BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

26 րոպե՝ ջազի, հայրենիքի ու վերադարձի մասին. Տաթևի

26 րոպե՝ ջազի, հայրենիքի ու վերադարձի մասին. Տաթևիկ Հովհաննիսյան

Երբևէ ձեզ համար առանձնացրե՞լ եք մարդկանց ցուցակ, ում կուզենայիք հանդիպել, զրուցել, ում մասին կուզենայիք գրել։ Մտովի տվե՞լ եք հարցեր ու ստացել պատասխաններ։ Առանձնացրե՞լ եք Ձեզ համար ողջույնի և շնորհակալության հատուկ, հենց իրենց համար նախատեսված տեքստեր։ Կանխատեսե՞լ եք ընթերցողի մեկնաբանություններն ու նյութի դիտումների քանակը։ Իմ ցուցակում անունները քիչ չեն, լավագույն տասնյակի մեկ-երկու անվան դիմաց դրական նշումներ էլ կան։  Երազանքի հարցազրույցներից հերթականը հայկական իրականության Լեդի Ջազի հետ էր։
Տաթևիկ Հովհաննիսյանը խոսեց այնպես, ինչպես երգում է՝ ազնիվ, անշտապ, շիտակ․․․Մեր միջև օվկիանոսաչափ տարածությունը կրճատեցին կապի ժամանակակից միջոցներն ու կարոտը․․․իմ դեպքում՝ արվեստագետի բացառիկ տեսակի հետ շփման, նրա դեպքում՝ հայի ու հայկականի հանդեպ կարոտը․․․26 րոպե՝ ջազի, հայրենիքի ու վերադարձի մասին․․․



-Ջազի հայրենիքից հայրենիք՝ 4 տարի անց ու 3 ամիս հետո․ ի՞նչ հուշեր ու զգացողություններ են պահպանվել հայաստանյան նախորդ շրջագայությունից։  
-Նախորդ անգամ Հայաստանում էի երկար բացակայությունից հետո և ուղևորության մեջ Երևանից բացի ընդգրկված էին նաև Գյումրին  ու Ստեփանակերտը։ Գյումրիում վաղուց չէի եղել և ինձ համար անակնկալ էր, անսպասելի․ չգիտեի՝ ինչ սպասեմ, որքանո՞վ է ինձ հիշում ժողովուրդը։ Բոլոր կասկածները փարատվեցին առաջին իսկ վայրկյանին․ ոտք դրեցի Գյումրի ու հասկացա, որ տանն եմ։ Նույնը՝ Ստեփանակերտում։ Գյումրին հրաշալի հետք  է թողել իմ մեջ․ ժողովուրդն այնքան հաճելի շրջապատեց, ջերմացրեց։ Այդ տաքությունը, հումորը, ընդունելությունը, հյուընկալությունը, ամեն ինչ այնքան տպավորիչ էր, ոնց որ ընտանիքն ընտանիքին դիմավորեր։ Այս անգամ ինքս եմ հաճույքով առաջարկել՝ հնարավորության դեպքում լինել Գյումրիում։ Ես իսկապես ուզում էի նորից Գյումրիում ելույթ ունենալ։  
-Ինձ միշտ հետաքրքրել է՝ ինչպե՞ս եք ընտրում՝ բազմաթիվ հրավեր-առաջարկներից ո՞րն ընդունել և որտե՞ղ լինել։
-Մեր մի բաժակ ջուրը ելույթ ունենալն է։ Ու եթե մեզ տալիս են որոշակի պայմաններ, երաժիշտը երբեք չի հրաժարվում։ Պատահել է՝ ելույթ եմ ունեցել նաև այնպիսի տեղերում, որտեղ հանդիսատեսն անգամ  չի իմացել՝ ինչ է ջազը։ Դահլիճում նստած մտերիմ մարդիկ հետո պատմել են, որ ջազ իմպրովիզացիայի ժամանակ մեկը մյուսին հարցնողներ են եղել՝ թե ինչ լեզվով է երգում, այսինքն՝ չեն էլ հասկացել, որ դրանք ոչ թե բառեր են, այլ ուղղակի իմպրովիզացիոն հանգավորումներ։ Բայց անգամ դա չի խանգարել, որ համերգն անցնի հրաշալի մակարդակով ու ելույթի ավարտին շատերը խոստովանեն, որ եթե ջազը սա է, իրենք այլևս դրա սիրահարն են։ Սա նշանակում է, որ մենք միշտ ցանկություն ունենք լինեն աշխարհի այն բոլոր անկյուններում, որտեղ կա հնարավորություն տարածելու մեր արվեստը։ Եթե ժամանակն ու ցանկությունն էլ համընկնում են, ուրեմն մերժում երբեք չի լինում․ ժողովրդի առաջ ելույթ ունենալու համար երաժիշտների սրտերը միշտ բաց են։ Հայաստանյան իմ շրջագայությունից անմիջապես հետո ես կլինեմ Մոսկվայում․ հունիսի 1-ին՝ Մոսկվայի միջազգային երաժշտական տանը, հունիսի 2-ին՝ Մոսկվայի Esse ջազ ակումբում։ Ես անհամբերությամբ եմ սպասում ոչ միայն Հայաստանի, այլև Մոսկվայի ելույթներին։
-Ինչո՞ւ է ընդունված կարծել այնպես, որ ջազն հոգածության կարիք ունի, որ սա արվեստ է, ոչ բոլորի համար՝ դրանով իսկ քիչ ընդունելի․․․
-Ջազային երաժշտությունը որպես այդպիսին, ընդհանրապես, աշխարհով մեկ ամենաքիչ ընդունելիներից է, ամենադժվար հասկանալիներից։ Կոմերցիոն չէ, մեծ գումարներ չի բերում և դրա համար էլ հաճախ ջազային արվեստը տուժում է։
-Այս իմաստով բնականոն համարե՞նք  Ջազ ակումբների ոչ երկար կյանքը Հայաստանում․․․
-Այո, որովհետև եթե Միացյալ Նահանգներում են որոշ ակումբներ փակվում, ապա Հայաստանում ակումբների փակվելը ինձ տխրեցնում է, իհարկե, բաց չի զարմացնում։
-Ջազը ծնվել ու ապրում է ակումբներում։ Եթե այս կամ այն  վայրում ուզում ենք ջազային արվեստ զարգացնել, ակումբի գոյությունը պարտադիր նախապայման է։ Գյումրիի ջազ ակումբն, օրինակ,  դուք համարեցիք ամենաջազայիններից մեկը, որտեղ եղել եք․․․Ցավոք, այն ևս հիմա չի գործում։ Տենդենցը մայրաքաղաքում էլ էապես տարբեր չէ։ Որտե՞ղ փնտրել լուծման բանալին, երբ վաղուց հաստատված է՝ ջազի զարգացումը ուղիղ համեմատական է ակումբների գոյությանը։
-Քաջալերել է  պետք ջազ երաժիշտներին։ Հայաստանում պակասում է  երաժիշտներին օգնելու ուժը։ Շատ տաղանդավոր երաժիշտներ ունենք։ Ես կուզենայի, որ այդ երաժիշտներն անընդհատ չերազեին ուրիշ երկրներ մեկնելու մասին՝ օտար հողերում աճելու համար։ Միշտ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում փոփ երաժշտության, կոմերցիոն երաժշտության վրա ավելի շատ գումար է դրվում, որովհետև հեշտ ընդունելի է։ Հոգածություն է պետք ունենալ այս արվեստի նկատմամբ և հնարավորինս աջակցել է պետք բոլոր նրանց, ովքեր շարունակում են եղած հարուստ ջազային տրադիցիաները։  
-Տարին հոբելյանական է հայկական ջազի համար։ Հեշտ, թե դժվար է եղել ճանապարհը, բարդ է ասել, բայց հայկական ջազն այլևս  80 տարեկան է։ Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել մեր ջազի հաջորդ 80 տարիները։
- Կուզենայի, որ ջազային երաժիշտների հնարավորություններն ավելի շատ լինեին, ավելի շատ համերգներ ունենային, տարածեին իրենց արվեստը,  կարողանային բարգավաճել, որ չերազեին երկրից դուրս գալու մասին։
-Հայկական ջազ ինդուստրիայում այսօր կա՞ն անուններ, ում աշխատանքը ձեզ դուր է գալիս, ում հետ կապում եք հայկական ջազի զարգացումը․․․
-Երգիչ չեմ ճանաչում, որովհետև երևի շատ չկան։ Չի բացառվում նաև, որ երիտասարդների մեջ լինեն անուններ, որոնց ես դեռ ծանոթ չեմ։ Բայց երկու անուն միշտ շեշտել եմ․ Տիգրան Համասյան և Վահագն Հայրապետյան։ Մեկը մյուսից բավական տարբեր,  բայց երկուսն էլ հրաշալի երաժիշտներ են և ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի մակարդակով։
-Լսել եմ, որ մշտապես Ձեր համերգային ծրագրերի  վերջում մեկ հայկական ժողովրդական երգ եք երգել, ինչը դահլիճն ընդունել է մեծ ոգևորությամբ և հենց այստեղից է ծնվել հայկական ժողովրդական երաժշտության ջազային հանդերձավորման գաղափարը․․․
-Երդ դեռ Հայաստանում էի ապրում և շրջագայում աշխարհով մեկ, այդ ժամանակ էլ ամեն համերգի վերջում մեկ հայկական ժողովրդական երգ էի ներկայացնում։  Հիմնականում՝ ակապելա, որովհետև այդ ժամանակ նվագակցողները հայ երաժշտության մեջ մասնակցություն չունեին։ Միշտ երգում էի ու համոզվում, որ  շատ ջերմ է ընդունվում։ Երբ տեղափոխվեցի ԱՄՆ, այս հարցը լրջացավ  ու հենց այդ ժամանակ էր, որ կենտրոնացա հետևյալ գաղափարի վրա՝ այս արվեստը արժանի է, որ աշխարհը ճանաչի ու որոշեցի՝ հայկական ժողովրդական երաժշտությունը ներկայացնել այն հագուստով, ինչն ինձ կսազի, այսինքն՝ ջազային մշակումներով․․․
-Հետո հայկականը ճանաչեցին և յուրացրեցին նաև ոչ հայ երաժիշտները․․․
-Այո։ Մենք արդեն տարիներ է՝ միասին ենք աշխատում։ Իմ տրիոյում են Բոբ Ալբանեզը, Դեյվ Միդն ու  Ջո Ֆիցջերալդը։ Հենց նրանց ուղեկցությամբ կլինեմ Հայաստանում։ Նրանք արդեն կես հայ են դարձել՝ շնորհիվ հայկական երաժշտության, վաղուց յուրացրել են հայկական երաժշտության գաղտնիքները, սիրով են մոտենում, հուշում և թելադրում են՝ ավելացնել հայկական երաժշտությունը մեր ծրագրում․․․


Կարդացեք նաև.



-Թեև օվկիանոսից այն կողմ, բայց գիտեմ, որ դուք մտահոգ եք Հայաստանի խնդիրներով, երբեք անտարբեր քաղաքացու դիրքորոշում չեք ունեցել։ Ի՞նչ ակնկալիքներով եք այս անգամ գալիս Հայաստան։ Ինչպիսի՞ Հայաստան կուզենայիք տեսնել։
-Հայաստանն անհոգ եմ ուզում տեսնել, որ մարդիկ կարողանան ապահով կյանքով ապրել, աշխատանք չունենալու խնդիրն եմ ուզում լիովին լուծված տեսնել, որ քաղաքացին չմտածի ինչպես ապրելու մասին։ Կայուն քաղաքականություն եմ ուզում տեսնել, որ երկրի վիճակը բարելավվի, այն մի բուռն էլ, որ մնացել է, նրանք էլ չհեռանան երկրից․․․
-Այս օրերին ֆեյսբուկյան հարթակում #ՋԱԶաՍԵՐ հաշթեգով տեղադրվում են հոդվածներ՝ ձեր արվեստի երկրպագուների հետ հարցազրույցներով․ բոլորն անհամբեր են․․․
-Ողջունում եմ բոլորին, մեր հանդիպման սպասումը փոխադարձ է։
-Այսպիսով՝ սպասելով մայիսին․․․
-Անընդհատ փորձերի մեջ եմ, ծրագրի նոր աշխատանքների մեջ և հուսամ, որ տաք կլինի այդ ժամանակ, որովհետև ես Հայաստանի տաքն եմ շատ սիրում։ Սիրում եմ վայելել Հայաստանի արևը, գեղեցկությունը, ծաղկունքը, պտուղները, համով-համով բաները։ Հուսամ՝ եղանակը մեզ կժպտա։ Ես սիրում եմ իմ երաժիշտներին ամենադրական Հայաստանը ներկայացնել և կուզենամ, որ այս անգամ էլ այնպես տպավորված հեռանան իմ երկրից, ինչպես անցյալում է եղել։ Անհամբեր սպասում եմ մեր և ձեր հանդիպմանը։

Լիլիթ Թովմասյան

Տարածել