ՉԵՄՊԻՈՆ. Անդրե Աղասի. Պատմության ամենահեղափոխական թենիսիստը

ՉԵՄՊԻՈՆ. Անդրե Աղասի. Պատմության ամենահեղափոխական թենիսիստը

Որպես «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերի հաղթող՝ Անդրե Աղասին պատմության մեջ առաջինն էր, որին շնորհեցին Ոսկե սաղավարտ և նա առաջինն էր նաև, որ մրցաշրջանի ընթացքում հաղթել է և՛ հողե, և՛ գրունտե, և՛ հարդ կորտերում:

2006-ի սեպտեմբերի 4-ին US Open-ի երրորդ մրցափուլն էր ընթանում: Կորտում էին Անդրե Աղասին ու Բենջամին Բեքերը: ԱՄՆ «Արթուր Էյշ» կորտում «Մեծ սաղավարտի» 8-ակի հաղթողն ու ATP-ի աղյուսակով 112-րդ ցուցանիշն ունեցող թենիսիստներն էին: Մրցավեճից տարիներ անց միայն Բեքերը կխոստովաներ. «Աղասին իմ իդեալն է եղել»:

Դանդաղում էր, հուզմունքից կնճռոտում դեմքը, հաճախ կռանում ու նայում էր Բեքերի հարվածից ցանցը կորագծով հատող թենիսի գնդակին: Համոզվում, որ դիպել է գետնին, ապա ուղղվում, պատասխանում հարվածին:

Անդրե Աղասիի մարզիչը` Գիլ Ռեյսը, սանին այդ վիճակում տեսնելով, մտքում կրկնում էր. «Մի՞թե վերջն էր: 21 տարիներն ինչպե՞ս էին անցել մեր կողքով: Մի՞թե իրոք վերջին խաղն էր»:

ԱՄՆ բաց առաջնության երրորդ մրցափուլի Աղասի – Բեքեր մրցախաղն ավարտվեց 25-ամյա երիտասարդ թենիսիստի հաղթանակով: 2006-ի սեպտեմբերի 4-ին Անդրե Աղասին ուժ չուներ արցունքները զսպելու համար: Եվ պարտությունից չէր, որ կոկորդում խեղդուկ էր կուտակվել: Խոստովանությունը հենց կորտում հնչեց հարյուրավոր երկրպագուների ներկայությամբ. «Ցուցանակն ասում է, որ ես պարտվել եմ այսօր: Բայց կա մի բան, որ թվատախտակը ցույց չի տալիս` այսօրվա իմ գտածը: Վերջին 21 տարիների ընթացքում ես գտել եմ անձնվեր հավատարմություն: Դուք ինձ ոգևորել եք կորտում և կյանքում: Ես ձեզնից ոգևորություն եմ ստացել: Հաղթելու համար ամենավատ պահերին դուք եք ինձ կամքի ուժ տվել: Ես գտել եմ մեծահոգություն: Դուք ինձ ձեր ուսն եք դեմ տվել, որպեսզի ձեր օգնությամբ հասնեմ իմ երազանքների իրականացմանը: Երազանքներ, որոնք առանց ձեզ պարզապես չէին կարող լինել: Վերջին 21 տարիների ընթացքում գտել եմ ձեզ: Եվ ես ձեզ ու ձեր մասին հիշողություններս կպահեմ մինչև կյանքիս վերջ: Շնորհակալ եմ»:

Անդրե Աղասին պատմության ամենահեղափոխական թենիսիստն է: Նա կորտ մտավ ռոքերի կերպարանքով ու կոտրեց թենիսի մասին բոլոր կարծրատիպերը: Անդրե Աղասիի պատմությունը հայկական ողբերգության ու ամերիկյան երազանքի մասին է. «Ես իմ ճակատագիրը կերտողն եմ, ես եմ իմ հոգու կապիտանը»:

US Open - Andre Agassi

Էմանուել Մայք Աղասյանը Սալմաստում է մեծացել: Հայրը Կիևից էր Իրան տեղափոխվել, մայրը` Արևմտյան Հայաստանից: Աղասյանների տղան բռնցքամարտով էր զբաղվում: Բռնցքամարտիկ Էմանուել Աղասյանը 1948-ին և 1952-ին Իրանը ներկայացրել է оլիմպիական խաղերում: Այն ժամանակ Աղասյան ազգանունը մեծ սպորտում չամրագրվեց: Շատ բան պետք է փոխվեր, Աղասիները պետք է 1950-ականներին տեղափոխվեին Միացյալ Նահանգներ, հաստատվեին Լաս Վեգասում, հրաժարվեին ազգանվան «յան»-ից, 4 երեխա ունենային, ու նրանցից միայն կրտսերը` Անդրեն, պիտի հոր ազգանունը բարձրացներ պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական ու Լարի Քինգին բացատրեր, որ Աղասին ամենևին էլ իրանական ազգանուն չէ:

ԼԱՐԻ ՔԻՆԳ – Աղասին ի՞նչ ազգանուն է:

ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻ – Հայկական: Հայրս հայ է: Նրա ծնողները Իրանում են ապրել:

Մայք Աղասին Միացյալ Նահանգներ էր եկել ամերիկյան երազանքի հետևից: Բռնցքամարտիկ չդարձավ, բայց 2-րդ համաշխարհայինի տարիներին ծանոթացել էր մեկ այլ սպորտաձևի հետ: Թենիսն էր: Երիտասարդ տարիներին Էմանուելը սիրում էր Իրանում նայել բրիտանացի և ամերիկացի զինվորների թենիսային խաղին: Հենց նրանք էին առաջին անգամ Աղասյանի ձեռքը դրել թենիսի ռակետը, ու հենց այդ ռակետն էր Էմանուելը հետը ԱՄՆ բերել ու նվիրել 4-ամյա Անդրեին.

«Հայրս ասաց` սա է քո հացն ու ջուրը, ամո՛ւր բռնիր: Թենիսի գնդակներ շպրտող ինքնաշեն մեքենա կար մեր բակում: 6 տարեկան էի. ստիպում էր օրը 2500 գնդակի հարվածել: Ասում էր` տարվա վերջում գնդակների թիվը 1 միլիոնի պետք է հասնի»:

Թենիսը դարձավ Անդրե Աղասիի հիմնական զբաղմունքը: Դպրոցը մնաց երկրորդ պլանում: Մայրն էր ստիպված Անդրեի դասագրքերը թերթում: Սովորում էր տղայի փոխարեն, հեռակա մասնակցում քննություններին. «Մայրիկը ցանկանում էր՝ գոնե տարրական կրթության փաստաթուղթ ունենայի»:

15 տարեկան էր: Մայք Աղասին, ինչ կարողացել էր, արել էր: Տղային բաց թողնելու ժամանակն էր: 1985-ին Անդրեն մեկնում է Լոս Անջելես` եղբոր` Ֆիլի մոտ: Նա թենիսի դասեր էր տալիս Հրեշտակների քաղաքում: «Ֆիլն ինձ օգնում էր սիրողական մրցաշարերի պատրաստվել: Մենք գրոշներով էինք ապրում, որ Ֆիլը վաստակում էր դասավանդելով: Գիշերները սովից չէինք կարողանում քնել, իսկ առավոտյան խստացված ռեժիմով, ուժասպառ անող պարապմունքներն էին»:


Ժոզե Մոուրինիո. Եվրոպայի ֆուտբոլի ամենակատաղած մարզիչն` այլ մոլորակից


Ուժ էին տալիս կողքից լսվող հիացական խոսքերը` վունդերկինդ, վունդերկինդ: Բայց վունդերկինդը սիրողական թենիսիստ էր միայն: Մրցաշարից նրան փորձն էր մնում ու հարվածների դիպուկությունը, և դրանից ստամոքսի ձայները չէին լռում. «Թենիսի աշխարհը պետք է նվաճեմ. այդ մտքով էի միայն սնվում»:

1986-ի գարնանից ամբողջ Ֆլորիդան ծայրից ծայր կտրեց-անցավ, մի քանի մրցաշարեր հաղթեց: Տարվա վերջին` 5-րդ մրցաշարում եզրափակիչ դուրս եկավ. «Եզրափակիչում պարտվեցի, բայց ֆինալիստ էի. ինձ 1100 դոլարի չեկ էր հասնում: Ֆիլի հետ այնքա՜ն շատ ուտելիք կառնեինք այդ գումարով: Ամբողջ տարվա քաղցը կհագեցնեինք: Բայց չեկը վերցնելը նշանակելու էր, որ դառնում էի պրոֆեսիոնալ թենիսիստ ամբողջ կյանքում: Դրանից հետո հետդարձի տեղ չէր լինելու: Զանգեցի Վեգաս՝ հայրիկին՝ խորհրդի համար: Հարցնում եմ. «Ի՞նչ անեմ, պա՛պ»: Մայք Աղասիի բղավոցը լսվեց խոսափողի մյուս ծայրից. «Ի՞նչ ես խոսում, իսկ դու, բացի թենիս խաղալուց, այլ բան կարողանո՞ւմ ես անել: Դու թողել ես դպրոցը, ընդամենը 8-ամյա կրթություն ունես և դեռ կարծում ես, թե ընտրության հնարավորությո՞ւն ունես: Գուցե ուզում ես բժի՞շկ դառնալ, գրողը տանի»:

1986-ի ապրիլի 29-ին դարձավ 16 տարեկան: Որպես նվեր՝ հայրը Ֆիլին թույլատրեց մնալ կրտսեր եղբոր հետ: Այդպես Անդրեն ավելի շատ ժամանակ կունենար թենիսի համար: Եղբայրը դարձավ Աղասիի գործակալը: Շուտով Ֆիլի ջանքերը արդյունք տվեցին: Աղասի եղբայրները զանգ ստացան «Nike»-ից: «Ռեստորանում ես ու Ֆիլը գործնական հանդպում ունեցանք «Nike»-ի ներկայացուցչի հետ: Համիլտոն անունով մեկն էր: Անընդհատ նայում էր աչքերիս ու կրկնում` դու մեծ մարդ ես դառնալու, ա՛յ, կտեսնես: Նյարդայնացնում էր: 2 տարվա պայմանագիր էին առաջարկում, այդ ընթացքում էլ ապահովելու էին մարզահագուստով ու մարզապարագաներով: Ասաց` 20 հազար դոլար են տալու մեզ: Աչքերս կլորացան, ասում եմ` երկո՞ւ տարվա համար: Համիլտոնն ուղղեց. տարեկան 20 հազար դոլար են տալու: Ես «Nike»-ի համազգեստով ընդամենը պետք է հաղթեի»:

Հաջորդ տարի` 1987-ին, Անդրե Աղասին արդեն աշխարհի ուժեղագույնների ցանկում էր: 25-րդը: Երիտասարդ աստղը թենիսային երկնակամարում երևաց 17 տարեկանում: Անդրե Աղասիի թենիսային հեղափոխությունը սկսված էր:

7eca5455db9c41abd0f42a3bbe46e713_large

Անդրե Աղասին պրոֆեսիոնալ կորտ մտավ թե չէ, Ամերիկան շշմեց. ոչ սպորտային տեսք, ռոքերի կեցվածք, երկար, շեկ մազեր, ականջօղեր ու անբռնազբոս պահվածք կորտում: Այդքանն էլ բավական էր ամերիկացիների սիրտն ու միտքը նվաճելու համար: Նա իր ամբողջ տեսքով կարծես ասում էր՝ սպորտում կարևոր է նաև իմիջը: Անդրե Աղասին փոխեց թենիսի տեսքը:

Ամերիկացիներին ստիպեց խոսել միայն իր մասին, և ամերիկացիները սիրով կրկնօրինակեցին նրա ոճը: 90-ականների սկզբին Անդրե Աղասին նորաձևություն թելադրողն էր Միացյալ Նահանգներում: Բոլոր աղջիկներն ու կանայք գժվում էին նրա համար: Աղասիի ջինսե կիսատաբատները ամենամոդայիկն էին: Նյու Յորքից Լաս Վեգաս ու Չիկագո Անդրեի նման էին հագնվում:

Բայց Անդրե Աղասիի մեջ, բացի տեսքից, կար նաև մի բան, որ առավել հրապուրիչ էր ամերիկացիների համար: Որքան էլ տարօրինակ է, 8-ամյա կրթություն ունեցող Անղասիի խելքն էր. նա սրամիտ էր, կշռադատող ու փիլիսոփայող:

Կորտի փայլփլուն նորեկը հայտնվեց Նիկ Բոլետիելիի ակադեմիայում: Այն ամենահեղինակավորն ու բարձրակարգն էր ամբողջ ԱՄՆ-ում: Ուսուցման ամսական վարձը 3000 դոլար էր.

«Երբ Անդրեն եկավ մեզ մոտ, ես պատրաստ էի նույնիսկ անվճար մարզել նրան: Ակնհայտ տաղանդ էր: Գիտեի, որ միլիոնանոց տղա է դուրս գալու նրանից»:

Բոլետիելիի թենիսային դարբնոցում Անդրեին հիշեցին որպես մեծ տաղանդով, բայց ալարկոտ, հավակնոտ, դյուրագրգիռ, մեծ ապագայով, բայց թեթևամիտ մարզիկի. «Դժվար է հիմա պատկերացնել, որ 90-ականների շեկ, խիտ մազերով, էքսցենտրիկ Անդրե Աղասին այսօրվա ճաղատ, մեծ ու տխուր հայկական աչքերով տղամարդն է»:

Անդրե Աղասին աչքի չէր ընկնում ֆիզիկական տվյալներով: Ավելին, խաղի որևէ կոմպոնենտում չէր գերազանցում մրցակիցներին: Նրա հարվածը «մահացու» չէր, նա «էյսովիկ» էլ չէր: Մի անգամ՝ ԱՄՆ բաց մրցաշարի եզրափակիչում` Փիթեր Սամփրեսի հետ մրցախաղում, բաց էր թողել 40-ից ավելի էյս: Իր մատուցումներն էլ հազիվ էր մինչև վերջ խաղարկում: Առաջին երկու սեթը տանուլ էր տված: Խաղը փրկելու շանս չկար: Վերջում Անդրեն հավաքեց իրեն: Որոշիչ սեթում կարողացավ հավասարեցնել հաշիվը ու հաղթանակ կորզել: Այդ ամենը արեց դրամատիկ վարպետությամբ: Նման թատերական գեղեցիկ հաղթանակներ Անդրեն շատ է ունեցել: Ու նրա ֆենոմենը այդ էր. Անդրեն մրցակցին զիջում էր խաղային բոլոր առումներով ու դրանով հանդերձ՝ հաղթում էր:

1992-ի հունիսին Լոնդոնը Ուիմբլդոնով էր շնչում: 1992-ի ամռանը թենիսային աշխարհը Անդրե Աղասիի մասին էր խոսում: Մրցաշարի եզրափակիչում էին ԱՄՆ-ն ու Սերբիան: Centre Court-ում էին Անդրե Աղասին և Գորան Իվանովիչը:

6-7, 6-4, 6-4, 1-6, 6-4, ու Անդրեն ուրախությունից գետնին է: Ուշքի եկավ, Ուիմբլդոնի գավաթը պահեց գլխավերևում ու կորտից շտապ հեռացավ: Հորը պետք է զանգեր. «Չէի համբերում՝ երբ եմ հասնելու հյուրանոց: Հեռախոսը ձեռքիս դողում էր, սպասում էի հայրիկից լավ խոսքեր լսել. չէ՞ որ ես իրականում ատում եմ թենիսը, այդ հաղթանակը իմը չէր: Նա էր իմ հաջողությունների հեղինակը: Գիտե՞ք՝ ինչ պատասխանեց: Ասաց՝ իր գործը չէ, իզուր եմ անհանգստացնում: Այն ժամանակ չնկատեցի: Հիմա եմ հիշում՝ հուզմունքից շունչը կտրվում էր, ձայնը դողում էր, իսկ աչքերից հաստատ արցունքներ էին հոսում»:

Հետո հաղթանակների շարքն արդեն անհաշվելի էր: 1994-ին՝ US Open, 1995-ին՝ Australian Open, 1996- ին` Ատլանտայի օլիմպիական չեմպիոն: Անդրեն միակն է, որին հաջողվել է «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում հաղթել: 1997-ին Աղասին աշխարհի առաջին ռակետն էր:

miamitributeagassi2014

Կորտից դուրս նրա կյանքը տաբլոիդների առաջին էջում էր: 90-ականներին Ամերիկան շունչը պահած հետևում էր խուլիգանի համբավով սրտակեր Աղասիի ու փոփ աստվածուհի Բարբարա Սթրեյզանդի ռոմանտիկ հարաբերություններին:

Կնամոլ Աղասին Սթրեյզանդի կողքին երկար չմնաց:

1997-ին ամուսնացավ հոլիվուդյան դերասանուհի Բրուք Շիլդսի հետ: Ընտանեկան կյանքը պրոֆեսիոնալ կարիերայի վրա վատ ազդեց: Աղասիի հաղթանակները պակասեցին:

90-ականներին Անդրե Աղասին ամուսնացած էր ու մազածածկ գլխով: Դերասանուհու հետ ընտանեկան կյանքը երկար չձգվեց, իսկ մազերը, պարզվեց, կեղծ էին. «Ես քսան տարեկան էի: Ամեն օր արթնանում էի ու բարձիս վրա տեսնում թափված մազերս: Իմիջիս մի մասն էր: Ինքս ինձ հաճախ հարց էի տալիս` պատրա՞ստ եմ կեղծամ կրել: Այլընտրանք չունեի: 1990-ի Ռոլան Գարոսի եզրափակիչից առաջ աղոթում էի, բայց ոչ հաղթանակի համար, այլ որ իմ կեղծ մազերը խաղի ընթացքում մնան գլխիս: Սարսափով էի պատկերացնում՝ ինչպես է կորտում կեղծամս ընկնում, ինչպես են երկրպագուները ծիծաղում վրաս… Պատահական չէ, որ այդ ֆինալը տանուլ տվեցի»:

Տարիներ անց Անդրե Աղասին սափրեց գլուխը: Բոլորը մտածեցին՝ ահա թե ինչ, Աղասին նոր ոճ ունի, և ամենևին էլ վատը չէ. «Ինձ շատ են հարցնում` մազերիդ հետ ի՞նչ եղավ: Ես այդ հարցին երբեք պատասխան չեմ տվել: Երբ 5 տարեկան տղաս էլ նույն հարցը տվեց, ասացի` գիտե՞ս, երբ դու ծնվեցիր, ես ստիպված էի իմ մազերը քեզ տալ, չէ՞ որ դու չէիր ցանկանա դպրոց հաճախել ճաղատ գլխով»:

90-ականների վերջին մազերի հետ քչացել էին նաև հաղթանակները: 1999-ին ամուսնալուծվեց: French Open-ում և US Open-ում ազդեցիկ հաղթանակներով վերադարձավ մեծ կորտ: 2001-ին արդեն մազազուրկ Աղասին նորից ամուսնական մատանիով էր: Ընտրյալը իր աշխարհից էր` գերմանացի թենիսիստուհի Շտեֆանի Գրաֆն էր. «Ես ատում էի թենիսը: Բրուքը դա չէր հասկանում: Նրան դուր էին գալիս իմ սպորտը ու հայտնիությունը: Մի անգամ սառնարանի վրա Շտեֆի Գրաֆի նկարն էր ամրացրել: Բրուքը կոմպլեքսավորվում էր իր ոտքերի պատճառով: Կարծում էր` գեղեցիկ չեն: Շտեֆիի ոտքերից էր երազում ունենալ: Բայց ինչպես պարզվեց տարիներ անց, ոտքերը Շտեֆիի միակ արժանիքը չէին, նա էլ էր ինձ նման զզվում թենիսից»:

Այս անգամ Աղասին տան հիմքը ամուր գցեց, իսկ նոր հազարամյակում հաջողությունները ձգվեցին Լոնդոնից Ավստրալիա: Մինչև 2003-ը Աղասին ATP-ի լավագույնների թոփ տասնյակում էր:

36-ամյա Աղասին US Open-ը 2006-ին սկսեց Անդրեյ Պավելինի հետ մրցախաղով: Իրանի ցավից հազիվ էր ոտքի վրա կանգնում: Կրկնակի չափաբաժնով ցավազրկող ներարկումը օգուտ չէր տվել: 4 սեթ տևեց մրցախաղը: Անդրեն հաղթեց, բայց դրանից թեթևություն չզգաց: 2006-ին ռակետը պատյանը դնելու ժամանակն էր:

«Թենիսը կյանքի մանրապատկերն է: Միավորները դառնում են խաղեր, մրցախաղերը՝ մրցաշարեր, այդ ամենը հանգուցված է իրար այնպես, որ յուրաքանչյուր միավոր կարող է ճակատագրական լինել: Կյանքում վայրկյանները դառնում են րոպեներ, րոպեները` ժամեր, ու կյանքի ամեն ժամը կարող է ամենահիասքանչը կամ ամենամռայլը լինել: Դա արդեն մեր ընտրությունն է»:

Անդրե Աղասին պրոֆեսիոնալ կարիերայի 20 տարիների ընթացքում հաղթել է 60 մրցաշար, ընդ որում` 8 «Մեծ սաղավարտ», 17 «Մասթերս», ATP աշխարհի առաջնություն, դարձել է օլիմպիական չեմպիոն: «Ինձ միշտ հետաքրքրել է` ինչ-որ մեկը իսկապես կկարոտի՞ ինձ, թե՞ բոլորն ուղղակի ձևացնում են»:

Որպես «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերի հաղթող՝ Անդրե Աղասին պատմության մեջ առաջինն էր, որին շնորհեցին Ոսկե սաղավարտ: Նա առաջինն էր նաև, որ մրցաշրջանի ընթացքում հաղթել է և՛ հողե, և՛ գրունտե, և՛ հարդ կորտերում:

«Ամեն օր հայրս ինձ ստիպում էր հավատալ, որ ես պետք է ամեն գնով ամենալավը դառնամ: Հիմա ես հասկանում եմ, թե ինչու էր նա այդպես անում: Կարծում եմ` հորս կյանքը իսկական հայկական պայքարի պատմություն է: Չեմ կարող այն պարզապես կենսագրություն համարել: Նա իր 4 երեխաներին դաստիարակել է` առանց գրպանում մի սենթ ունենալու: Ունեցածը մի մեքենա էր ու մի շուն: Եվ նա սիրում էր թենիսը: Սիրում էր այնքան շատ, որ մի օր նստեց մեքենան, շանը դրեց կողքը ու որոշեց ընդմիշտ հեռանալ Չիկագոյից: Գնաց Լաս Վեգաս, որտեղ հնարավոր էր թենիս խաղալ տարին 365 օր»:

Անդրե Աղասին 2011-ին դասվեց Թենիսային փառքի միջազգային սրահի չեմպիոնների շարքին: 2012-ին դարձավ Ամերիկայի բաց մրցաշարի պատվավոր անդամ: Աղասիի պատվո տախտակին նրա հայկական պատմության մասին գրվեց` BOLD, BRASH, BIGGER!

Գրել կարծիք