, իսկ «Լռակյաց հիվանդ» _ին կապող օղակը` գրավիչ։